«Լավ է լինել հետևորդ, քան առաջնորդ»՝ Համագործակցային նախագիծ

Աշխատակարգը ըստ ջոկատների՝

  • Գոհար Իսկանդարյանի ջոկատի հետ

Հունվարի 10, ժ.՝ 11:00-12:00՝ առաջին հանդիպում, քննարկման նախագծի ներկայացում, աշխատանքի։

Մասնակիցները՝ Գոհար Իսկանդարյանի ջոկատի սովորողներ

Վարողներ՝ Տաթև Գրիգորյան և Դավիթ Մուրադյան

Image preview

Այսօր մենք քննարկեցինք, թե ինչ են իրենից ներկայացնում բանավեճերն ու քննարկումները։ Ընդհանուր առմամբ, ես դրա մասին տեղեկացված էի, սակայն քննարկումից հետո, ըստ խոսքի, իմացա ավելի շատ։ Բոլորս էլ ինչ-որ չափով ակտիվ էինք։ Իրականում, թեման շատ ծավալուն էր ու հետագայում քննարկումների ժամանակ մենք դրան անդրադառնալու ենք, ուստի մենք փորձեցինք հակիրճ ներկայացնել մեր տեսակետերը և կարծիքները թեմայի հանդեպ։ Մեր դասի երկրորդ մասն անցավ ավելի հետաքրքիր, քանի որ մենք սկսեցին միջջոկատային համագործակցական նախագիծը՝ «Լավ է լինել հետևորդ, քան առաջնորդ»։ Սա բուռն քննարկման առարկա հանդիսացավ և մեր վաղվա ու մյուս շաբաթվա հանդիպումների ժամանակ ևս կդառնա կարևորագույն բաղադրիչ։ Քննարկման ժամանակ, որը հետո ինքնըստինքյան վերածվեց բանավեճի, մենք հակասող կարծիքներ լսեցինք, ոմանք արտահայտեցին ոչ հստակ, ոմանք էլ՝ հստակեցված կարծիքներ։ Ցանկանում եմ հակիրճ ներկայացնել երկու բևեռների վերաբերյալ իմ դիրքորոշումը։

Առաջնորդ՝

Exemple de leader : 5 styles de compétences de leadership

Ինչու՞ են առաջնորդները ամենից շատ ենթարկվում քննադատությունների, չգիտեմ, սակայն որ առաջնորդի դերը իրոք կարևոր է, դա անվիճելի փաստ է։ Առաջնորդը, եթե դիտարկենք որպես անհատ, ինքը մի քանի կարծիքների, մի քանի սկզբունքների ու տարատեսակ դիրքորոշումների համախմբող մարմինն է։ Այսինքն, ինչքան էլ, որ հետևորդները ունենան բացառիկ ու հակասող կարծիքներ, միևնույնն է ինչ-որ չափով համամիտ են լինելու իրենց առաջնորդի հետ, թեկուզ միայն և այն պատճառով, որ նա իրենց առաջնորդն է, ու իրենք են ընտրել նրան։ Սա է առաջնորդի դերը։ Նա համախմբողն է, միավորողն է, տարբեր կարծիքներից փոքր-փոքր ինֆորմացիա քաղելով ու ձուլելով մյուս կարծիքների հետ, նա ամբողջացնում է պատկերը, ամբողջացնում է իր կարծիքը, և սրանից է բխում նրա կարևորագույն հատկանիշներից մեկը՝ համաձայնությունը յուրաքանչյուրի հետ։ Եթե խոսքը գնում է փոքր խմբի մասին, ապա պետք է փաստել, որ առաջնորդը ընդհանուր ու անխափան կապ ունի իր ժողովրդի, իր հետևորդների հետ, թեկուզ միայն այն պատճառով, որ նրանք թվաքանակով քիչ են։ Առաջնորդը պետք է ունենա նվազագույն էթիկայի կանոնները, այսինքն պիտի հարգանք ունենա նախ և առաջ իր, հետո արդեն դիմացինի նկատմամբ։ Առաջնորդի դերը ամենակարևորն է, քանի որ ինչպես տանի նա, որ ճանապարհով էլ նա տանի, նրա ժողովուրդը գալու է հենց այդ ճանապարհով, ուստի առաջնորդը պետք է լինի ինտելիգենտ ու խելացի, քանի որ պիտի հասկանա, որ միայն իրենով չի սահմանափակվում, մեջքի հետևում դեռ բազում մարդիկ կան կանգնած։ Նա պետք է հաշվի առնի, որ իր յուրաքանչյուր քայլը, լինի դա դրական ազդեցությամբ, թե՝ բացասական, բխում է ոչ միայն իր շահերից, այլև նրանց, ովքեր հետևում են։ Առաջնորդը պետք է լինի զուսպ՝ պատրաստ լինելու լսելու ու սատարելու մասնակիցներից յուրաքանչյուրին, եթե վերջինիս կարծիքը արժեք ունի։ Առաջնորդը չպետք է լինի ագահ, աչքածակ, քանզի նա իր ինքնավստահությամբ, պարզապես կկործանի իր խումբը։ Ի դեպ սա իրոք տարածված երևույթ է, երբ առաջնորդը փոքրից դառնում է գլուխ և այդպես շարունակ հավաքելով ժողովուրդ իր հետևում, դառնում է ավելի ագահ, դառնում է եզրույթ՝ «ես եմ ու վերջ»։ Հենց այս հատկանիշից առաջին հերթին պիտի հրաժարվի առաջնորդը։ Առաջնորդը չպետք է լինի ինքնուրույն իր որոշ որոշումներում, քանի որ ոչ բոլոր դեպքերում են այդ որոշումները ճիշտ ու նպաստավոր, ուստի նա պետք է լսի իր խմբին, հետևորդներին, չէ՞ որ նրանցից մեկը կարող է շատ արժեքավոր խորհուրդ տալ։ Եվ իհարկե լինի ուժեղ, վստահ իր բոլոր նպաստավոր քայլերում և իհարկե ընկերասեր ու ամենակարևորը՝ մարդասեր։

Հետևորդ՝

Become a Partner – Reveal F2F.AI

Հետևորդն էլ ոչ պակաս դեր ունի խմբում։ Հետևորդն ու առաջնորդը միմյանց հետ փոխկապացկված են։ Եթե չլինի մեկը, չի լինի մյուսը, և հակառակը։ Այսինքն հետևորդը առաջնորդի մի մասնիկն է, ու այդպես շատ մասնիկների հետ նա կազմում է առաջնորդի կերպարը՝ տեսքը։ Հետևորդը նույնպես պետք է լինի արդյունավետ, այն առումով, որ լինի խելացի իր բոլոր քայլերում, որից կբխի առանջորդի վերջնական որոշումը։ Ես առաջնորդի կերպարը բնութագրելիս նշեցի, որ առաջնորդը չպետք է լինի ինքնուրույն իր որոշ քայլերում, այլ պետք է ուշադրություն դարձնի ու արձանագրի իր ժողովրդի կարծիքը նույնպես։ Սակայն հետևորդը, նույն ինքը ազատ քաղաքացին, պետք է լինի ինքնուրույն, որպեսզի կարողանա նախաձեռնել ու հայտնել սեփական, հստակեցված կարծիքը, որը ինչպես նշեցի, ձուլվելով մյուս մասնիկ անդամների հետ, ձևավորելու է հետագայում առաջնորդի ընդհանրացված կարծիքը։ Ուստի հետևորդը պետք է լինի ազատ, հստակ իր որոշումներում։ Հետևորդը նույնպես պետք է լինի էթիկայի կանոններին ենթարկվող անձ, չէ՞ որ դրանից է բխում ազատ քաղաքացու, խմբի և վերջում էլ առաջնորդի հեղինակությունը։ Հետևորդի դերը, սակայն որպես այդպիսին մի քիչ երկրորդական կարելի է համարել, միայն այն պատճառով, որ հետևորդը կարևոր միջոցառումներին չի մասնակցում, ինչպես առաջնորդը, սակայն պետք է արձանագրել, որ այսօրվա հետևորդը, վաղվա առաջնորդն է։

Հաջորդ քննարկման համար, նախապատրաստել եմ այս հարցերը․

  • Ավելի լավ է լինել հետևորդ, թե առաջնո՞րդ։
  • Արդյոք հետևորդը կարող է ստիպել առաջնորդին փոխել որոշումը, կարծիքը։
  • Երբևէ զգացե՞լ եք Ձեզ առաջնորդի դերում, երբ Ձեր ամեն քայլ պայմանավորված էր ամբողջ խմբի շահով, ոչ թե միայն անձնական։
  • Ինչպե՞ս դառնալ առաջնորդ և ինչպե՞ վաստակել վստահություն ու հեղինակություն հետևորդների մեջ։
  • Արդյո՞ք լավ է լինել առաջնորդ, ինչու՞ են առաջնորդները ամենաշատը ենթարկվում քննադատությունների։

Թողնել մեկնաբանություն