Այսօր՝ հունվարի 16-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում տարատարիք սովորողների, դասավանդողների հետ, որի թեման էր «Լավ է լինել հետևո՞րդ, թե առաջնորդ»։ Մենք՝ ջոկատով և ընկեր Սոֆյայի հետ շատ ծավալուն մի թեմա էինք ընտրել քննարկման համար, ուստի այսօրվա մեր քննարկումը հաջողվեց։

Հանդիպմանը մասնակցում էին Նունե Մովսիսյանը, Անժելա Մովսիսյանը՝ իր ջոկատով, Սոֆյա Այվազյանը՝ որպես համագործակցային կողմ, Գոհար Իսկանդարյանի ջոկատը՝ նախաձեռնող ջոկատը և այլ ցանկացող անձինք։ Հանդիպումը շատ հագեցած էր, մթնոլորտը՝ ազատ։ Բոլորին էլ հերթ էր տրվում, նույնիսկ սկզբում մենք՝ վարողներս, մի քիչ լարվեցինք, քանի որ շատերը պասիվ էին, սակայն ինչ-որ «պայթյունից» հետո սկսվեց բուռն քննարկումը։ Մենք խոսեցինք քննարկման նպատակի մասին, մասնակիցների մասին, խոսեցինք ու քննարկեցինք, թե ինչո՞վ է բանավեճը տարբերվում քննարկումից։ Որոշները սուր արտահայտություններ արեցին, որոնց հիման վրա ստեղծվեցին նոր քննարկման ճյուղեր։

Ինչքան էլ, որ սովորողները տարբեր էին՝ կախված տարիքից, հանդիպումը ինքն իրենով շատ ազատ էր։ Ամենակարևոր կետերից, որի վրա անվիճելի կերպով ուշադրություն էինք դարձրել, դա էթիկայի կանոնների մասն էր։ Ճիշտ համարեցինք այն ներկայացնել, քանի որ լսարանը մեծ էր, իսկ աղմուկ բարձրացնելու ցանկությունը՝ փոքր։ Ուսուցիչներին ու ջոկատի սովորողներին ներկայացվել էր քննարկման բուն թեման և նույնիսկ հատկացվել էր ժամանակ դրան պատրաստվելու, սակայն քննարկման առաջին հատվածում, (որը պայմանականորեն կոչենք առաջին 15 րոպեն) անցավ պասիվ։ Հրայր Խաչատրյանը՝ իր ջոկատի նախագծի պատճառով, ցավոք մասնակից չդարձավ հանդիպմանը, սակայն այնուամենայնիվ հետաքրքիր, զվարճալի ու տարակարծիք մի հանդիպում-քննարկում ստացվեց։

Վարողները փորձում էին ամեն կերպ պահել բալանսը՝ հակասող ու համաձայնող մտքերի։ Պետք է արձանագրեմ, որ 10-րդ դասարանցիները շատ ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և նրանց կարծիքները մեզ իրոք որ մտածելու տեղիք տվեցին։ Բայց 9-րդ դասարանցիները, դասավանդողները նույնպես ակտիվ էին։ Սկզբում, երբ դեռ նոր էր սկսվել հանդիպումը, մեր մեջ վախ կար, որ չի ստացվի ու չի հաջողվի իրականացնել նախագծի ամփոփում, սակայն րոպեներ անց, երբ սովորողների մեջ տեսանք այդ եռանդը բանավիճելու, հասկացանք, որ մեր մտքերը անիմաստ էին այդ պահին։ Հնչեցին մի կողմից իրար հակասող, սակայն մյուս կողմից՝ իրար հավելացնող մտքեր։ Մենք նախապատրաստել էինք հատուկ պրեզենտացիա, որում գրված էր բուն թեմայի ճյուղերը՝ նրանց բովանդակություններով։ Պատրաստվել էր հատուկ, որպեսզի սովորողները կարողանային կարդալ, հասկանալ և հետո սկսել քննարկել։

Առաջին հարցը, որը մենք հնչեցրեցինք հետևյալն էր․ «Առաջնորդը պետք է առաջնորդվի իր ժողովրդի (մեր դեպքում խմբի) մասնակիցների կարծիքների հիման վրա, սակայն հետևորդը, ընդհակառակը, պետք է առաջնորդվի միմիայն սեփական դիրքորոշմամբ»։ Իհարկե, սկզբի համար շատ անժամ հարց էր, սակայն բուռն քննարկում ստացվեց դրանից։ Ոմանք կողմ էին, ոմանք՝ դեմ, ոմանք էլ՝ չեզոք։ Հատուկ ուշադրության պետք է հրավիրեմ «չեզոք» խմբի վրա, քանի որ այն լսարանում առկա էր, սակայն նրա «փակագծերը» բացեց Ավագ դպրոցի հայոց լեզվի ու գրականության դասավանդող Նունե Մովսիսյանը, ով մեզ ավելի հասկանալի, ըմբռնելի կերպով բացատրեց, թե ինչու նա չի ընտրում ոչ առաջնորդի, ոչ էլ հետևորդի դերը։ Մեզ հետաքրքիր ու բովանդակ պատմություններ պատմեցին իրենց կյանքից Թովմասյան Լուիզան՝ 9-4-ից, 10-երից՝ Էլիզան և 9-5-ից Ալեքսը Վահանյան, մեր ջոկատից նույնպես շատ սովորողներ և այլոք։ Իրոք, շատ իմաստուն մտքեր արտահայտեցին, իրենց դիրքորոշումը հայտնեցին։ Նույնիսկ պատմական ակնարկներ հնչեցին ուսուցիչների կողմից։

Մենք ցանկանում էինք վերածել այն բանավեճի, սակայն հասկացանք, որ և՛ թեման, և՛ լսարանը չեն համապատասխանում ինչ-որ մասշտաբային բանավեճ անցկացնելու համար, նաև ժամանակն էր մեզ մոտ քիչ։ Ընկեր Գոհարը՝ մեր ջոկատավարը, իր կյանքից մի դեպք պատմեց, որի շուրջ նույնպես քննարկում ծավալվեց լսարանի վերջին հատվածում։

Մի խոսքով՝ շատ բազմակողմանի, տարակարծիք հանդիպում ստացվեց (նկարներից դա նույնպես երևում է), և այն հարցին, թե արդյոք սովորողների մոտ փոխվեց իրենց տեսակետը թեմայի վերաբերյալ, ոմանք պատասխանեցին, որ այո, քանի որ քննարկումը նրանց ավելի շատ գիտելիքներով հարստացրեց։ Իսկ մենք՝ հաղորդվարներս՝ Դավիթը և Տաթևը, ձեռք բերեցինք խիզախություն լսարանի առջև ելույթ ունենալու, քննարկում-բանավեճ անցկացնելու ունակություն, սկսեցինք կամաց-կամաց, չնչին, սակայն վստահ քայլերով, փոքր հաղթանակներով, դառնալ իսկական առաջնորդ՝ թեկուզ և փոքր շրջապատում։ Շնորհակալություն ուշադրության համար․․․