Այժմ, երբ ամեն ինչ գիտեք, սիրելի Աշխեն, կասեմ՝ ինչու եկա և ուր եմ գնում։ Երկու սիրելիներ կանգնած են իմ առջև․ մեկը՝ վտանգի մեջ գտնվող իր բզկտված հայրենիքը, մյուսը՝ վտանգի մեջ գտնվող սիրելի կինը՝ դու։ Երկուսն էլ թանկ, երկուսն էլ՝ սիրելի։ Երկուստեք կանչում են ինձ, և ես երկմտում եմ դեպի որը գնալ, որովհետև երկուսի համար էլ ուխտել եմ անձնազոհություն։ Ահա իմ սրտագին իղձերը, իմ ամենաջերմ փափագները բացում եմ քո առջև, սիրելիս, դու ցույց տուր ճանապարհը, թե դեպի որը գնամ։
Աշխենը համակ ուշադրությամբ ունկնդրում էր սիրած երիտասարդի խոստովանությունը՝ հիացմունքով լի հայացքը սևեռած նրա գունատ դեմքին։ Լսելով վերջին խոսքերը՝ Աշխենի՝ կրակի պես բոցկլտուն աչքերն արցունքներով թրջվեցին։
— Դեպի հայրենիքի փրկության գործը, — առանց հապաղելու պատասխանեց օրիորդը՝ ոգևորված ձայնով։ Դու ինձ արժանի չես լինի Սամվել, եթե արյունդ չխառնես այն անբավ հեղեղների հետ, որ պիտի հեղվեն մեր աշխարհի ազատության համար։ Օրիորդը դարձավ ավելի վճռական։
— Ես ևս արժանի չեմ լինի քեզ Սամվել, եթե չպայքարեմ հանուն արդար վրեժխնդրության։
— Աշխարհի բոլոր երանությունները միասին չէին կարող ինձ այնպես ցնծության պատճառել, ինչպես քո վերաբերմունքը, սիրելի Աշխեն։ Խոսքերդ սիրտս լցնում են սրբազան հպարտությամբ, և ուրախությամբ համոզվում եմ մեկ անգամ ևս, որ վայելում եմ հայոց քաջազնուհիներից ամենաընտրյալի սերը։
Ըստ ՐԱՖՖՈՒ