Հանճարեղ հայ ճարտարապետ Տրդատը՝ Անիի բազում տաճարների, եկեղեցիների ու ապարանքների հեղինակը Բյուզանդիայում էր։ Այդ անսովոր աշխարհը ճարտարապետին գրավում էր իր եռուն կյանքով, ժողովրդի վարք ու բարքով, յուրօրինակ առօրյայով։ Բայց ուր էլ լիներ՝ քայլերն ակամա տանում էին մայրաքաղաքի կենտրոնը, ուր երկար կանգ էր առնում՝ կայսերական բարձրաշեն ապարանքի առջև, մանրազնին ուսումնասիրում սուրբ Աստվածածնի, սուրբ Առաքելոց տաճարները, գողտրիկ մատուռները, եկեղեցիները, որոնք խեղդվում էին ոսկու և արծաթի, երփներանգ խճաքարերի ու թանկարժեք ակնեղենի բեհեզի ու կերպասի մեջ։ Իսկ դրսում՝ դրանց գավիթներում, շատրվաններ էին երկինք կարկառում, և պղնձապատ տանիքներն էին ոսկևորվում արևի դեղձան ճառագայթներից։ Բայց կար մի կառույց, որ դուրս չէր գալիս Տրդատի գլխից, և օրվա մեջ ժամերով կանգնում, զննում էր՝ ապշելով մարդկային մտքի ճախրանքի թափով։ Դա Բյուզանդիայի փառքն էր՝ սուրբ Սոֆյայի տաճարը՝ կառուցված հինգ հարյուր երեսուներկու-հինգ հարյուր երեսունյոթ թվականներին։ Տրդատը դիտում էր որմ առ որմ, մուտք առ մուտք, ի վերջո հայացքը ցավով ուղղելով այն պարապությանը, ուր մի ժամանակ գմբեթն էր եղել։ Այն փլվել էր անակնկալ տարերային աղետից՝ ինը հարյուր ութսունվեց թվականի ահասարսուռ երկրաշարժից։ Չորս տարի էր անցել և ոչ մի մասնագետ չէր համարձակվում ձեռնամուխ լինել գմբեթի վերականգնման դժվարին գործին։ Եվ դա հանձնարարվեց հայ ճարտարապետին, որի հռչակը թնդում էր ողջ Բյուզանդիայում։
— Լսել եմ կառուցածներիդ մասին, Տրդատ ճարտարապետ, — ասաց կայսրը։ Չեմ տարակուսում, որ այստեղ՝ աշխարհի մայրաքաղաքում, նույնպես կփայլի շնորհքդ աստվածատուր, ու կվերաշինես սուրբ տաճարիս գմբեթը՝ հաճույք պատճառելով բարձրյալին։
Իսկույն ևեթ գործի անցավ Տրդատը և օրնիբուն տքնելով, նրբին հաշվարկներ կատարելով՝ մի օր ավարտին հասցրեց գործը՝ վերականգնելով կորնթարդ գմբեթը՝ նախկինից շատ ավելի վեհ ու սիգապանծ։ Եվ որպես հիշատակ իր տքնանքի՝ գմբեթի վրա, ուր քարե գոտին էր, հատ-հատ փորագրեց․ Տ Ր Դ Ա Տ
Ըստ Գ․ ԴԵՎՐԻԿՅԱՆԻ