«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն տարի, ուսումնական օրացույցով հաստատված, անցկացվում են «Սիրադեղյանական օրեր»՝ նվիրված հասարակական-քաղաքական գործիչ, գրող, քաղաքացի Վանո Սիրադեղյանին։
«Սիրադեղյանական/Սեբաստացիական օրեր»-ի ընթացքում Վանո Սիրադեղյանի հոդվածների կատարված վերլուծություններ։
- «Ազգային-ազատագրական պայքարը մնաց 20-րդ դարում» Վանո Սիրադեղյան
- «Գնաց՝ չհասկացվելու պատրաստ» Վանո Սիրադեղյան
- «Քանի դեռ Հայաստանը դիմանում է» Վանո Սիրադեղյան
- «Խաչակրաց բանակին սպասելիս» Վանո Սիրադեղյան
- «Կռվից դուրս գալ փոքր կորուստներով» Վանո Սիրադեղյան
Մտքերի վերլուծություն
4․ Երբ ուրանում են գլխավորը, մանր բաները շատանում են:
Վերլուծություն։ «Երբ ուրանում են գլխավորը, մանր բաները շատանում են» արտահայտությունը կարելի է հասկանալ իրարից տարբեր, սակայն փոխկապակցված համատեքստերում։ Ամենավառ օրինակն է ընտանիքը՝ անձնական հարաբերությունները։ Երբ երկու կողմերը, կոպիտ ասած, անտեսում կամ պարզապես չեն ցանկանում լուծել կամ գոնե քննարկել իրենց հիմնական/գլխավոր խնդիրները, դրանք հանգեցնում են ավելի մանր ու մանր խնդիրների (ֆինանսական, հարաբերական, աշխատանքային), որոնք էլ իրենց հերթին հետագայում կուտակվում են և դառնում շուտափույթ լուծում պահանջող խնդիրներ, ավելորդ խանգարում կամ ժամանակի վատնում։ Բայց իմանալով արձակագրի հետևյալ խոսքի իրական նպատակը, այն կարելի է վերլուծել պետության համատեքստում։ Այսինքն՝ երբ պետությունը չի լուծում հիմնական խնդիրները, լինեն դրանք առողջապահական, անվտանգային, պաշտպանական, ներքին, թե արտաքին, դրանք հետզհետե կուտակվում են, հարցերը շատանում են, լուծման տարբերակները՝ քչանում։ Պետության առաջնային խնդիրները չլուծելու դեպքում դրանք հանգեցնում են իրենց փոխկապակցված (ճյուղային) սկզբից մանր թվացող, սակայն հետագայում հիմնական խնդիր դարձող հարցերի։ Ամփոփելով, արտահայտությունը ընդգծում է իրավիճակի կամ խնդրի ամենակարևոր ասպեկտներին անդրադառնալու կարևորությունը՝ կանխելու ավելի փոքր, երկրորդական խնդիրների տարածումը, որոնք կարող են դառնալ ճնշող, եթե աննկատ մնան:
6․ Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես և վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։
Վերլուծություն։ Արտահայտությունը բաղկացած է մի շարք պնդումներից, որոնք արտացոլում են որոշակի տեսակետ կամ համոզմունք: Յուրաքանչյուր պնդում պարզ է, բայց դրանք կարող են ուղղակիորեն կապված չլինել միմյանց հետ: Ուստի՝ իրական պատկերը ավելի ճշգրիտ ստանալու համար, առաջարկում եմ կետ առ կետ վերլուծենք յուրաքանչյուր պնդումը։
«Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը»։
Իհարկե, հայրենիքը անշուշտ պետք է մեծ լինի մի շարք պատճառներով։ Սակայն արդյո՞ք մենք, իրականում, հասկանում ենք, թե ինչ է նշանակում հայրենիք։ Շատերը շփոթում են հայրենիքն ու պետությունը։ Եթե հեշտորեն փորձենք բացատրել տարբերությունը, ապա պետությունը իրավական հասկացություն է, հայրենիքը՝ պատմական։ Այսինքն՝ հայրենիքի մեծ լինելը, կարծում եմ, այնքան էլ պայմանավորված չէ նրա տարածքով, ավելի շատ պայմանավորված է՝ ազգային սահմաններով։ Մեր հայրենիքը Հայաստանն է, թե՛ հոգևոր, թե՛ իրավական առումներով, սակայն ավելի ճիշտ կլիներ օգտագործել պետություն կամ այլ իրավական հասկացություն, քանի որ աշխարհում գրեթե հայրենիք չկա ինչ-որ ազգի համար, որի ամբողջ տարածքը ընդգրկում է նրա արդի պետությունը։ Հայրենիքի մեծ լինելը պայմանավորված է նաև ազդեցության գոտիներով, քանի որ ինչքան մեծ է հայրենիքի տարածքը, այնքան մեծ է այնտեղ ապրող էթնիկ խմբի թողած ժառանգությունը՝ մշակույթն ու պատմությունը։ Ուստի՝ հայրենիքի միանշանակ մեծն է լավը, քանի որ այդպես քեզ ու քո պետությունը ավելի ճշգրիտ ու ավելի իրական են հասկանում՝ հաշվի առնելով անցած ճանապարհը։
«Ինչպես վարունգը՝ կանաչ»։
Գիտեք, բոլոր պնդումները, կարծես, ցույց են տալիս ծագման սկիզբը։ Այսինքն՝ նույն հենց վարունգը․ այն սկզբից աճում է կանաչ, սակայն բոլորս էլ գիտենք, որ կան բազում տեսակներ և գույներ՝ կախված տարածաշրջանից, որտեղ աճում են, կախված՝ նյութերից, որոնցով մշակվում են։ Սակայն այդտեղից վարունգի իմաստն ու ծագումը չի փոխվում։ Այն բոլոր տեղերում նույն կերպ է աճում, բոլորի կողմից նույն կերպ է ընկալվում՝ որպես նյութական օգուտ․ դա միայն հետո է փոխվում։ Կարող ենք հասկանալ, որ կան որոշակի «ստանդարտներ», որոնցով այս կամ այն ինչը ծնվում է։ Ծնվելուց հետո միայն այն կարող է վերաիմաստավորվել, վերափոխվել, վերամշակվել։ Վարունգի և մնացածի մասին պնդումները ցույց կտան հայրենիքի հետ նրանց առնչությունը։
«Աղջկա՝ կույսը, կրծքի՝ երկու հատը»։
Հետևյալ պնդումները կարելի է միավորել։ Աղջիկն էլ, երբ ծնվում է, սկզբից կույս է։ Նույնն էլ կուրծքը, նրանք ևս երկու հատ են, դա միայն կարելի է փոխել ծնվելուց կամ հայտնվելուց հետո։
«Ազգի՝ համաշխարհայինը».
Ինչպես արդեն հիշատակեցի հայրենիքի մասին պնդման ժամանակ, ազգի համաշխարհային լինելը մեծ ազդեցություն է ունենում ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ այդ ազգի պատմական հայրենիքում ներկայում ապրող պետությունների և ժողովուրդների վրա։ Ազգի համաշխարհային լինելը նաև մեծ ճանաչում է իրենից ենթադրում։
Մտքի ամբողջական վերլուծություն։ Գիտեք, իսկապես էական չէր, թե ինչպիսի պնդումներ էին բերված վերոնշյալում։ Դրանք կարող են լինել վարունգներ, կենդանիներ, նյութական և հոգևոր արժեքներ, սակայն նրանք միևնույնն է, ունեն որոշակի «ստանդարտ»։ Օրինակներ կարող էին շատ բերվել, սակայն պնդումները մեզ թույլ տվեցին հասկանալ խորապես, թե ինչ է հայրենիքը։ Այո, բոլոր պնդումները կամա, թե ակամա կարելի է կապել պետության հետ, և ճանաչելով հեղինակին, կարելի է որոշակի վստահությամբ ասել, որ խոսքը հենց հայրենիք-պետության հարաբերակցության մասին էր։ Հայրենիքի համատեքստում, այն ևս ունի ստանդարտ։ Այն ստեղծվում է դարերի ընթացքում այդտեղ հազարամյակներով բնակվող էթնիկ խմբի շնորհիվ։ Դա միայն հետո կարող է փոխվել կամ ձևափոխվել, երբ նրան կցեն կամ այդտեղ հայտնվեն ուրիշ էթնիկ խմբեր։ Բայց խոսքը հիմա նախնադարյան կամ միջնադարյան պատմության մասին չէ, այլ՝ այսօրվա։ Հայրենիքը, ինչպես արդեն նշեցի, ոչ բոլորն են հասկանում ճիշտ։ Հայրենիքը, ըստ էության, պատմական, ժառանգական կամ ավելի ճիշտ՝ հոգևոր հասկացություն է։ Հայրենիքը պետության հետ կապելը այնքան էլ չարժի, քանի որ (թեկուզ և մեր պետության օրինակով) արդի պետությունը լիովին չի ընդգրկում հայրենիքի պատմական տարածքները։ Այս օրինակները մեզ թույլ տվեցին հասկանալ, թե մարդկանց և հասարակության կարծիքների հիման վրա ինչպես արագ կարող է փոխվել այս կամ այն իրի կամ հասկացության հանդեպ վերաբերմունքը։ Օրինակ՝ հարյուրամյակներ կամ հազարամյակներ առաջ հայրենիքը մեզ համար, իրականում և գործնականում, կարևոր էր, այսինքն՝ մարդիկ իրապես հասկանում էին հայրենիքի արժեքը․ այն ձևափոխված չէր, այն մի քիչ չափազանցված էր, գրեթե՝ պաշտամունք։ Բայց մեր դարում, կարծես, մարդ չի մնացել, որ բացի քննադատելուց և ճոխ-ճոխ խոսելուց, կարողանա ստույգ բնութագրել հայրենիքը կամ պարզապես բացատրել, թե այն ինչ է իրենից ներկայացնում։ Մենք փոխվել ենք, և մեր ընկալումները նյութական և հոգևոր արժեքների հանդեպ ևս փոխվել են։ Կամ եթե նույնիսկ կան գնահատող ու արժեքները ըմբռնող մարդիկ, ապա սակավ թիվ են նրանք կազմում։ Եթե ուղիղ դատենք, մենք կարող ենք մուգ կանաչ գույն ունեցող վարունգից ստանալ բաց կանաչ, բայց ինչու՞ չենք կարող հայրենիքը դարձնել պետություն։ Հասարակության ազդեցության և դարի զարգացման պատճառով մենք, ցավոք, կորցրել ենք այն ճիգն ու մոտիվացիան, որով և պահում էինք հայրենիքը։ Վանո Սիրադեղյանը, վստահաբար, անիմաստ չէր գրի այս տողերը։ Նա պետական և քաղաքական գործիչ էր, ով կարողանում էր մարգարեաբար կանխորոշել, թե ինչ է սպասելու ժողովրդին և պետությանը ապագայում։ Այդպես էլ եղավ, մարդիկ փոխվեցին, և այս մի քանի տասնամյակ առաջ գրված միտքը այսօր էլ արդիական է մնում, քանի որ ցույց է տալիս մեր ընկալումների փոփոխված վերաբերմունքը անվիճելի արժեքների հանդեպ։ Իսկ անվիճելի արժեքներն են պետությունը, հայրենիքը, Աստված, ընտանիքը և ուրիշ հոգևոր արժեքներ։ Սակայն ուսումնասիրելով այսօրվա իրականությունը՝ հասկանում ես, որ անվիճելի արժեքները, նույն ինքը հայրենիքն ու պետությունը, ոմանց համար դարձել են պարզապես առօրյա քննադատական խոսակցություն, այլ ոչ թե՝ նրանցով ապրելու և կյանքը վերաիմաստավորելու, ինչպես նաև նրանց համար պայքարելու և ինչ-որ տեղ նաև արյուն թափելու մոտիվացիա և պատրաստակամություն։