Ամենասկզբում անդրադառնանք նրա ստեղծագործություններին։ Գրականության դասընթացի շրջանակներում ընթերցել ենք գրողի երեք նշանավոր պատվածքները՝ «Միրհավը», «Ալպիական մանուշակը», «Խոնարհ աղջիկը»։ Առաջին երկու ստեղծագործությունների մասին վերլուծությունը կարող եք ընթերցել ստորև՝ աշխատարանի տեսքով.

Ակսել Բակունց — աշխատարան. «Միրհավ», «Ալպիական մանուշակ»

Առաջին պատմվածքը ոչ ստանդարտ կերպով վերլուծել եմ նաև առանձին հրապարակման մեջ։

Ինչ վերաբերում է «Խոնարհ աղջկան», ապա դրա մասին կարծիքս կփորձեմ հակիրճ ներկայացնել այստեղ։

Պատմվածքը, ինչպես և Բակունցի մյուս պատմվածքները, սկսվում է շատ պրիմիտիվ, թվում է, թե գրողը չի փորձել որևէ ջանք ներդնել այն կատարելագործելու համար, սակայն այդ թյուր կարծիքը չքանում է, երբ ընթերցողը սկսում է ծանոթանալ գլխավոր հերոսների, բնության, գործողությունների ընթացքի, և ի վերջո՝ ավարտի հետ։ Ինչպես ես արդեն նշել եմ վերոնշյալ վերլուծության մեջ՝ Բակունց ընթերցելը դժվար է, քանի որ սկզբից այն թվում է ձանձրալի, իրար հաջորդում են անվերջ երկար թվացող նկարագրությունները, բնութագրերը, նախադասությունները, երկխոսությունները։ Իսկապես, այդպիսի տպավորություն է ստեղծվում, սակայն վերջում մարդ նույնիսկ չի էլ հիշում, թե ինչ է կարդացել, կամ էլ բացարձակ չի հասկանում, թե ինչ պետք է հասկանա կամ վերլուծի այդտեղից։ Եվ հենց սրանում է հանճարեղությունը, որ մարդ պիտի վերստին ընթերցի, վերլուծի, կշռադատի, և նոր հանգի ինչ-որ եզրակացության, որը ոչ միշտ է, ի դեպ, միանշանակ։

«Խոնարհ աղջիկը» պատմում է մի աղջկա մասին, ում անունը Խոնարհ է և գլխավոր հերոսի՝ աղջկա հանդեպ սիրահետումների մասին։ Պատմում է, որ գլխավոր հերոսը դառնում է Ձորագյուղի դպրոցի ուսուցիչ և արագորեն ընկերանում է աշակերտների հետ. նրան շատ են սիրում։ Իր մտքում ունենալով Խոնարհի սիրտը շահելու ցանկությունը՝ նա քայլեր է ձեռնարկում, պատեհ-անպատեհ առիթներ ստեղծում նրա հետ հանդիպելու, կամ գոնե առերեսվելու, և վերջ ի վերջո հանդիպում է նրա քրոջը, ում շնորհիվ կարողանում է բազմապատկել հանդիպման առիթները։

Ընթերցողի համար հերոսի պատմությունն անհասկանալի ու խառնիճաղանճ է դառնում այն ժամանակ, երբ Խոնարհի ծնողներն նրան հրավիրում են իրենց տուն, և վերջինս չի գնում, բայց ոչ այն պատճառով, որ մերժում է, այլ այն, որ չի գտնում տեղին պատասխան կամ արդարացում։ Այդպես ավելի է խզվում կապը նրա սիրո հետ. ծնողներն էլ այսուհետ չեն թույլատրում ուսուցչի հետ առնչվել։

Պատմվածքն ավարտվում է նրանով, որ ուսուցիչը, դպրոցում հրաժեշտի խնջույք կազմակերպելուց և վերջին անգամ Խոնարհի հետ հանդիպելուց հետո, առհավետ հեռանում է, թողնելով այնտեղ անսահման բարի հուշեր, հիշողություններ, իսկ Խոնարհը մնում է, բայց, ըստ իս, չի մոռանում իր անհայտ սիրուն։ Իսկ մի անգամ լրիվ պատահական հերոսը հանդիպում է Խոնարհին՝ վատ վիճակում, ով արդեն երեխա ուներ և բազում հոգսեր …

Այսպիսով, ո՞վ էր ճիշտ, և ո՞վ սխալ, ո՞վ բաց թողեց իր հնարավորությունը, իսկ ո՞վ հանդես եկավ պարտվողի դերում։ Պատասխանը շատ պարզ է ու հասկանալի. երկուսն էլ։

Մեկը, այս դեպքում՝ գլխավոր հերոսը, վախեցած լինելով հասարակության, և մասնավորապես՝ իր շրջապատի կարծիքից, ինչպես նաև իր անվճռականության ու տկարության պատճառով կորցնում է Խոնարհին, ում այդքա՜ն սիրում էր։ Իսկ Խոնարհը՞, մի՞թե նա անմեղ էր, մի՞թե չէր կարող դեմ գնալ հասարակության, և մասնավորապես՝ իր ընտանիքի կարծիքին, որը, իմիջայլոց, իրենց հարաբերություններին նախնական փուլում դեմ չէր, և ավելի մոտիկանար ուսուցչի հետ։ Իհարկե կարող էր, սակայն ինքն էլ տուժեց իր անվճռականության պատճառով։ Եթե երկուսն էլ գոնե մի փոքր վճռական լինեին, իրենց գործողություններում լինեին կրտուկ ու ռիսկային, ապա իրենք միավորվեին, կլինեին անբաժան զույգ և կհասնեին իրենց բախտին։ Սակայն, երկուսի պատճառով էլ նրանք այդպես էլ իրար նորմալ չճանաչեցին։ Եվ այստեղ թող արդեն ընթերցողը եզրակացություն անի. արդյո՞ք լավ էր, որ այդպես էլ նրան չմիավորվեցին, թե՞ ոչ։

Գրողի կենսագրությունը

«Ծնողներս ունեցել են և՛ հող, և՛ հարստություն, բայց ես չեմ տեսել ո՛չ այդ հողը և ո՛չ հարստությունը»

— գրում է Բակունցը՝ իր մասին

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899 թ. հունիսի 13-ին Գորիսում։ Ծնողները՝ Ստեփանը և Բողչագյուլը, ժամանակին բավական կարողություն են ունեցել, բայց կորցրել են։ Ընտանիքում 10 երեխա էին, մեծը Ալեքսանդրն էր։

Ա. Բակունց. «Օրանջիա» – Հայաստանի Հանրապետություն

Տեղի ծխական դպրոցում 5 տարի սովորելուց հետո Բակունցը՝ որպես լավ սովորող, համագյուղացիների միջնորդությամբ ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Առաջին ստեղծագործությունը «Հիմար մարդն» էր, որ լույս է տեսնում, երբ նա 14 տարեկան էր (1913 թ․)։ 1915-16 ուսումնական տարում, գաղթի պատճառով, փակվում է ճեմարանը, Բակունցը գալիս է Գորիս և իր խոսքով ասած՝ մի «չարություն անում»։ Հետևանքը՝ հեռավոր Լոր գյուղում ուսուցչության պարտադրանք։

Լոր գյուղում ուսուցչություն անելը Բակունցի որոշումը չէր, նրան այդպես պատժում են՝ Գորիսի քաղաքագլխին մի գրվածքով ծաղրելու համար։

Ինչո՞ւ հենց Բակունց

Բակունց-ը Թևոսյանների տոհմական ազգանվան հնչյունափոխված ձևն է։ Ակսել անունը Ալեքսանդրը վերցրել է նորվեգացի գրող Բ․ Բյոռնսոնի «Նորապսակներ» պիեսից (1916)։

Անձնական կյանքն ու պատերազմը

1917թ. տասնութամյա Բակունցը Չարենցի նման կամավորագրվում է, մասնակցում Էրզրումի, Կարսի կռիվներին, հետո նաև Սարդարապատի ճակատամարտին։ Բակունցը ծանր ողբերգություն է ապրում իր տեսածից։ Այդ օրերի տպավորություններով է գրում «Աղոթք», «Անտառում» ստեղծագործությունները։

Ակսել Բակունց և Վարվառա Չիվիջյան․ մի սիրո պատմություն

Ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում։ 25 տարեկանում Բակունցն ամուսնանում է Վարվառա Չիվիջյանի հետ։ Ծանոթացել էին Խարկովում ուսանելիս։ Նրանք ունենում են մեկ որդի՝ Սևադան։

Բակունցի սերը դեպի հայրենիք

Մեկ տարի անց մշտական բնակություն է հաստատում Երևանում, մտերմանում Եղիշե Չարենցի, Գուրգեն Մահարու հետ, դառնում «Նոյեմբեր» գրական խմբակի անդամ։

1927 թ․ լույս է տեսնում Բակունցի «Մթնաձոր» ժողովածուն, որտեղ պատկերում է հայրենի բնությունը, այդ բնությանը ձուլված մարդկանց, նրանց  հոգու գեղեցկությունը ու ցավերը։ Բակունցի ներկայացրած իրականության մեջ թախիծ ու լույս կա։

Ձերբակալումը և կյանքի վերջին տարիները

Դեռևս 30-ական թվականներից գրական հակառակորդները սկսել էին զրպարտել Բակունցին ու չարախոսել։ 1936 թ․ օգոստոսի 9-ին շատերի հետ  ձերբակալում են նաև Ակսել Բակունցին:

Բակունցի ձերբակալվելուց օրեր անց Նաիրի Զարյանը սարսափելի մեղադրանքներով հոդվածներ է սկսում տպագրել. «Միթե պարզ չէ, որ Բակունցի մեջ խոսում է դաշնակցական խմբապետը, որը ձգտում է դեպի Մարութա բարձր սարը»։ Բակունցի «մահացու մեղքերից» մեկը հայրենազուրկ սասունցիների մասին պատմող «Ծիրանի փողը» պատմվածքն էր։

Հարկ է նշել, որ Ստալինյան անձի պաշտամունքի զոհ դարձան մեր ազգի մի շարք պայծառ մտավորականներ. Ակսել Բակունցը, Եղիշե Չարենցը, Վահան Թոթովենցը, Զաբել Եսայանը և ուրիշներ։ 

«Զանգեզուր» ֆիլմը

Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Արցախն ու Զանգեզուրը (Սյունիքը) նախատեսվում էր բռնակցել Ադրբեջանի «եղբայրական» Հանրապետությանը։ Զորավար Գարեգին Նժդեհի կազմակերպած հերոսական պայքարի շնորհիվ Զանգեզուրը մնաց Խորհրդային Հայաստանի կազմում։

Բակունցի ու Բեկնազարյանի չկայացած հանդիպումը, «Զանգեզուր» ֆիլմի սցենարի  ոդիսականն ու սովետական քննիչը - Kinoashkharh : Kinoashkharh

Ստալինի հանձնարարությամբ Բակունցը պիտի ստեղծեր մի սցենար, որտեղ մեր ազգի զորավար Նժդեհը պիտի ներկայացվեր ծաղրական ու նվաստացված վիճակում ու ցույց տրվեր, թե ինչպես զանգեզուրցիները վռնդեցին նրան իրենց հայրենիքից։

Բակունցի սցենարն այդպիսին չէր, նա փորձում է խուսափել զորավարի կերպարն այդպես այլափոխելուց։ Բակունցի ձերբակալվելուց հետո ֆիլմի սցենարում լուրջ փոփոխություններ են անում, և ֆիլմը ստացվում է Ստալինի ուզածով։

Բակունցը կնքում է իր մահկանացուն

Բակունցը աքսորի հույս ուներ, սակայն դատական կարճ նիստից հետո դատապարտում են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության: Ակսել Բակունցին գնդակահարում են 1937 թ․ հուլիսի 8-ին։

Բանտի խցի պատին նա թողել էր վերջին գրությունը. «Այսօր տանում են գլուխս ուտելու»։ Այս ամենը քիչ համարելով՝ 8 տարով աքսորում են նաև Բակունցի կնոջը՝ Վարվառային։ Բակունցը արդարացվում է 1955 թ․։

Նյութը վերցված է henq.am գիտատեղեկատվական կայքից.