Դեկտեմբերի 8
Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք՝ գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում: Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում: Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա
պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ՝ գորտերիս համար: Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր… Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է: — Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ: Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում՝ մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր: Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:
Առաջադրանքներ
Ա․ Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.
- ա․ գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
- բ․ տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
- գ․ եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
- դ․ վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:
Ընտրությունը հիմնավորե՛ք:
Անկեղծ ասած, բոլոր չորս կետերի հետ որոշ չափով համաձայն եմ։ Պատմվածքի բուն նպատակն այն էր, որ մարդ հասկանա, որ միայն իրենով չի սահմանափակվում մեր գեղեցիկ աշխարհը։ Բոլոր կետերը՝ իրենց հերթին շատ կարևոր դաս են մեզ մատուցում և պետք է ասեմ, որ բոլոր կետերը համապատասխանում են մեր իրականության մարդկանց տեսակներին։ Ու ճիշտն ասած, այս չորս կետերով են սահմանափակվում մարդկանց հիմնական տեսակները։ Առաջին տեսակը մարդու՝ գնահատողն է, երկրորդը՝ չնկատողը, երրորդը՝ եսասերը կամ ինքնահավանը, իսկ չորրորդը՝ հավատացյալը, որը միշտ կարծում է, թե Տերն է որոշողը (առանց որևէ սաարկազմի)։
Առաջին կետը, թե «գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով» համապատասխան էր ծեր գորտին ու մնացած բոլոր այն գորտերին, ովքեր ականատես եղան օձի գործողություններին։ Այդ գորտերը կարծում էին, որ ամեն ինչ ստեղծված է իրենց համար, իսկ իրենք՝ օձի։ Կարծում եմ, որ որոշ չափով նման է կետի իմաստին, քանի որ ինչքան էլ դաժան լինի գորտի «վերջը», միևնույնն է նրանք գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով։
Երկրորդ կետի հետ նույնպես համաձայն եմ։ Գորտերը, կենդանիները, մարդիկ տարվելով բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը։ Ես այս մտքի հետ լիովին համամիտ եմ, քանի որ գորտը՝ պատմվածում, մենք էլ՝ իրական կյանքում, ընկնում ենք մեր հետևից, բնության կողմից մեզ տրված բարիքների հետևից ու չենք էլ մտածում, որ այդ բարիքների հետ կա նաև սարսափը, չարը, դաժանը։ Տարվելով նրանցով, մենք մոռանում ենք իրական կյանքի մեր դժվարությունները, փորձում ենք մեր ուշադրությունը շեղել այդ հիասքանչ կյանքի ուղղությամբ, սակայն գալիս է մի պահ, երբ հանկարծակի ինչ-որ «թփերից» դուրս է գալիս մի վտանգ, որը մեր թույլ տված սխալների արդյունքն է։
Երրորդ կետին համապատասխանեց գլխավոր պերճախոսը՝ գորտը, որը անդադար խոսում էր, թե ամեն ինչ ստեղծված է նրա համար, թե ամեն ինչ ստեղծված է միայն գորտերի համար ու այդպես այդ իր խոսալու համար նա մեծ գին վճարեց։ Դրանք այն մարդիկ են, ովքեր եսակենտրոն են, եսասեր, ինքնահավան։ Նրանք կարծում են, թե իրենցից էս կողմ էլ մարդ չկա, թե իրենք առաջիններից առաջինն են, թե աշխարհը պտտվում է իրենց շուրջը և իրենք են աշխարհի կենտրոնը։ Ցավոք սրտի, այդպիսի մարդիկ շատ-շատ են մեր շրջապատում, որոնք միշտ փորձում են ուշադրություն գրավել, միշտ փորձում են իրենց մտցնել իրենց չվերաբերվող հարցերի մեջ, միշտ փորձում են թվալ վստահելի, օգտակար։ Սակայն արդյունքում ոմանց կողմից արժանանում են ծիծաղի ու վերջում արժանանում են պատժի։ Նույնն էլ այդ գորտը։ Նա չէր էլ մտածում, որ այդպես ամեն ինչ կավրատվի։
Եվ չորրորդ կետը, թե ամեն ինչ Աստվածն է ստեղծել, ամեն ինչ նրա կամքով է իրականանում։ Ես այս կետի հետ լրջորեն համաձայն եմ, անկախ իմ կրոնական մտքերից։ Ես միշտ հավատացյալ եմ եղել, միշտ պաշտել եմ Աստծուն և այսքան տանջանքների, փորձությունների, կռվի ու պատերազմների միջով անցնելուց հետո իմ կյանքի շարունակությունը, իմ ազգի կյանքի ու գոյատևելու շարունակությունը՝ Աստծու կամքն է։
Բ․ Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:
Կարծում եմ, որ օձը դա պատիժն է, որը ի վերջո հասնելու է այն մարդկանց, ովքեր իրենց «վեր» են դասում։ Առանց օձի դերի պատմվածքը պարզապես անիմաստ ու անբովանդակ կլիներ, քանի որ մենք կընթերցեինք միայն գովասանքի խոսքեր, քարոզչության մտքեր և այդպես կշարունակեինք մեր առօրյան։ Սակայն օձը ալտերնատիվություն մտցրեց։ Ոչ մեկ, նույնիսկ ինքը՝ գորտը չէր կարծում, որ իր պերճախոսության համար նա կպատժվի։ Մեր կյանքում էլ է նույն խաղը ընթանում։ Մենք բոլորս մեր առօրյայում մեր գործերով, արարքներով փորձում ենք «շրջանցել օձին», սակայն գալիս է մի պահ, երբ մենք կանգ ենք առնում, ինչ-որ սխալ բան ենք անում և այդպես «օձը մեզ խայթում է»։ Օձը դա կյանքի վճիռն է, պատիժը, սադրանքը։ Առանց օձի մեր կյանքի անիմաստ կլիներ։ Առանց օձի մեր կյանքի միակողմանի ու հասարակ կլիներ, և բոլորս կանեինք այն, ինչ կուզեինք։ Իսկ օձը մեր հնարավորությունները սահմանափակում է։ Օձը դա Տիրոջ կողմից ուղարկված նախազգուշացումն է, որին չենթարկվելով մենք հետագայում կարժանանանք ավելի վատ բանի, ավելի մեծ ու դաժան «օձի»՝ պատժի։ Սա է օձի դերը պատմվածքում և մեր կյանքում։