Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից։

Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում։

Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի։

Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրել պարտադիր չէ։

Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս֊մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող սրտագին սիրով։

Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ։

Հարյուրամյակներ շարունակ մաս֊մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս֊մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով՝ հռչակում ենք թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը ու երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա։

Վերլուծություն՝

Դառը ճշմարտություն, սակայն ճշմարիտ ու անկեղծ։ Ես այսպես կարող եմ բնութագրել Վանո Սիրադեղյանի խոսքերը։ Բոլորս էլ ընկած ենք անցյալի հետևից, փորձում ենք հետ բերել այն, մի ակնթարթ պատկերացնել, թե մենք այնտեղ ենք՝ նրա սրտում, նրա գիրկը։ Սակայն ինչպես միշտ իրականությունը հայացք է շեղում մեզնից, քանի որ մենք շուտվանից ենք երես թեքել նրանից և չենք փորձել որևէ կերպ այն վերականգնել։ Վանո Սիրադեղյանը ասում է, թե մենք սպասում ենք պատմական հայրենիքին, սպասում ենք «խաչակրաց բանակին», սակայն չենք էլ մտածում, որ այդ բանակը կարող ենք լինել մենք, մեր ազգն ու մտածելակերպը։ Մենք ու տարբեր ազգերի ներկայացուցիչները սովոր ենք, որ պետք է մտածենք, սակայն չգործենք, ինչքան էլ որ վիրավորական թվա վերջին դա։ Ես կարծում եմ, որ միայն գործելով, այլ ոչ թե պերճ-պերճ խոսելով, կարելի է հասնել իրական արդյունքի, իրական «խաչակրաց բանակի»։

Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի։

Ինչու՞ չի պահանջում, քանի որ այն ներկայիս պայմաններում երևակայելի է, ֆիզիկապես՝ գոյություն ունեցած, սակայն մեր մտքում՝ փոխակերպված։ Ոչ մեկս չի կարող հստակ պատկեր ձևավորել իր մտքում անցյալի վերաբերյալ։ Բոլորս էլ ինչ-որ թերություններով ենք այն տեսնելու ու պատկերացնելու, ու վստահ կարող եմ ասել, որ իմ պատկերացրածը, Վանո Սիրադեղյանի պատկերացրածը տարբեր են լինելու։ Ու եթե երևակայելի է, ապա արդեն ի՞նչ կարելի է անել այդ հայրենիքը փրկելու կամ պաշտպանելու համար։ Դա արդեն կարիք չունի պաշտպանության, կարիք չունի աշխատանքի, քրտինք թափելու, որովհետև նա մնացել է անցյալում։ Այդ «երևակայելի» հայրենիքը ոչ տուրք է պահանջում, ոչ ազգ, ոչ էլ բանակ, սակայն այն իր մեջ շատ մեծ պատմություն է կրում ու այսօրվա պետությունը նրա հիմքում է ընկած, ուստի բացառել պետք չէ նրան։ Իսկ մեր այսօրվա հայրենիքը պահանջում է տուրք, բանակ, ազգ, պատմություն, պաշտպանություն։

Մենք բոլորս սիրում ենք հեշտին տրվել, մտածել հասարակի ու պարզի մասին, և այդ իսկ պատճառով նախընտրում ենք մտածել անցյալը, քանի որ գիտենք, որ այն արդեն «անցյալում» է, որ այն այլևս պաշտպանություն կամ որևէ այլ քրտնաջան ու համախմբած աշխատանք չի պահանջում։ Սակայն ես կարծում եմ, և ինչպես հասկացա Վանո Սիրադեղյանը՝ նույնպես, մենք պետք է մտածենք մեր այսօրվա պետության մասին, չէ որ նրանում ենք ապրում, նրանով հպարտանում և ի վերջո ծառայում ու տուրք տալիս նրան։ Ավելի կարևոր է մտածել ներկայի մասին, դասեր քաղել անցյալից, քան թե երկար ժամանակ մտածել, թե ինչպես կարող էին ընթանալ գործողությունները։ Պատմությունը «եթե» բառը չի սիում, քանի որ ինչ արված է, արդեն արված է։ Ուստի մենք պետք է խոսենք ու վերլուծենք հստակ ու պարզ։ Պետք է արձանագրել, որ հիմա կարևոր է մտածել պետության պաշտպանության մասին ու փորձել որևէ կերպ աջակցել նրան։

Երազում ենք մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա։

Ճիշտ է, շատ անգամներ մենք երազում ենք, որ մեզ վերջապես կփրկեն, որևէ մեկի թևի տակ մտնելով, կկարողանանք ազատվել ու փրկվել, սակայն պատմությունը ցույց է տվել, որ «փրկողները» Հայաստանը դիտարկել են որպես պոտենցիալ շահ դիվանագիտական իրենց վարկանիշը բարձրացնելու և նոր տնտեսառևտրական հարաբերություններ կնքելու համար։

Մի իմաստուն խոսույթ կա՝ չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր։

Պարզապես վերհիշել է պետք Վանո Սիրադեղյանի հայտնի խոսքերը, թե անցյալի վերքերն ու պատմական բեռը չպետք է խոչընդոտ հանդիսանան վաղը նոր, ամուր ու զարգացած պետականություն ու հայրենիք կերտելու համար։ Ես սա ճիշտ եմ համարում։ Սակայն սա որպես անցյալը մոռանալու կոչ պետք չէ ընդունել, սա պետք է ընդունել որպես անցյալից դասեր քաղելու, ներկան վերանայելու և ապագան կերտելու կոչ։ Վանո Սիրադեղյանը իր բոլոր հոդվածներում ակնարկում է, որ պետք է ավելի լավ տեսնել հեռանկարը, ավելի լավ պատկերացնել ու վերլուծել այն։ Մի խոսքով՝ «խաչակրաց բանակը» մնացել է անցյալում, հիմա ժամանակն է կերտելու մարտունակ բանակ, ազգ, ժողովուրդ, որը հանդես կգա որպես մեկ միասնական բռունցք։