YereMUN (Երևանի ՄԱԿ-ի մոդել) հասարակական կրթական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնադիր արժեքներին և առաջնահերթություններին, նպատակ ունենալով խթանել միջերիտասարդական կապերը ողջ աշխարհում, զարգացնել դիվանագիտության և միջազգային գործընթացների վերաբերյալ պատկերացումները երիտասարդների մոտ, ինչպես նաև ձգտելով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը որպես խաղաղության, երկխոսության, համաշխարհային լուրջ հիմնախնդիրների լուծման հարթակ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի կազմակերպում է տարեկան YereMUN 2026 միջազգային համաժողովը, որը տեղի է ունենալու Երևանի պետական համալսարանում հուլիսի 6-ից 10-ը և մի հարկի տակ է հավաքելու հարյուրավոր հետաքրքրված երիտասարդների աշխարհի տարբեր ծայրերից։

YereMUN կազմակերպությունը, նախորդ տարվա հաջող փորձի վրա հիմնվելով, այս տարի ավելի է խորացնում իր համագործակցությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ։ Այս տարի կրթահամալիրի և կազմակերպության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցելու հետևյալ ուղղություններով.

  • Սեբաստացի սաների ներգրավումը միջազգային համաժողովում վճարի ամբողջական փոխհատուցմամբ,
  • YereMUN միջազգային հյուրերի ուղեկցում և կրթահամալիրի կացարաններում բնակվելու հնարավորության ընձեռում,
  • Սեբաստացի սաների և YereMUN անդամների միջև կրթական-դիվանագիտական փոխանակման ծրագրերի, վերապատրաստման դասընթացների անցկացում, համատեղ նախաձեռնությունների իրագործում։

Սեբաստացի սովորողները YereMUN 2026 միջազգային համաժողովի շրջանակներում հնարավորություն են ունենալու մասնակցելու բոլոր նախատեսվող միջոցառումներին, ներգրավվելու հանձնաժողովներում անցկացվելիք բուռն և թեժ քննարկում-բանավեճերին, ներկայացնելու հատկացված երկրները, հանդես գալու այդ երկրների շահերի դիրքից, ինչպես նաև գերազանց առաջադիմության արդյունքում ստանալու միջազգային կարգի հավաստագիր։

Կրթահամալիրի կացարաններում հյուրընկալվող միջազգային գործընկերների համար տնօրինությունը նախատեսում է ճանաչողական շրջայց կրթահամալիրի մասնաճյուղերի տարածքում՝ հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության գործունեությանը, ուսումնական տարածքին և միջավայրին ծանոթանալու նպատակով։

Միջազգային համաժողովի պաշտոնական օրակարգը՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-հետազոտական վարժարանից միջազգային համաժողովին մասնակցելու են ներքոնշյալ սովորողները.

  • Մարի Անանյան (10-րդ դաս.) — պատվիրակ
  • Սանահին Բիգլարյան (10-րդ դաս.) — պատվիրակ
  • Դավիթ Մուրադյան (10-րդ դաս.) — պատվիրակ
  • Մելանյա Քեքեջյան (11-րդ դաս.) — պատվիրակ
  • Ավետ Չամսարյան (11-րդ դաս.) — պատվիրակ
  • Ռուբեն Մաթևոսյան (11-րդ դաս.) — պատվիրակ
  • Վահե Գրիգորյան (11-րդ դաս.) — համակարգող
  • Ալբերտ Մանուկյան (11-րդ դաս.) — համակարգող

Բացի պաշտոնական օրակարգում ընդգրկված նիստերին և քննարկումներին մասնակցելուց, սովորող-պատվիրակները նաև հնարավորություն կունենան մասնակցելու հետհամաժողովյան մի շարք միջոցառումների, ինչպիսիք են գալա-համերգը, այցերը մշակութային և պետական կենտրոններ։

Նշեմ նաև, որ «Լավագույն պատվիրակ» անվանակարգին արժանացածները համաժողովի ավարտին որպես մրցանակ ճանաչողական այցելություն են ունենալու ՀՀ Ազգային ժողով։

Այսպիսով, գերակտիվ, խիտ հագեցած և իհարկե շատ սպասված միջոցառում է առջևում։ Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։

Նախորդ տարիների համաժողովները.

© Դավիթ Մուրադյան 01.07.2026
Հանուն կրթահամալիրի, հանուն պետության