Ժամանակահատված՝ 2025 թ․ հունվար – 2026 թ․ հուլիս

Հաշվետու՝ Դավիթ Կարենի Մուրադյան

Պաշտոն՝ Կրթահամալիրի կոլեգիալ կառավարման խորհրդի անդամ

1. Ընդհանուր տեղեկություններ

Ես՝ Դավիթ Մուրադյանս, 2025 թվականին հանդիսանալով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հետազոտական վարժարանի 11-րդ դասարանի սովորող և ներգրավված լինելով ներդպրոցական ու արտադպրոցական բազմաթիվ նախագծերում, նպատակ ունեի զարգացնելու, ամրապնդելու և իմ նպաստը բերելու կրթահամալիրի, Ավագ դպրոցի և սովորողների շահերի ներկայացմանն ու բարձրաձայնմանը։ Այդ ձգտումով էլ որոշեցի առաջադրվել որպես Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի սովորողների ներկայացուցիչ-թեկնածու և մասնակցել 2025թ. Կառավարման խորհրդի ընտրություններին։

2025 թվականի փետրվարին կայացած ընտրությունների արդյունքում ստացա 182 ձայն (48․9%), ինչն ինձ համար մեծագույն պատիվ էր և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն՝ էլ ավելի նվիրումով աշխատելու հանուն կրթահամալիրի և սովորողների։ Նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում կրթահամալիրի ղեկավարությանն ու գործընկերներին ներկայացրի իմ՝ որպես խորհրդի անդամի առաջնահերթություններն ու ծրագրերը, ինչպես նաև կիսվեցի խորհրդի աշխատանքների վերաբերյալ իմ ակնկալիքներով։

Խորհրդի կազմը տեսե՛ք ստորև․

  1. Աշոտ Բլեյան — նախագահ
  2. Լիլիթ Սահակյան — քարտուղար
  3. Արեգ Գրիգորյան
  4. Արտակ Աբրահամյան
  5. Գեղամ Գևորգյան
  6. Գրիգոր Պապիկյան
  7. Դավիթ Մուրադյան
  8. Էմանուել Ագջոյան
  9. Լենա Ղազարյան
  10. Լիլիթ Ալավերդյան
  11. Մայիս Մարգարյան
  12. Ռոբերտ Աթայան
  13. Սեդա Քալանթարյան
  14. Սոնա Արզումանյան
  15. Վահագն Ղուկասյան

Ստանձնելով խորհրդի անդամի պատասխանատվությունն ու վայելելով թիմի վստահությունը՝ առավել նախաձեռնողաբար ընդլայնեցի իմ գործունեությունը։ Մշակեցի մի շարք ծրագրեր ու նախագծեր, ինչպես նաև նախաձեռնեցի ու համակարգեցի սեմինարներ, հանդիպումներ և ճանաչողական այցեր։ Վստահության քվեն նոր թափ հաղորդեց իմ աշխատանքին։

Ստորև ներկայացվում են Խորհրդի լիազորությունները (Կրթահամալիրի կանոնադրություն, կետ 55).

55. Խորհուրդը՝

ա) նախարարության սահմանած մրցույթի անցկացման կարգի համաձայն ընտրում է կրթահամալիրի գործադիր տնօրեն, հաստատում նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, սահմանում տնօրենի վարձատրության կարգը.
բ) գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է գործադիր տնօրենի տեղակալներին, մասնաճյուղի ղեկավարի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, սահմանում մասնաճյուղի ղեկավարի վարձատրության կարգը.
գ) որոշում է ընդունում կրթահամալիրի աուդիտն անցկացնելու մասին (կրթահամալիրի բյուջեի հաշվին) և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը.
դ) հաստատում է կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը, աշխատանքային ու ներքին կարգապահական կանոնները, կրթահամալիրի ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաստիքային ցուցակը, ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունները և առաջարկություն ներկայացնում նախարարությանը.
ե) քննարկում է հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, հիմնադրի կողմից սահմանված կարգով որոշում է կրթահամալիրի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և կարգը, առաջարկություններ ներկայացնում հիմնադրին` կրթահամալիրի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու.
զ) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում խորհրդի նախագահ.
է) կրթահամալիրի գործունեության առարկային, նպատակներին և խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը, մասնաժողովի ներկայացմամբ հաստատում կրթահամալիրում իրագործվող ծրագրերը, հետազոտական և մեթոդական աշխատանքների թեմաները, մասնաճյուղերի ուսումնական պլանները.
ը) հաստատում է կրթահամալիրի մասնաճյուղերի ամենամյա ծախսերի նախահաշիվը, սահմանված կարգով գործադիր տնօրենի միջոցով կրթահամալիրի հաստիքացուցակը ներկայացնում է նախարարություն, քննարկում ամենամյա ֆինանսական և կրթական հետազոտական գործունեության հաշվետվությունները.
թ) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) սույն կանոնադրությամբ ու մասնաճյուղերի կանոնադրություններով նախատեսված լիազորություններ:

Բացի կանոնադրական պահանջների կատարումից, որպես խորհրդի անդամ, ձգտելով առավել ինստիտուցիոնալ, թափանցիկ և հաշվետվողական դարձնել մեր գործունեությունը՝ մշակեցի նախընտրական ծրագիր։ Այն բաղկացած էր 3 հիմնական գլուխներից, որոնք թիրախավորում էին կրթահամալիրի ընդհանուր կառավարման, կրթական միջավայրի զարգացման, անձնական սկզբունքների և առաջնահերթությունների ոլորտները, որոնք էլ իրենց հերթին կենտրոնանում էին տեղական և միջազգային համագործակցության ընդլայնման ու ամրապնդման, կառավարման խորհրդի հաշվետվողականության, խորհրդի անդամի գործունեության թափանցիկության ապահովման, ինչպես նաև սովորողների գործունեության բազմազանեցման, հեղինակային կրթական ծրագրի զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու վրա։

Հաշվի առնելով վերոնշյալ տեղեկությունները, խորհրդի անդամի կարգավիճակն ու լիազորությունները, իմ ներկայացրած նախընտրական ծրագիրն ու նրանում տեղ գտած կետերը, ստորև ներկայացնում եմ Խորհրդի անդամի գործունեության հակիրճ հաշվետվությունը։

2. Խորհրդի անդամի գործունեության հաշվետվություն

I. Նիստերի մասնակցություն

Նիստերի ընթացքում քննարկվել են կանոնադրությունից բխող մի շարք առանցքային հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել նախահաշվի և հաստիքացուցակների հաստատմանը, ֆինանսաբյուջետային պլանավորմանը, մանկավարժների ընդունելության ու ազատման ընթացակարգերին, ինչպես նաև դպրոցական տարեկան ընդունելություններին և սովորողների թվաքանակի փոփոխության քննարկումներին։

Հատուկ ուշադրություն է դարձվել հեղինակային կրթական ծրագրի զարգացմանը, անհատական ուսումնական պլանների խմբագրմանն ու հաստատմանը, մասնաճյուղերի ծրագրերին, տեղական ու միջազգային կառույցների հետ համագործակցությունների ընդլայնմանը, ինչպես նաև կանոնադրական փոփոխություններին և ներկրթահամալիրյան այլ ընթացիկ հարցերին։

II․ Նախընտրական ծրագրի դրույթների իրագործում և ընդհանուր գործունեություն

II.I. Այցելություններ և ընդունելություններ

II.II. Հանդիպումների և քննարկումների նախաձեռնություններ

II.III. Ծրագրերի մասնակցություն, համագործակցություն կրթահամալիրի հետ

II.IV. Հետազոտական աշխատանքներ, հոդվածներ և ուսումնասիրություններ

  • «Հեղինակային կրթական ծրագիրը հետազոտական վարժարանում. ներկան և ապագայի հեռանկարները». հետազոտական աշխատանք — աշխատանքում քննվում են ավանդական ուսումնական գործիքները, ծրագրերն ու ռազմավարությունները, համեմատականներ են տարվում միջազգային կարգի ուսումնական հաստատությունների վարած ծրագրերի հետ, մանրամասնորեն ներկայացվում են հեղինակային կրթական ծրագրի դրական կողմերը, համապարփակ կերպով վերլուծության են ենթարկվում հեղինակային ծրագրի ընձեռած հնարավորությունները, որպես օրինակ ներկայացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործունեությունն ու արձանագրած հաջողությունները․
  • «Գրականությունը՝ լեզվամտածողության, աշխարհայացքի ձևավորման միջոց» — համատեղ հոդված Մարգարիտ Սարգսյանի ղեկավարությամբ, որտեղ քննվում են գրականության ընկալման արդի խնդիրները, համեմատություններ և զուգահեռներ են տարվում տարբեր ժամանակաշրջանների հայ հանրության մտածելակերպային ուղղությունների միջև, առաջարկվում է նոր մոդել կիրառել գրականության ընթերցումն առավել արդյունավետ և ժամանակակից դարձնելու նպատակով․
  • Հայ ժողովրդի հավաքական կերպարն հայ գրականության էջերում — երկարաժամկետ նախագիծ, որի նպատակն էր վեր հանել ուսումնական գործընթացով հանձնարարվող գրականության նմուշները, նրանցում թաքնված իմաստներն ու խորհուրդները, փորձել պրոյեկտել արդի հասարակարգի վրա, ինչպես նաև առաջարկել գրականության հանդեպ նոր վերաբերմունքի որդեգրում։

Այսպիսով, վերոնշյալում փորձեցի ամփոփել Կառավարման խորհրդի անդամի իմ հաշվետվությունը՝ ներկայացնելու համար մեկուկես տարվա ընթացքում կատարած աշխատանքը։ Մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության խորացումը, նոր կապերի հաստատումը, ուսումնակազմակերպական միջոցների լավարկումը, սաների և դասավանդողների հետ մշտական կապն ու հասանելիությունը, կրթահամալիրի հեղինակության աճը, մեդիա տիրույթում ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև պետություն-կրթահամալիր երկխոսության զարգացումն ու ամրապնդումը միշտ եղել են իմ ուշադրության կենտրոնում և գործունեության առանցքում։ Թե՛ որպես խորհրդի անդամ և թե՛ մինչ այդ, ես առաջնահերթություն եմ համարել այս ուղղությունները և իմ ողջ ուժերն ու ջանքերն եմ ուղղել դրանք կյանքի կոչելուն։

Խորին շնորհակալություն եմ հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, Ավագ դպրոց-հետազոտական վարժարանին, և հատկապես մեր սովորողներին՝ ցուցաբերած վստահության, արդյունավետ համագործակցության և միասնական աշխատանքի համար։ Այս ընթացքը պատիվ էր ինձ համար, իսկ ձեր աջակցությունն ու վստահությունը՝ լավագույն խթանը բոլոր նախաձեռնություններն իրականացնելու ճանապարհին։

Հանուն կրթահամալիրի, հանուն պետության

Միշտ ձեր՝ Դավիթ Մուրադյան
10.08.2026թ.