YereMUN 2026 միջազգային համաժողով
Ահա և մոտեցավ իր տրամաբանական ավարտին Yerevan Model United Nations (Երևանի ՄԱԿ-ի մոդել) ամենամյա միջազգային համաժողովի չորրորդ փուլը։ Այս տարվա համաժողովը վերջին չորս տարիների ամենամասշտաբային, բեկումնային ու ամենից հաջողն էր՝ թե՛ մասնակիցների ներգրավման, թե՛ գործընկերային կապերի և տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հաստատման, թե՛ երիտասարդական դիվանագիտական բազում ծրագրերի իրականացման, թե՛ կազմակերպչական տեսանկյուններից։ Կրթական կազմակերպության թիմի ջանքերի շնորհիվ այս տարվա կոնֆերանսը մեծ արձագանք գտավ և՛ հայաստանյան, և՛ միջազգային ասպարեզներում, և դեռ երկար կհիշվի նրա մասնակիցների հիշողություններում։
Ժամանակն է ամփոփելու կատարված աշխատանքը, ինչպես նաև ներկայացնելու համաժողովի ընթացքն ու գրանցած հաջողությունները։ Այս հինգ օրերը (չհաշված հյուրերի հետ մի շարք ուղևորություններն ու շրջայցերը Երևանում և մայրաքաղաքից դուրս), ըստ էության, օրակարգային իմաստով բավականին հագեցած էին ոչ միայն պաշտոնական նիստերով ու պանելային քննարկումներով, այլև ոչ ֆորմալ առիթներով։ Անշուշտ, նման մեծամասշտաբ և տարեցտարի ընդլայնվող միջոցառումն ամփոփելը հեշտ գործ չէ, սակայն ստորև սիրով կներկայացնենք YereMUN 2026 միջազգային համաժողովի հնգօրյա ընթացքը։
Հուլիսի 6 | Մեկնարկային օր
Այսպիսով, հուլիսի 6-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց մեր YereMUN 2026 միջազգային համաժողովը։ Հայաստանից և արտերկրից ժամանող հյուրերը ողջունում էին միմյանց, կիսվում իրենց տպավորություններով և ակնկալիքներով, ոմանք էլ դիվանագիտական միավորումներ էին ստեղծում՝ պաշտոնական նիստերին առավել պատրաստված լինելու պատրվակով։ Կազմակերպչական թիմը, կամավորական միության ներկայացուցիչների հետ համատեղ, գրանցում էր մասնակիցներին՝ բաժանելով յուրաքանչյուրին անվանական բեյջեր, տարբերանշանով նոթատետրեր, հուշ-կպչուններ, ինչպես նաև պետություններ ներկայացնող քարտեր։ Բոլոր մասնակիցները շատ ոգևորված էին ու պատրաստակամ՝ առաջիկա նիստերի թեժ բանավեճերին ներգրավվելու, սեփական երկրի դիրքերից հանդես գալու, համատեղ հռչակագրեր ու բանաձևեր ընդունելու։
«YereMUN 2026»-ի գլխավոր թեման լեզուն է՝ որպես հաղորդակցության, փոխըմբռնման, համագործակցության և խաղաղ երկխոսության հիմք։
Գրանցմանը հաջորդեց բացման հանդիսավոր արարողությունը, որին պատիվ ունեցանք հյուրընկալելու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան, Նորին գերազանցություն տիկին Նիլակշի Սահա Սինհային, ՀՀ-ում ՄԱԿ-ի Մշտական համակարգողի գործընկերության և զարգացման ֆինանսավորման ուղղությամբ խորհրդական տիկին Արևիկ Անափիոսյանին։ Բացման խոսքով հանդես եկավ Երևանի ՄԱԿ-ի մոդել հասարակական կրթական կազմակերպության նախագահ, համաժողովի ղեկավար Վրույր Հլղաթյանը։


Իր խոսքում պարոն Հլղաթյանը մասնավորապես նշեց․
«Լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ։ Այն հնարավորություն է տալիս հասկանալու միմյանց, ճանաչելու այլ մշակույթներ, մտածելու տարբեր կերպ և ձևավորելու վստահություն։ Այսօր, երբ աշխարհում հաճախ մարդիկ խոսում են ոչ թե միմյանց հետ, այլ միմյանց դեմ, մենք ցանկանում ենք, որ երիտասարդները սովորեն երկխոսել և համագործակցել»:
Վրույր Հլղաթյան
Վրույր Հլղաթյանի խոսքով՝ «YereMUN»-ի գլխավոր առաքելություններից մեկն այն է, որ երիտասարդները ոչ միայն ծանոթանան միջազգային հարաբերությունների կառուցվածքին, այլև սովորեն պատասխանատվություն կրել լսելու, հակառակ տեսակետը հասկանալու և հարգելու միջոցով։ Նա ընդգծեց, որ այս քննարկումները պարզապես ակադեմիական վարժություններ չեն, այլ պատասխանատվության դպրոց, որտեղ դիվանագիտությունը սկսվում է հենց խոսելու, լսելու և փոխզիջում գտնելու կարողությունից։
Հատկանշական է, որ համաժողովն այս տարի աչքի ընկավ իր բացառիկ մասշտաբներով. աշխատանքներն ընթանում էին 8 տարբեր հանձնաժողովներում՝ 5 լեզուներով: Նիստերից 4-ն անցկացվում էին անգլերենով, իսկ մյուսները՝ հայերենով, ռուսերենով, ֆրանսերենով ու իսպաներենով։ Ի դեպ, իսպանալեզու հանձնաժողովն այս տարվա գլխավոր նորամուծությունն էր, ինչը ևս մեկ անգամ փաստեց YereMUN-ի շարունակական զարգացումն ու ընդլայնումը։
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, կարևորելով նման հարթակների դերը երիտասարդների առաջնորդական և հաղորդակցական կարողությունների ձևավորման գործում, նշեց, որ վերջին տարիներին հետևել է «YereMUN»-ի զարգացմանը և մեծ գոհունակությամբ է տեսնում, թե ինչպես է աճել նախաձեռնության մասնակիցների թիվն ու միջազգային ընդգրկվածությունը։
Դեսպանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ համաժողովին մասնակցում են ոչ միայն բուհերի ուսանողներ, այլև դպրոցականներ։ Նրա խոսքով՝ հենց այդ վաղ փուլում է ձևավորվում երիտասարդի՝ որպես ակտիվ քաղաքացու և պատասխանատու որոշում կայացնողի մտածողությունը։
ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերությունների և զարգացման հարցերով ֆինանսական խորհրդատու Արևիկ Անափիոսյանը «YereMUN»-ը բնութագրեց որպես համաշխարհային քաղաքացի լինելու փորձադաշտ՝ մի տարածք, որտեղ երիտասարդները սովորում են ոչ միայն խոսել, այլև լսել, մտածել, համադրել և միայն հետո արձագանքել։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհը գնալով ավելի բարդ է դառնում նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, շարունակվող հակամարտությունների և խորացող սոցիալական խնդիրների պատճառով։ Այս բարդ աշխարհում կողմնորոշվելու գլխավոր գործիքը կրթությունն է, սակայն կրթությունը պետք է ընկալել լայն իմաստով՝ որպես սովորելու, վերլուծելու և գիտելիքը կիրառելու շարունակական գործընթաց։




ԵՊՀ-ի պաշտոնական լուսաբանմանը ծանոթացե՛ք՝ հետևելով հղմանը․
Բացման հանդիսավոր արարողության ավարտին YereMUN-ի անունից խորհրդանշական նվերներ հանձնվեցին պատվավոր հյուրերին՝ ևս մեկ անգամ ընդգծելով երիտասարդների դիվանագիտական ու քաղաքացիական ներգրավվածության և հանուն համընդհանուր նպատակների իրագործման շարունակական համագործակցության կարևորությունը։ Միջոցառմանը հաջորդեցին առաջին պաշտոնական նիստերը, որոնց ընթացքում հանձնաժողովների անդամներն ու աշխատանքները համակարգող նախագահողները սկսեցին ծանոթանալ միմյանց հետ։ Վերջիններս մանրամասնորեն ներկայացրին իրենց հանձնաժողովների առաքելությունը, տեղն ու դերը ՄԱԿ-ի կառուցվածքում և համաշխարհային հարցերի լուծման գործընթացներում։ Հստակեցվեցին քննարկման թեմաները, որոնք ներառում էին լայն շրջանակ՝ մարդու իրավունքներից ու բնապահպանական խնդիրներից մինչև Մալիի ռազմակալումն ու Բալթյան երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ռիսկերը։ Ինչպես կարելի է նկատել, համաժողովի մեկնարկը քննարկումների և բանավեճերի տեսանկյունից բավականին ինտենսիվ էր, խիտ և հագեցած։









Օրակարգի համաձայն՝ ժամը 16:30-ին համալսարանի բակում մեկնարկեց ազգային պարի դասընթացը։ Շուրջ 200-ից ավելի մասնակիցներ համախմբվել էին ԵՊՀ կենտրոնական բակում՝ ունկնդրելու, ապա նաև գործնականում սովորելու հայկական ազգային պարարվեստի լավագույն նմուշները։ YereMUN-ին այս հարցում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց «Մենք» ազգային պարի համույթը՝ իր գեղարվեստական ղեկավար Ստեփան Թորոյանի գլխավորությամբ։ Հեղինակավոր վարպետի օգնությամբ համաժողովի մասնակիցները մեծ խանդավառությամբ սովորեցին «Կառնո քոչարի», «Մայրոքե», «Յարխուշտա», «Խամխամա» և այլ ավանդական պարեր։






YereMUN համաժողովի գրանցման տեսանյութը՝ այստեղ
Բացման արարողության տեսանյութը՝ այստեղ
Հուլիսի 7 | ԵՊՀ. Գիտելիքի և երիտասարդական միասնության երկրորդ տունը
Համաժողովի երկրորդ օրն իսկական փորձություն էր մասնակիցների համար. մթնոլորտն ավելի քան թեժ էր։ Հանձնաժողովներն անցան ակտիվ աշխատանքային փուլի՝ ժամեր շարունակ քրտնաջան աշխատելով բանաձևերի սևագրերի (working papers) վրա։ Ծավալվեցին ինչպես պաշտոնական (moderated caucus), այնպես էլ ոչ պաշտոնական (unmoderated caucus) բուռն քննարկումներ, որոնց արդյունքում պատվիրակներին հաջողվեց գտնել ընդհանուր եզրեր և հասնել որոշակի փոխշահավետ համաձայնությունների։ Իհարկե, առանց կրքերի չանցավ. կային պատվիրակներ, որոնք կտրականապես դեմ էին ցանկացած փոփոխության կամ առաջարկի և մինչև վերջին վայրկյանը քաղաքական այնպիսի համառությամբ էին պաշտպանում իրենց երկրների շահերը, որոնց կնախանձեին անգամ փորձառու դիվանագետները։
Այս տարի ինձ վստահված էր YereMUN 2026-ի ամենապատասխանատու դերերից մեկը՝ Սերժ Թաշջյանի հետ միասին համանախագահում էի ՆԱՏՕ-ի հանձնաժողովը (North Atlantic Treaty Organization)։ Մեր կոմիտեն դեռ առաջին օրվանից սահմանել էր քննարկումների բավականին բարդ ու լայն շրջանակ. օրակարգում էին կիբերանվտանգության արդի հիմնախնդիրները, ռազմական աջակցության տրամադրման մեխանիզմները, նոր խորհրդի ձևավորումն ու մշտական անդամների նշանակման հստակ ընթացակարգերը։
Իսկ արդեն երկրորդ օրը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց ամենաառանցքային ու զգայուն, ըստ էության, մեր գլխավոր թեման՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Բալթյան տարածաշրջանում և դրանից բխող աշխարհաքաղաքական ռիսկերը՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների համատեքստում։ Քննարկելով որոշակիորեն փոխկապակցված հարցեր՝ մենք վերջ ի վերջո բախվեցինք գլխավոր խնդրին՝ ՌԴ-ի հետ հարաբերություններին։ Անշուշտ, պետք էր լրջորեն աշխատել լուծումներ գտնելու համար։ Եվ պետք է ընդունեմ, որ պատվիրակների յուրաքանչյուր ելույթ և առաջարկ թույլ տվեց խորությամբ վերլուծել տարածաշրջանային անվտանգության այս բարդ շղթան։








Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հանձնաժողովի բոլոր անդամներին՝ իրենց բարձր պատրաստվածության, փայլուն բանավիճելու և ներկայացրած երկրների շահերը տպավորիչ կերպով պաշտպանելու համար։ Իսկապես, կոմիտեի բոլոր մասնակիցները լուրջ նախապատրաստական աշխատանք էին կատարել՝ մանրամասնորեն ուսումնասիրելով օրակարգն ու առնչվող հարցերը։ Նրանց կողմից միջազգային ակադեմիական գրականության, արդի հետազոտությունների և քաղաքական հայեցակարգերի կիրառումն է՛լ ավելի մեծ կշիռ ու լրջություն հաղորդեց մեր քննարկումներին։
Համաժողովի երկրորդ օրը կացարաններում բնակվող մեր միջազգային հյուրերի համար նախատեսել էինք հետաքրքրաշարժ ուսումնական շրջայց Քոլեջի և Հյուսիսային դպրոցի տարածքներում։ Ժամանելով կրթական փոխանակումների Քոլեջ՝ խումբն իր ծանոթացումը սկսեց Խաղողի և գինու ուսումնական լաբորատորիայից։ Շրջայցը վարում էր Քոլեջի ուսանող, ապագա գինեգործ Վազգենը։ Նա մանրամասն ու դյուրըմբռնելի կերպով ներկայացրեց լաբորատորիայի գործունեությունը, սովորողների ներգրավվածությունը կրթական գործընթացում, ինչպես նաև գինու արտադրության փուլերը, առկա մարտահրավերները, համագործակցության շրջանակն ու արտադրանքի արտահանումը տեղական և միջազգային շուկա։
Այնուհետև հյուրերին ուղեկցեցինք մառան, որտեղ նրանք ծանոթացան գինու ստեղծման պատմությանն ու դրա պահպանման համար ճիշտ միջավայրի ապահովման կարևորությանը, ինչպես նաև տեսան սովորողների հեղինակած գինու տեսականին։ Վազգենի ու Վահեի հետ միասին մասնակիցներին ներկայացրինք կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագիրն ու դրա ընձեռած լայն հնարավորությունները, մասնավորապես՝ «Սովորող-սովորեցնող» նախագիծը (ի դեպ, Վազգենը պատմեց իր անձնական փորձի մասին, թե ինչպես է դեռ վաղ տարիքից սկսել ուսումնասիրել գինեգործությունը)։ Խոսեցինք նաև սովորողի նախասիրությունների վրա հիմնված և գործնական շեշտադրմամբ կրթության ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև ընտրությամբ գործունեության խմբերի, ուսումնական պլանների մասին, որոնք ձևավորվում են հենց սովորողների նախաձեռնությամբ։
Տեսական ծանոթացումից հետո հյուրերի համար հաճելի անակնկալ էինք պատրաստել․ նրանք հնարավորություն ունեցան համտեսելու սովորողների ձեռքով արտադրված գինին և կիսվելու իրենց տպավորություններով։ Հատկանշական է, որ ֆրանսիացի և իսպանացի մեր գործընկերները, զուգահեռներ անցկացնելով իրենց երկրների հանրահայտ գինիների հետ, բարձր գնահատեցին մեր սաների աշխատանքը։ Արտադրանքն այնքան հավանության արժանացավ, որ ներկաներից ոմանք սիրով գնեցին դրանցից՝ որպես հուշ նմանատիպ ջերմ հանդիպումից։










Հաջորդ մեր կանգառը Սարալանջն էր՝ իր խաղողի այգիներով ու արձաններով։ Հասնելով այնտեղ՝ հյուրերին ներկայացրինք մեր կրթահամալիրի մասնաճյուղերի բաշխվածությունը, Սարալանջի՝ որպես Հյուսիսային, Արևելյան և Մայր դպրոցների կապող կամրջի յուրահատկությունը, անդրադարձանք նաև տարածքի՝ իբրև ուսումնական-կրթական միջավայրի վերափոխմանը, սովորողների ակտիվ ներգրավվածությանը Սարալանջի զարգացման գործում, սպասվելիք ծրագրերին, ինչպես նաև արձանների կերտման պատմությանն ու խորհուրդներին։
Վերադառնալով Քոլեջի հիմնական շենք՝ հյուրերին ծանոթացրինք ուսումնառության պայմաններին, կրթական ծրագրերին ու բաժիններին, ինչպես նաև լսարանային կահավորվածությանը։ Մխիթար Սեբաստացու կիսանդրու մոտ ներկայացրինք նրա և Մխիթարյան միաբանության հայրերի մեծագործությունները՝ անդրադառնալով կրթահամալիրի անվանման պատմական առաքելությանը։ Հյուրերի ուշադրությունը հատկապես գրավեց այն հանգամանքը, որ լսարաններում ավանդական պատերի փոխարեն պատուհաններ էին տեղադրված։ Մեկնաբանելով այս ճարտարապետական լուծումը՝ անդրադարձանք անկաշկանդ ստեղծագործելու, ազատ ապրելու ու զգալու գաղափարախոսությանը, քանի որ այդ պատուհանները հիմնադրման օրվանից խորհրդանշում են հենց ազատությունը։ Այս համատեքստում մեջբերեցինք նաև մեր հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հայտնի ձևակերպումներն ու ակնարկները։
Իսկ շրջայցի վերջում հյուրերին սպասվում էր ևս մեկ հրաշալի անակնկալ՝ ճանաչված երաժիշտ Գիորգի Դալլաքյանի ելույթը, ով ներկաներին հիացրեց դաշնամուրի նվագակցությամբ հնչող կենդանի դուդուկի կատարումներով։ Պատվիրակները, տպավորված լինելով կրթահամալիրով և նրա գործունեությամբ, խորին շնորհակալություն հայտնեցին նման շրջայցի կազմակերպման և անցկացման համար։
Մասնակիցների շրջայցը կարող եք դիտել ստորև․
Օրը եզրափակեցինք՝ այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր-ինստիտուտ և ծաղիկ խոնարհելով Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Օտարերկրյա հյուրերին ներկայացրինք 20-րդ դարասկզբում կատարված առաջին ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունը։
Երկրորդ օրվա ամփոփումը՝ այստեղ
Հուլիսի 8 | Թեժ քննարկումներ, անկոտրում կամք. դիվանագիտության կենտրոնում

Համաժողովի երրորդ օրը նշանավորվեց YereMUN 2026-ի ամենասպասված և բովանդակալից իրադարձություններից մեկով։ Մասնակիցների համար բացառիկ հնարավորություն էր ստեղծվել հանդիպելու և ծավալուն պանելային քննարկում անցկացնելու փորձառու դիվանագետ, ՄԱԿ-ում ՀՀ նախկին մշտական ներկայացուցիչ, COP17 բնապահպանական գագաթնաժողովի նախագահ Մհեր Մարգարյանի հետ։ Քննարկումն անցավ չափազանց ինտենսիվ և կառուցողական մթնոլորտում. պատվիրակները հնարավորություն ունեցան անդրադառնալու արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, բազմակողմ դիվանագիտության նրբություններին, միջազգային հարաբերությունների հարթակում հայկական շահերի ներկայացման առանձնահատկություններին, ինչպես նաև COP17 գագաթնաժողովի կազմակերպչական և ընթացակարգային հարցերին։ Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (CBD COP17) 17-րդ հանդիպումը տեղի կունենա Երևանում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։ Գագաթնաժողովը կկենտրոնանա Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի համաշխարհային առաջընթացի գնահատման և կենսաբազմազանության կորստի դադարեցմանն ուղղված գործողությունների արագացման վրա։
Պարոն Մարգարյանի հետ հանդիպումը պատվիրակներին թույլ տվեց խորանալ դիվանագիտական գործընթացների մեջ։ Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ լսեցին հեղինակավոր դիվանագետի՝ գագաթնաժողովի վերաբերյալ տեսական ներկայացումը, մասնագիտական դիտարկումներն ու վերլուծությունները, ինչպես նաև ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին ՄԱԿ-ի կառուցվածքային բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին և փոխկապակցված այլ թեմաների։ Նման փորձառու մասնագետի հետ երկխոսությունը նոր նշաձող սահմանեց համաժողովի երիտասարդ առաջնորդների համար։
Իհարկե, YereMUN-ն ամբողջական չէր լինի առանց իր ամենաթեժ ու սպասված գաղտնիքի՝ Gossip Box-ի (բամբասանքների արկղի)։ Այս արկղը դարձել էր պատվիրակների սիրելի անկյունը, որտեղ անանունության քողի տակ մարդիկ սրտանց կիսվում էին իրենց ամենաանկեղծ տպավորություններով՝ սկսած հանձնաժողովների աշխատանքից կառուցողական դժգոհություններից, մինչև նախագահողների հասցեին հնչող ամենաջերմ խոստովանություններն ու հաճոյախոսությունները: Կատակով կարող ենք ասել, որ այս արկղի շնորհիվ դիվանագիտական խիստ էթիկան մի պահ մի կողմ դրվեց, և բացահայտվեցին համաժողովի ետնաբեմի ամենազվարճալի ու հիշվող «դավադրությունները»։



Օրվա երկրորդ, ոչ պակաս առանցքային իրադարձությունը ճանաչողական և պաշտոնական այցն էր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Սա պատվիրակների համար իսկական հնարավորություն էր՝ սեփական աչքերով տեսնելու այն կառույցը, որի մոդելն իրենք խաղարկում են համաժողովի ընթացքում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների կողմից ցուցաբերված ջերմ ընդունելությունն ու պատրաստակամությունը է՛լ ավելի ոգևորեցին երիտասարդներին՝ ամրապնդելով նրանց հավատը դիվանագիտական առաքելության կարևորության հանդեպ։
Այցի ընթացքում մասնակիցները մանրամասն ծանոթացան գրասենյակի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերին, Կայուն զարգացման նպատակների (SDGs) տեղայնացման աշխատանքներին և Հայաստանում իրականացվող հումանիտար ու զարգացման նախաձեռնություններին։ Հյուրերի շարքում էին COP17 համաժողովում ներգրավված անձինք, պետական ոլորտում աշխատող մասնագետներ։ Տեսական քննարկումներից զատ, ՄԱԿ-ի գրասենյակի հարկի տակ գտնվելը մասնակիցներին տվեց մասնագիտական լրջության և պատասխանատվության նոր զգացում, ինչը հրաշալի ազդակ հանդիսացավ համաժողովի հաջորդ օրերի բանաձևերի մշակման համար։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին և նրա հարգարժան ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար տիկին Ֆղանսուազ Ժակոբի գլխավորությամբ, YereMUN 2026 համաժողովի ընթացքում ցուցաբերած անգնահատելի, արժեքավոր աջակցության, ինչպես նաև կազմակերպությունների միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության համար։ Մեր առանձնահատուկ խորին երախտագիտություն ենք հայտնում տիկին Արմինե Պետրոսյանին՝ շարունակական օժանդակության, երիտասարդական ծրագրերի խրախուսման, հետաքրքրված երիտասարդներին տարատեսակ նախագծերում ընդգրկման համար։
Համաժողովի երեկոն իր շարունակությունը գտավ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված գալա-երեկոյի ընթացքում, որը լի էր անմոռանալի ու հիշվող պահերով: Ուրախ երգուպարի, անկաշկանդ մթնոլորտի ու ջերմ շփումների շնորհիվ բոլորս հրաշալի ժամանակ անցկացրինք, լիցքաթափվեցինք և էլ ավելի մտերմացանք միմյանց հետ:
Պրն. Մհեր Մարգարյանի հետ հանդիպման լուսաբանումը՝ այստեղ
ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ այցի տեսանյութը՝ այստեղ
Հուլիսի 9 | Գործողությունների ժամանակը․ Բանաձևից մինչև համաձայնություն
Համաժողովի նախավերջին օրը լի էր իսկական դիվանագիտական պայքարով։ Երկարատև ու բարդ քննարկումների, փոխզիջումների և լարված բանակցությունների արդյունքում բոլոր կոմիտեներում, և հատկապես ամենաթեժ մթնոլորտն ունեցող հանձնաժողովներում, ինչպիսիք էին ՆԱՏՕ-ն, Անվտանգության խորհուրդը և այլն, պատվիրակներին հաջողվեց գալ ընդհանուր հայտարարի։ Կողմերը եկան վերջնական համաձայնության, և օրակարգային բարդագույն խնդիրների վերաբերյալ պատրաստված բանաձևերը հաջողությամբ ընդունվեցին:
Այսպիսով, բոլոր հանձնաժողովների կողմից բանաձևերի հաստատումից հետո, YereMUN 2026-ի պաշտոնական ու աշխատանքային հագեցած մասը համարվեց փակված։ Կազմակերպչական թիմն ու պատվիրակները կարողացան թեթև շունչ քաշել՝ գիտակցելով, որ մի քանի օր տևած քրտնաջան ու լարված աշխատանքը տվեց իր ցանկալի ու տպավորիչ արդյունքը։

Օրվա վերջում բոլորս հավաքվեցինք հարմարավետ առանձնատանը, որտեղ կազմակերպված ջերմ խնջույքի ընթացքում հրաշալի ժամանակ անցկացրինք: Ուրախ երգուպարի, անկաշկանդ մթնոլորտի ու հաճելի զրույցների շնորհիվ բոլորս լիցքաթափվեցինք, վայելեցինք երեկոն և էլ ավելի մտերմացանք միմյանց հետ։
Հուլիսի 10 | Փակման պաշտոնական արարողություն և նոր սկիզբ
Այսպիսով, եկավ հուլիսի 10-ը՝ Երևանի ՄԱԿ-ի մոդել միջազգային համաժողովի վերջին օրը։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ այս հինգ օրերն իսկապես ակնթարթորեն անցան. հազիվ մասնակիցները հասցրին լիովին վարժվել ընթացակարգերին ու կանոնակարգերին, երբ արդեն հասավ եզրափակիչ օրը։ Այդ օրն ավելի ազատ էր, քանզի բոլոր բանաձևերը բոլոր հանձնաժողովներում արդեն ընդունվել էին, պաշտոնական հատվածը փակված էր։ Օրակարգի համաձայն՝ պատվիրակները սկսեցին նախապատրաստվել փակման հանդիսավոր արարողությանը։ Այդ միջոցառման թերևս ամենասպասված պահը, իհարկե, հավաստագրերի և որն ավելի էական է՝ պատվոգրերի հանձնումն էր աչքի ընկած մասնակիցներին։
Այս առումով, պետք է խոստովանեմ, որ ունենալով մի կոմիտե, որի բոլոր անդամները սիրով և նվիրվածությամբ մասնակցում են կոմիտեի և համաժողովի աշխատանքներին, պատվով և համառորեն պաշտպանում են իրենց պետության շահերը, դիվանագիտական բառապաշարով և վարվելակերպով բանակցում են իբրև որակավորված և անվանի դիվանագետներ, ներկայացնում են ակադեմիական ոճով գրված դիրքորոշման փաստաթղթեր, ակտիվ ներգրավվում ոչ ֆորմալ արարողություններին, ինչպես նաև ցուցաբերում բարձր առաջադիմություն, մեզ՝ որպես հանձնաժողովի նախագահողների համար առավել քան բարդ է առանձնացնել սահմանափակ թվով անձանց, ովքեր արժանի են հավելյալ մրցանակի։
Անկախ նրանից, թե պատվիրակը ստանում է մրցանակ, թե ոչ, նրա համար ամենակարևոր ձեռքբերումներն այս օրերի ընթացքում կան և մնում են ընկերությունը, բազմաթիվ կապերը նոր մարդկանց հետ, փոխադարձ շփումները, գիտելիքային պաշարի և փորձի ավելացումը, դիվանագիտական գործընթացների մասին ավելի ճշգրիտ պատկերացում կազմելը։ Լիահույս եմ, որ այս առումով միջազգային համաժողովը արդարացրեց մասնակիցների ակնկալիքները։
Մինչ փակման արարողության մեկնարկը, պատվիրակներն ու նախագահողները հրավիրվեցին նիստերի դահլիճ՝ ընդունված բանաձևերը ներկայացնելու, դիտարկումներ անելու համար։ Ըստ հերթականության ամբիոնի մոտ կանչվեցին կոմիտեների համակարգողներն ու երկու պատվիրակներ։
Ժամը 14:30 Երևանի պետական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց YereMUN 2026 միջազգային համաժողովի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Հանրապետության նախագահի աշխատակազմի Նախագահական նախաձեռնությունների վարչության պետ պարոն Լիպարիտ Մելքոնյանը, ԵՊՀ ռեկտորի տեղակալ պարոն Միքայել Հովհաննիսյանը։
Համաժողովի շրջանակներում կրթական կապերի ընդլայնումն ու սեբաստացի սաների փայլուն մասնակցությունը գեղեցիկ ավարտ ունեցան։ Մեծագույն պատիվ էր եզրափակիչ օրը հյուրընկալել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն տիկին Լուսինե Փաշայանին և Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ղեկավար տիկին Մարթա Ասատրյանին։ Այս կարևոր այցի շրջանակներում նաև նախանշվեցին հետագա քայլերը, և կազմակերպության ու կրթահամալիրի միջև համագործակցության հուշագիր կնքվեց, ինչը նոր ու ավելի մեծ հնարավորություններ կբացի երկուստեք։
Համաժողովի լավագույն մասնակիցներին պարգևատրելու հանդիսավոր պահին ամբիոնի մոտ հրավիրվեցին հանձնաժողովների նախագահողները։ Յուրաքանչյուր կոմիտեի համար սահմանված էր 4 անվանակարգ՝ «Լավագույն դիրքորոշման փաստաթուղթ» (Best Position Paper), երկու «Պատվավոր նշում» (Honorable Mention) և, իհարկե, գլխավոր մրցանակը՝ «Լավագույն պատվիրակ» (Best Delegate)։ Հաշվի առնելով, որ ամեն հանձնաժողովում կազմը տատանվում էր 20-ից 25 պատվիրակի սահմաններում՝ ընտրության պրոցեսը նախագահողների համար բավականին բարդ էր, իսկ մրցակցությունը՝ չափազանց թեժ։







Ներքևում դուք կարող եք տեսնել, թե յուրաքանչյուր հանձնաժողովից ո՛ր երկրներն են արժանացել մրցանակի․
Զինաթափման և միջազգային անվտանգության հանձնաժողով (DISEC)
- «Լավագույն պատվիրակ» — Իրան
- «Պատվավոր նշում» — Ռուսաստան, Միացյալ Թագավորություն
- «Լավագույն դիրքորոշման փաստաթուղթ» — ԱՄՆ
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր (UNEP)
- «Լավագույն պատվիրակ» — Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
- «Պատվավոր նշում» — Կամերուն, Ֆրանսիա
- «Լավագույն դիրքորոշման փաստաթուղթ» — Բելգիա
Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողով (CCPCJ)
- «Լավագույն պատվիրակ» — Կոլումբիա
- «Պատվավոր նշում» — Ֆրանսիա, Հայաստան
- «Լավագույն դիրքորոշման փաստաթուղթ» — ԱՄՆ
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն (UNESCO)
- «Լավագույն պատվիրակ» — Ղազախստան
- «Պատվավոր նշում» — Օման, Եմեն
- «Լավագույն դիրքորոշման փաստաթուղթ» — Եգիպտոս
Եվրոպական հանձնաժողով (Commission européenne)
- «Լավագույն պատվիրակ» — Գերմանիա
- «Պատվավոր նշում» — Հունաստան, Նիդերլանդներ
- «Լավագույն դիրքորոշման փաստաթուղթ» — Իտալիա
Հյուսիսատլանտյան դաշինք (NATO)
- «Լավագույն պատվիրակ» — Գերմանիա
- «Պատվավոր նշում» — Ֆրանսիա, Շվեդիա
- «Լավագույն դիրքորոշման փաստաթուղթ» — Ֆինլանդիա
Անվտանգության խորհուրդ (UNSC)
- «Լավագույն պատվիրակ» — Ալժիր
- «Պատվավոր նշում» — ԱՄՆ, Ֆրանսիա
- «Լավագույն դիրքորոշման փաստաթուղթ» — Միացյալ Թագավորություն
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ (UNHRC)
- «Լավագույն պատվիրակ» — Ռուսաստան
- «Պատվավոր նշում» — Հայաստան
- «Լավագույն դիրքորոշման փաստաթուղթ» — Ճապոնիա
«Լավագույն հանձնաժողով» անվանակարգին արժանացավ Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը (CCPCJ)









Մրցանակների հանձնման հուզիչ արարողությանը հաջորդեց համաժողովի թերևս ամենառազմավարական ու պատմական պահը՝ պաշտոնական հուշագրերի ստորագրումը: Միջազգային կապերի ընդլայնման շրջանակում կնքվեցին համագործակցության հուշագրեր Stras’Diplomacy-ի և HKBUMUN-ի հետ: Սակայն օրվա գլխավոր ու ամենակարևոր իրադարձությունը, որն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ պաշտոնական հուշագրի ստորագրումն էր:
Համաձայնագիրը ստորագրվեց կրթահամալիրի տնօրեն տիկին Լուսինե Փաշայանի և YereMUN հասարակական կազմակերպության նախագահ պարոն Վրույր Հլղաթյանի կողմից։ Այս առանցքային համաձայնագիրը ոչ միայն ամրագրեց սեբաստացի սաների փայլուն ու ակտիվ մասնակցությունը որպես պատվիրակներ, այլև հաստատուն հիմքեր դրեց երկարատև ու խորքային գործընկերության համար, ինչը նոր, աննախադեպ կրթական հորիզոններ ու ավելի մեծ հնարավորություններ կբացի երիտասարդ դիվանագետների ապագա սերունդների համար։
Սույն համագործակցության արդյունքում էր, որ այս բարդ ու պատասխանատու աշխատանքներին իրենց ակտիվ ու տպավորիչ մասնակցությունն ունեցան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շնորհալի սաները։ Համաժողովում որպես պատվիրակներ և կազմակերպչական հարցերով պատասխանատուներ հանդես եկան, իրենց լավագույնս դրսևորեցին և բարձր պահեցին կրթահամալիրի անունը ներքոհիշյալ սովորողները․
- Մարի Անանյան (10-րդ դաս.) — պատվիրակ
- Սանահին Բիգլարյան (10-րդ դաս.) — պատվիրակ
- Դավիթ Մուրադյան (10-րդ դաս.) — պատվիրակ
- Մելանյա Քեքեջյան (11-րդ դաս.) — պատվիրակ
- Ավետ Չամսարյան (11-րդ դաս.) — պատվիրակ
- Ռուբեն Մաթևոսյան (11-րդ դաս.) — պատվիրակ
- Վահե Գրիգորյան (11-րդ դաս.) — համակարգող
- Ալբերտ Մանուկյան (11-րդ դաս.) — համակարգող










Համաժողովն ավարտվեց YereMUN-ի նախագահ Վրույր Հլղաթյանի եզրափակիչ ելույթով, կազմակերպչական թիմի անդամ, Իրավաբանական վարչության ղեկավար Արմինե Հովհաննիսյանի կողմից կարճամետրաժ տեսաֆիլմի ցուցադրմամբ, որն ուղեկցվեց բարձր ծափահարություններով, ջերմ գրկախառնություններով, նամակների և գրությունների փոխանակումներով։
Կրթահամալիրի հետ համագործակցության վերաբերյալ մանրամասն ընթերցե՛ք՝ այստեղ
Ստորագրման արարողությունը դիտե՛ք՝ այստեղ
Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի լուսաբանումը՝ այստեղ
Ընդհանուր ֆոտոլուսաբանումը տեսե՛ք՝ այստեղ
Ընդհանուր ամփոփում
Ահա և վերջ. միջազգային այս մեծ ու պատասխանատու համաժողովը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Իրապես դժվար էր այսքան հույզեր, ձեռքբերումներ ու անքուն գիշերների աշխատանք ամփոփելը՝ արցունքն աչքերին, բայց վստահորեն կարող եմ ասել՝ մեզ մոտ ստացվեց։
Եվս մեկ անգամ սրտանց շնորհակալություն եմ հայտնում համաժողովի յուրաքանչյուր մասնակցին՝ այս օրերը կատարյալ ու անմոռանալի դարձնելու համար։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում թիմի անդամներին՝ իմ սիրելի գործընկերներին, ովքեր ներդրեցին իրենց առավելագույնը համաժողովը գերազանց կազմակերպելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն մեր միջազգային գործընկերներին ու օտարերկրյա հյուրերին՝ Հայաստան այցելելու և YereMUN-ի անունն ու վարկանիշը բարձր պահելու համար, ինչպես նաև կամավորներին, ովքեր անխոնջ աջակցություն ցուցաբերեցին ողջ ընթացքում: Եվ, իհարկե, շնորհակալություն տեղական ու միջազգային բոլոր գործընկեր-կազմակերպություններին վստահության, արդյունավետ համագործակցության և այս մեծ ծրագրերը համատեղ իրականություն դարձնելու համար։
Առանձնահատուկ և խորին երախտագիտություն եմ հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ ցուցաբերած մեծ վստահության, սերտ համագործակցության և հատկապես մեր հյուրերի հարմարավետ կացարանային ապահովվածության հարցում անգնահատելի աջակցության համար։ Հատկանշական է, որ մեր օտարերկրյա հյուրերն իրենց ելույթներում ու զրույցներում պարբերաբար առանձնակի ջերմությամբ շնորհակալություն էին հայտնում կրթահամալիրին և նրա ողջ աշխատակազմին՝ սիրալիր ընդունելության, հյուրընկալության և բարձրակարգ սպասարկման համար, ինչն էլ ավելի արժևորեց այս համատեղ ձեռքբերումը։ Իմ շնորհակալությունը սեբաստացի պատվիրակությանը, որը բարձր պահեց մեր կրթահամալիրի անունը։ Շնորհակալությունս իմ ընկերներ Ալբերտ Մանուկյանին և Վահե Գրիգորյանին՝ մշտապես աջակցելու, օգնության հասնելու համար։
Գործընկերների հյուրընկալումը կացարաններում (հուլիսի 5-11)
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ համագործակցության շրջանակում, մենք կրթական փոխանակումների Քոլեջի և Հյուսիսային դպրոց-պարտեզի կացարաններում հյուրընկալեցինք 15 միջազգային գործընկերների։ Համաժողովին նախորդող օրերի ընթացքում, ամենօրյա ռեժիմով կապի մեջ գտնվելով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրացի պատվիրակների հետ, հաջողեցինք նրանց դիմավորման, ուղեկցման և ընդունելության հարցերում։ Հատուկ պետք է նշեմ եվրոպական մի շարք երկրներից ժամանած հյուրերին բարձրամակարդակ ընդունելության արժանացնելու գործում մեծ աջակցություն ցուցաբերած կրթահամալիրի աշխատակազմի ներկայացուցիչներին։
Հուլիսի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հյուրերն արդեն տեղավորվել էին երկու կացարաններում և սկսել էին ծանոթությունը միմյանց հետ։ Համաժողովի վերջում պատվիրակները խոստովանեցին, որ կացարաններում ապրելն իրենց համար յուրահատուկ փորձառություն էր, և որ նոր հնարավորության դեպքում, ևս մեծ սիրով կցանկանային մնալ այնտեղ։ Կացարաններում ստեղծված անկաշկանդ ու ջերմ միջավայրը, ժամանակակից հարմարավետ կահավորվածությունն ու կանաչապատ շրջակայքը, ինչպես նաև հյուրերի համար առանցքային համարվող կրթական մթնոլորտն իրենց կեցությունն այնտեղ դարձրել էին առավել հոգեհարազատ ու տպավորիչ։
Իմ խորին շնորհակալությունը ներքոհիշյալ անձանց՝ համաժողովի ընթացքում հյուրերի դիմավորման և ընդունելության, շրջայցի կազմակերպման, ինչպես նաև միջկազմակերպական համագործակցության զարգացման հարցում անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար․
- Կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն տիար Աշոտ Բլեյանին,
- Կրթահամալիրի տնօրեն տիկին Լուսինե Փաշայանին,
- Կրթահամալիրի փոխտնօրեն տիկին Սուսան Մարկոսյանին,
- Կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավար տիկին Լիլիթ Ազիզխանյանին,
- Քոլեջի տնօրեն տիկին Տաթև Բլեյանին,
- Քոլեջի կացարանի պատասխանատու, իմ լավ ընկեր Գիորգի Դալլաքյանին,
- Հյուսիսային դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավար տիկին Աննա Ֆրանգյանին,
- Հյուսիսային դպրոց-պարտեզի հսկիչներ Արսենին և Արգիշտիին,
- Տնտեսվարուհի տիկին Ալվարդ Դավթյանին,
- Խաղողի և գինու դպրոցի դասավանդողներին և սովորողներին։
Եվ վերջում, իմ մեծագույն ու խորին երախտագիտությունն եմ հայտնում իմ թանկագին ընկերոջը, մեծատառով հայ երիտասարդին, ով ամեն օր մտածում և գործում է իր հայրենիքի շենացման ու զարգացման համար, և ով պատասխանատվության բարձր զգացումով մշտապես անմնացորդ ներկայացնում ու բարձր է պահում Հայաստանի անունը միջազգային ամենաբարձր ամբիոններում՝ YereMUN կազմակերպության նախագահ և պարզապես բացառիկ անձնավորություն Վրույր Հլղաթյանին։
Սրտանց շնորհակալ եմ անսահման վստահության, արդյունավետ համագործակցության և համաժողովի ողջ ընթացքում ցուցաբերած արժեքավոր աջակցության համար։ YereMUN-ն ինձ համար դարձել է մի մեծ ընտանիք, որտեղ ես ստացել եմ անգնահատելի գիտելիքներ ու կյանքի մեծ փորձ։ Ի սրտե շնորհակալ եմ քեզ, սիրելի՛ և հարգելի՛ Վրույր, այս մեծ հնարավորության համար։
YEREMUN-Ը ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ, ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՏՆԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՐԴ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՄԻՇՏ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՈՎ ԻՐ ՈՐԴԵԳՐԱԾ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ։
Կեցցե՛ Երևանի ՄԱԿ-ի մոդելը,
Կեցցե՛ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Մինչ նոր հանդիպումներ, շնորհակալություն ուշադրության համար։
YereMUN հասարակական կազմակերպության այլ նախաձեռնություններ և ծրագրեր
- YereMUN 2024 համաժողովը ՀՀ-ում. ամփոփում
- YereMUN 2024 Conference in Armenia: Summary
- Հանդիպում YereMUN կազմակերպության նախագահ Վրույր Հլղաթյանի հետ. ամփոփում
- «Դիվանագիտական շաբաթ» ծրագրի ամփոփում
- «Դիվանագիտական շաբաթ» ծրագիրը Փարիզում. ամփոփում
- “Diplomatic Week” program in Paris: summary
- YereMUN 2025 Միջազգային համաժողովը Երևանում. ամփոփում
- “Yere’Diplomacy Week 2026” Summary
© Դավիթ Մուրադյան 19.07.2026