Կատարմանժամկետը՝ 10.10-15.10
Պարսից քաղաքականությունը Հայաստանում
Վարդանանց պատերազմը
Աղբյուրնեը՝Հայոցպատմությանդասագիրք, 7-րդ դասարան, էջ 35-42
Վարդանանց պատերազմ
449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսից արքունիքը չէր թաքցնում, որ իր բուն նպատակը Հայաստանն ու հարևան երկրները վերջնականապես իրեն ենթարկելն է: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայ ավագանին պարտավոր էր կամ հանգամանալից պատասխանել և կամ էլ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ արքունի ատյանին: Հայերը լավ էին հասկանում, որ կրոնափոխության առաջարկը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Պարսկաստանը դրանով փորձում էր զրկել հայերին հոգևոր-մշակութային ինքնատիպությունից, հեշտացնել նրանց ձուլումը պարսիկների հետ:
Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում` կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով` հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը։
Երկրի ճանաչված ղեկավարներից սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ընդառաջելով նախարարների ու ժողովրդի ցանկությանը, անցնում է երկրի զինված ուժերի գլուխ: Շարժման այս փուլում Վասակ Սյունին ապստամբության գլխավոր ղեկավարներից էր: Երկիրը պարսկական ավերումից փրկելու նպատակով նա փորձում էր հանգստացնել պարսիկ մոգպետին, որպեսզի նա հայերի դեմ չգրգռի պարսից արքունիքը, միաժամանակ մասնակցում էր ապստամբության նախապատրաստությանը: Նա բոլորի հետ մեկտեղ «անսուտ երդում տվեց սուրբ Ավետարանի վրա»:
Ապստամբության ոգին համակել էր բոլորին: Ժողովրդի տարբեր խավերին միավորել էր պարսկական իշխանությունների դեմ համընդհանուր ատելությունը: Ապստամբներն ուխտեցին չդավաճանել ընդհանուր գործին և համատեղ պայքարել թշնամու դեմ: Ապստամբները հարձակվեցին այն բերդերի, ավանների և քաղաքների վրա, որտեղ պարսից կայազորներ էին հաստատված: Շուտով նրանց ձեռքն անցան երկրի հինավուրց մայրաքաղաք Արտաշատը, Վանը, անառիկ ամրոցներից Գառնին, Անին, Արտագերսը և այլն: Ժողովուրդն ամենուրեք զինվում էր և պատրաստվում կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:
Շարժման ծավալումը
Ապստամբների թիվն օրեցօր ավելանում էր, իսկ թշնամական զորագնդերն արդեն դուրս էին քշվել երկրից: Երկիրը փաստորեն անկախացել էր: Հազարապետի, մաղխազի և մեծ դատավարության գործակալությունները վերստին գլխավորեցին Վահան Ամատունին, Խորեն Խորխոռունին և Հովսեփ Վայոցձորեցին: Հայ նախարարները պատրաստվում էին վերականգնել հայոց անկախ թագավորությունը: Այդ նպատակով նախարարական տարբեր խմբավորումներ առաջ են քաշում իրենց թեկնածուներին: Հայոց գահը զբաղեցնելու հավակնություններ ունեին առաջին հերթին ապստամբության հիմնական ղեկավարները՝ Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին: Այդ մեծ նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր պարսիկների դեմ պայքարում դաշնակիցներ ձեռք բերել, շարժման մեջ ներգրավել հարևան բախտակից ժողովուրդներին: Դաշինք կնքելու և օգնություն ստանալու նպատակով հայերը դիմեցին Բյուզանդիային: Սակայն կայսրը ոչ միայն մերժեց հայերին, այլև վերստին հաստատեց պարսիկների հետ հին դաշինքը և նրանց խոստացավ չօգնել հայերին: Բյուզանդիան պարսից արքունիքին նաև տեղյակ պահեց հայերի ապստամբական ծրագրերին: Միաժամանակ Հայաստանի բյուզանդական մասի հայ իշխաններին արգելվեց օժանդակել իրենց պարսկահպատակ ազգակիցներին:
Եղիշեի «Վասն Վարդանա և Հայոց պատերազմին» աշխատությունը
Բյուզանդիայի թշնամական դիրքորոշումը, սակայն, ապստամբներին չհուսահատեցրեց: Նրանք քաջ գիտակցում էին, որ պետք է հույսը դնել առաջին հերթին սեփական ուժերի վրա: Հայերն անգամ պատրաստ էին օգնելու պարսիկների դեմ ապստամբած իրենց բախտակից հարևաններին:
Պարսկական հալածանքներն ապստամբություն ծնեցին նաև հարևան Աղվանքում, որը գտնվում էր Կուր գետի, Կովկասյան լեռնաշղթայի և Կասպից ծովի միջև: IV դ. 30-ական թթ. Աղվանքը քրիստոնեություն էր ընդունել, իսկ դարավերջին ընկել Պարսկաստանի տիրապետության տակ: Պարսիկների դեմ պայքարում հայտնվելով ծանր կացության մեջ՝ աղվաններն օգնության խնդրանքով դիմեցին հայերին: Հայաստան եկած աղվանից եպիսկոպոսն ու հազարապետը հաղորդեցին, որ պարսկական բանակն ու մոգերը ներխուժել են Աղվանք և բռնությամբ կրակապաշտություն են տարածում: Հայերը որոշեցին օգնության ձեռք մեկնել հարևան ժողովրդին:
Ապստամբության ղեկավարները հայկական զորքը բաժանեցին երեք մասի: Առաջինի հրամանատար կարգեցին Ներշապուհ Արծրունի իշխանին և ուղարկեցին Հեր ու Զարևանդ գավառներ՝ Ատրպատականի կողմից պաշտպանելու երկրի սահմանները: Երկրորդ զորաբանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ օգնության շտապեց աղվաններին: Երրորդ զորաբանակը Վասակ Սյունու ղեկավարությամբ մնաց երկրում: Մարզպանի խնդիրն էր անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ մյուս զորաբանակներին և պահպանել կարգն ու կանոնը երկրում:
Վարդան Մամիկոնյանը զորքով թշնամուն հանդիպեց Խաղխաղ քաղաքի մոտ (ներկայիս Ղազախ քաղաքի մերձակայքում): Հայկական փոքրաթիվ զորաբանակը որոշեց ճակատամարտ տալ և կանխել պարսիկների հնարավոր հարձակումն Աղվանքից: Հակառակորդին ջախջախելուց և փախուստի մատնելուց հետո հայոց բանակն անցավ Կուրը և աղվանից զորքերի հետ Աղվանքը մաքրեց պարսկական զորամասերից: Վարդան Մամիկոնյանը շարունակեց առաջխաղացումը մինչև Ճորա (Հոնաց) պահակի ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ: Հոները պարտավորվեցին օգնել հայերին պարսիկների դեմ պայքարում:
Մինչ սպարապետն Աղվանքում էր, Հայաստանում վիճակը լարվեց: Վասակ Սյունին տեսնելով, որ օգնություն չկա ոչ Բյուզանդիայից, ոչ էլ հոներից, իր կողմը գրավեց մի խումբ հայ նախարարների և պարսկական ավերիչ արշավանքից երկիրը զերծ պահելու նպատակով որոշեց լեզու գտնել պարսից արքունիքի հետ: Նա ձգտում էր կանխել հայերի ռազմական բախումը պարսկական գերակշիռ ուժերի հետ: Ստանալով պարսից արքունիքի համաձայնությունը՝ Վասակը հայտարարեց, որ Հազկերտը հրաժարվել է կրոնափոխության ծրագրից և պատրաստ է ներել ապստամբներին: Թերևս նրան այդ քայլին մղեց նաև իր որդիների` Տիզբոնում պատանդ լինելու հանգամանքը, քանի որ նրանք կարող էին մահապատժի ենթարկվել: Բացի այդ՝ նա սկսել էր երկյուղել, որ օգնության բացակայության դեպքում ապստամբությունը կպարտվի, և նա կկորցնի ոչ միայն մարզպանի պաշտոնը, այլև Սյունյաց նահապետի ժառանգական իրավունքը: Այս ամենի հետևանքով Վասակը, փաստորեն, դրժեց համատեղ պայքարելու իր երդումը և հեռացավ ապստամբությունից:
Ստանալով այս անհանգստացնող լուրերը՝ Վարդան Մամիկոնյանը հապճեպ վերադարձավ Հայաստան, իսկ Վասակ Սյունին ապստամբների ճնշման ներքո քաշվեց Սյունիք: 450-451թթ. ձմեռն էր, սպառվել էին պարենի պաշարները: Ուստի սպարապետն արձակեց իր զորաբանակը՝ գարնան վերջին հավաքելու ծրագրով:
Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451թ. գարնանը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ Մատյան գնդով, ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շատ չանցած այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին:
Իմ բլոգում ես նյութ եմ տեղադրել,որում ես պատմում եմ ճակատամարտերի մասին։Կարող եք նայել այս հղումով