Հունվարի 10-16
Սրտի կառուցվածքը և ֆունկցիան:Արյան և ավշային շրջանառություն:
Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:
Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:

Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:

Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:

Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ:
Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:

Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ: Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ: Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:

Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ: Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ: Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ, որոնց տևողությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են.
1. Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում:
2. Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում:
3. Ընդհանուր դադարը, տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում: ՈւշադրությունԱյսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0,4 վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է:Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը մեկ րոպեում կծկվում է 70−75 անգամ: Սրտի բարձր աշխատունակության պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը: Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250−300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև 2000 սմ³:

Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված: Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով: Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը, մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դանդաղեցնում են այն: Սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս: ՈւշադրությունՍրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով: Դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):

Արյան շրջանառությունը օրգանիզմում ՝
Արյան շրջանառության համակարգ:
Արյունն օրգանիզմում մշտապես շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյան անընդհատ հոսքն իրականացվում է արյան շրջանառության օրգանների միջոցով, որոնք են սիրտը և արյան անոթները: Սիրտը ռիթմիկ կծկումների շնորհիվ ապահովում է արյան հոսքն արյունատար համակարգում, դրանով իսկ իրականացնում է սննդանյութերի մատակարարումը բոլոր բջիջներին և այնտեղից ոչ պիտանի նյութերի հեռացումը: Արյունատար համակարգի ամենախոշոր զարկերակը աորտան է, որը, սկիզբ առնելով սրտի ձախ փորոքից, անընդհատ ճյուղավորվելով, վեր է ածվում ավելի փոքր զարկերակների, ի վերջո` մազանոթների: Վերջիններս, միմյանց հետ միավորվելով, դառնում են երակներ, որոնցով արյունը վերադառնում է սիրտ:

Ավշաշրջանառության համակարգը, նրա դերը օրգանիզմում:
Արյունատար և ավշային համակարգերը սերտորեն կապված են միմյանց հետ: Ավշային համակարգը սկսվում է ավշային մազանոթներից, որոնք կույր պարկանման ծայրով գտնվում են հյուսվածքի միջբջջային տարածքում: Հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթների մեջ և ձևավորվում է ավիշը:

Ավշային անոթները, միմյանց միանալով, առաջացնում են ավելի խոշոր անոթներ, որոնք, ի վերջո, կրծքավանդակում թափվում են արյունատար անոթների երակների (վերին և ստորին սիներակներ) մեջ:

Իմ պատրաստած տեսանյութը՝