Երկրորդ փուլ

Ընտրել անուններից մեկը և ներկայացնել նրա կյանքը, գործունեությունը, արած աշխատանքը, թողած ժառանգությունը

Սահակ Ա Պարթև

Սուրբ Սահակ Պարթև (348 թ. սեպտեմբերի 29-439 թ. սեպտեմբերի 7, գ. Բլուր, Բագրևանդ գավառ), Հայ Առաքելական եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն հայոց կաթողիկոս 387 թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։

Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը։ Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում։ Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր։ Ներդրում է ունեցել շարականագրության մեջ։

St. Sahak Partev.jpg

Նշանակալի է Սահակ Ա Պարթևի մատենագրական ժառանգությունը։ Նա կարգավորել է հայկական Տոնացույցը, գրել եկեղեցական ու աշխարհիկ դասերին, պաշտոնյաներին, հայ ընտանիքին, ամուսնությանը և այլ հարցերին վերաբերող բազմաթիվ կանոններ, գրել և եղանակավորել է շարականներ, պատարագամատույց, ծիսական աղոթքներ, հատկապես վճռական դեր է խաղացել հունարեն Աստվածաշնչի թարգմանության և կանոնացման գործում։

Սահակ Ա Պարթեւը եղել է Հայոց կաթողիկոսության՝ Գրիգոր Լուսավորչի տոհմից վերջին ներկայացուցիչը: Ծնվել է 348 թ․ սեպտեմբերի 29-ին Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, մի քանի տարի անց Հայոց կաթողիկոս ձեռնադրված Ներսես Ա Մեծ Պարթեւի եւ Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի ընտանիքում: Դեռ մանուկ հասակում կորցրել է մորը, իսկ հոր՝ հռոմեական կայսրություն ուսումնառության մեկնելուց հետո դաստիարակվել է մորական պապի՝ Վարդան Մամիկոնյանի տանը: Հոր կաթողիկոսական աթոռ բարձրանալուց հետո փայլուն կրթություն է ստացել Կեսարիայի, Ալեքսանդրիայի եւ Կոստանդնուպոլսի նշանավոր ուսումնագիտական կենտրոններում: Տիրապետել է հունարենին, ասորերենին եւ պարսկերենին, եղել է հմուտ հայկաբան: Հոգեւորական ձեռնադրվելով՝ աչքի է ընկել առաքինությամբ, իր շուրջն է հավաքել մայրաքաղաքների սպուդեների (նշանակում է փութաջան, գործունյա. այսպես էր կոչվում արեւելահռոմեական կայսրությունում կրոնական մի կարգ, որի անդամներն ուխտում էին անդադար աղոթել, աղքատ ու ժուժկալ կյանքով ապրել եւ զբաղվել հայրախոսական գրականությամբ) նմանությամբ 60 աշակերտների, որոնք հագել են մազեղեն հանդերձներ, պատված են եղել երկաթով ու միշտ ոտաբոբիկ շրջել նրա հետ՝ եկեղեցական պաշտամունք կատարել անապատականների նման եւ հոգ տարել երկրին աշխարհիկների նմանությամբ:

Ս. ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ

Սահակ հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի (353-373) որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի (301-325) տան վերջին ներկայացուցիչը: Շատ վաղ հասակից երանաշնորհ հայրապետը, զրկվելով մայրական խնամքից, փոխադրվում է Տարոն և մեծանում ու դաստիարակվում Մամիկոնյան իշխանների` իր մոր կողմից ազգականների հոգածության ներքո:
Նախնական կրթությունն ստանում է Հայաստանում, ապա ուսանում Կեսարիայում և Կ. Պոլսում` կատարելապես հմտանալով երաժշտական, հռետորական ատենաբանության, իմաստասիրության ու լեզվագիտության մեջ:
387 թ. Խոսրով Գ արքայի (385-388) կամքով բազմում է Ամենայն Հայոց հայրապետական գահին: Իր 52-ամյա (387-439) հայրապետական գործունեությամբ Մեսրոպ Մաշտոցի հետ լծվում է Հայոց Եկեղեցու պայծառացման: Հայկական գրերի ստեղծումից հետո ասորերենից թարգմանում է Ս. Գիրքը, որը համարվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհին:
Վախճանվում է 440 թ., նավասարդ ամսվա վերջին օրը, այսինքն` սեպտեմբերի 9-ին` նույն օրը, որ ծնվել էր: Թաղվում է Տարոնի Աշտիշատ գյուղում:

Սահակ Ա Պարթևը կարևոր դեր է խաղացել Հայ եկեղեցու պաշտոներգության, երաժշտածիսական գրքերի հայացման և կազմավորման գործում։ Մեսրոպ Մաշտոցի հետ նա հայ հոգևոր ինքնուրույն երգերի սկզբնավորողն է։ Նրա անունով հայտնի են Ժամագրքում զետեղված Գիշերային ժամի չորս երգեցիկ քարոզները, ինչպես նաև բազմաթիվ շարականներ՝ Ղազարի հարության, Ծաղկազարդի կանոնները, երկրորդ Ծաղկազարդի հին կանոնի երգերը և Ավագ շաբաթվա բոլոր օրերի կանոնների երգերի մեծամասնությունը։

Ուշագրավ է նաև միջնադարյան գրչագիր Գանձարաններում պահպանված Սահակ Ա Պարթևի «Պարագրի անպարագրելի բանն» սկզբնատող ունեցող տաղը։

Մի շարք հայ միջնադարյան աղբյուրներ Սահակ Ա Պարթևին են վերագրում հայոց եկեղեցական ձայնեղանակների՝ ութ ձայնի առաջին կարգավորումը։

Հայ եկեղեցին սուրբ Սահակ Ա Պարթևի հիշատակը տոնում է տարին երկու անգամ։ Հիշատակի օրերից առաջինը նշվում է Մեծ Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը (Առաջավորաց պահքի կիրակիի 14-րդ օրը՝ հունվարի 24-ից փետրվարի 28-ը), երկրորդը՝ սուրբ Մեսրոպ Մաշտոցի հետ՝ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը (հունիսի 1-ից հուլիսի 16-ն ընկած շրջանում)։