Ազգային կամ մեկ էթնիկական կազմավորման կրոններ

  • Միթրաիզմ
  • Զերվանիզմ
  • Մազդեիզմ
  • Հինդուիզմ
  • Հուդայիզմ
  • Ջայնիզմ
  • Սինտոյիզմ
  • Միթրաիզմ

Հին Իրանում, զրադաշտականության ծագումից առնվազն չորս հազար տարի առաջ, միհրականությունը կամ Միհրի պաշտանմունքը (Միտրաիզմը) մեծ տարածում է ունեցել, որը իր ընդգրկուն ծավալներով շարունակել է գոյատևել  մինչև մ.թ.ա. չորրորդ դարի 600-ական թվականները:

Միհր աստծո մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք Հերոդոտի մոտ, ով հին ժողովուրդների պաշտամունքի մասին խոսելիս Միթրային հիշատակում է իբրև ֆարսիների (իրանցիների) աստված. «Ասորիները երկրպագում էին Աֆրոդիտեին՝ Միլիթոյին, արաբները՝ Ալիլամին, իսկ ֆարսիները՝ Միթրային»:

Պարթևների (Իրանի արշակունիների) օրոք Միհրի պաշտանմունքը (միտրաիզմը) այնպիսի ընդգրկուն տարածում է գտնում, որ դուրս գալով Իրանի սահմաններից տարածվում է այդ ժամանակաշրջանի ողջ Եվրոպայով մեկ, ընդհուպ մինչև Հռոմ, ներթափանցելով պատմական մի տևական ժամանակահատված՝ վերածվում է Հռոմի մեծ կայսրության պաշտոնական կրոնի:

Միհրականությունը հիմնված էր Միհր դիցի (արևի աստծո) «Միթրայի» պաշտամունքի վրա: Միհրը՝ սիրո, բարության, գութի, ուխտի ու պայմանի աստվածն էր համարվում: Հենց այս է պատճառը, որ միհրականության հետևորդների մոտ ուխտի և պայմանի դրժումը ամենամեծ  մեղքն էր համարվում:  Ըստ միտրաիզմին առնչվող դիցաբանության և առասպելների, Միթրան (Միհրը) ծնվում է Կույս Անհաիթայից (հայ դիցաբանության մեջ՝ Անահիտ), ով ջրերի աստվածուհին էր:

Զրադաշտը հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանի ժողովուրդը մեծ հարգանք և հոգևոր կապվածություն է տածում միհրականություն հանդեպ,  ոչ միայն դեմ դուրս չեկավ այդ պաշտանմունքին, այլ մտցրեց այն իր կրոնի մեջ, մի տարբերությամբ, որ զրադաշտականության մեջ Միթրան իր գլխավոր աստծո տեղը զիճեց Ահուրամազդային (հայ դիցաբանության մեջ՝ Արմազդ) և զրադաշտականության տարածումով՝ Ահուրամազդան դառնալով գլխավոր աստված զբաղեցրեց Միթրայի տեղը:

Սակայն միտրաիզմի հավատարիմ հետևորդները ինչպես Իրանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս երբեք չհաշտվեցին այդ մտքի հետ և չընդունեցին այս փոփոխությունը և նրանց համար Միթրան շարունակեց մնալ գլխավոր և միակ Աստված։

Զերվանիզմ

Զրվանականություն, Սասանյան Պարսկաստանի ժամանակաշրջանում ձևավորված կրոնական, աղանդավորական շարժում, որը ծագել է այն ժամանակ տիրապետող զրադաշտական կրոնից։ Հնագույն շրջանի կրոնական ուղղություններն ուսումնասիրող ռումինացի գիտական Միրչի Էլիադեի հետազոտությունները ցույց են տալիս, որ զրվանականությունը, որպես դավանանք հիշատակում են անտիկ աշխարհի միայն չորս հեղինակներ, որոնց թվում Եղիշեն և Եզնիկ Կողբացին ու ասորի հեղինակներ՝ Թեոդոր բար Կոնայը և Յոհաննան բար Պենկայեն։

Հիմնական ուսմունքը

Զրվանականության հիմնական տարբերությունը զրադաշտականությունից այն է, որ աշխարհն ունի երկու սկիզբ՝ բարի և չար և նրանք յուրաքանչյուրն ունեն իրենց Աստվածները՝ Ահուրա Մազդան և Ահրիմանը։ Նրանց երկուսի ծնողն էլ եղել է չեզոք ծագում ունեցող գերագույն արարիչը Զրվանը, որը դիտարկվել է, որպես ժամանակի «ծնող»։ Նրանից են սկսվել ժամանակները և նրանով էլ ավարտվելու են։

Համաձայն զրվանական ուսմունքի՝ գալու է չար և բարի ուժերի հաղթանակի վերջնական պահ, որը հայտնի է զրադաշտականության մեջ, որպես Ֆրաշոքարաթի, երբ Ահուրա Մազդան իր «յոթ հավատարիմ ուժերի» Ամահրասպանդների հետ, ու Ահրիմանը իր «յոթ չար ուժերի»՝ Դևերի հետ գալու է խոնարհվելու Զրվանի առջև։

Եզնիկ Կողբացու Եղծ աղանդոցն ու զրվանականությունը

Վաղ քրիստոնեական շրջանի հայ փիլիսոփայա Եզնիկ Կողբացին իր հայտնի «Եղծ աղանդոց» աշխատության երկրորդ գլխում անդրադառնում է Զրվանիզմի կրոնափիլիսոփայական գաղափարախոսության հերքմանը։ Տարածված տեսակետ կա, որ նա «Պարսից կրոնի հերքումը» գլխում անդրադառնում է հենց զրադաշտականությանը, սակայն Եզնիկ Կողբացի կողմից նշված որոշ կրոնական ու գաղափարախոսական առանձնահատկություններ, թույլ են տալիս եզրակացնելու, որ խոսքը միայն զրվանականության՝ զրադաշտականության աղանդավորական ուղղվածության մասին է և ոչ թե հենց առաջինի մասին. չնայած կարելի է ենթադրել, որ վաղ քրիստոնեության այդ շրջանում, ամենայն հավանականությամբ, «Եղծ աղանդոց» աշխատությունը դիտարկվել է նաև, որպես հարված զրադաշտական գաղափարախոսությանն ու աշխարահայացքին

Հինդուիզմ, կրոն՝ ստեղծված Հնդկական ենթամայրցամաքում, Հնդկական կրոններից մեկը։ Հինդուիզմի պատմական անվանումը սանսկրիտով հնչում է որպես սանաթան-դհարմա  ինչը նշանակում է «հավերժ կրոն», «հավերժ ճանապարհ, կամ «հավերժ օրենք»։

Հինդուիզմն աշխարհի ամենահին կրոններից մեկն է, որը արմատներով հասնում է մինչև վեդիական, հարապպական և դրավիդյան քաղաքակրթություններ, ինչի համար նրան համարում են կրոններից հնագույնը: Ի տարբերություն Աբրահամյան կրոնների, հինդուիզմը չի ունեցել հիմնադիր, հինդուիզմում բացակայում է ընդհանուր դոկտրինը և հավատամքի ընդհանուր կարգը։ Իրենից ներկայացնում է տարբեր կրոնական ավանդույթների, փիլիսոփայական կարգերի և հավատամքների ընտանիք, որոնք հիմնված են միաստվածության, բազմաստվածության, պանթեիզմի, մոնիզմի և նույնիսկ աթեիզմի վրա։:

Հինդուիզմում գոյություն ունի սրբազան գրությունների մեծ քանակություն, որը բաժանվում է երկու հիմնական կատեգորիաների՝ Շրուտի և Սմրիտի։ Հինդուիստական կարևոր աշխատություններ են համարվում Վեդաների, Ուպանիշադների, Պուրանների, «Ռամայանի» և «Մահաբհարաթայի» էպոսները, (որի մի մասն է կազմում «Բհագավադգիտան») և Ագամայի աշխատությունները։

Հինդուիզմը, հետևորդների թվով, երրորդ կրոնն է աշխարհում քրիստոնեությունից և իսլամից հետո։ Հինդուիզմը դավանում է ավելի քան 1 մլրդ. մարդ, որոնցից մոտ 950 միլիոն բնակվում են Հնդկաստանում և Նեպալում։ Կան երկրներ, որտեղ հինդուիզմի հետևորդները կազմում են բնակչության մեծամասնություն՝ Բանգլադեշ, Շրի-Լանկա, Պակիստան, Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր, Մավրիկիոս, Ֆիջի, Սուրինամ, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Մեծ Բրիտանիա, Կանադա և ԱՄՆ։

20-րդ դարի երկրորդ կեսին հինդուիզմը տարածվել է Հնդկաստանի տարածքներից դուրս, անցել է ազգային սահմանները և ձեռք բերել բազմաթիվ հետևորդներ ամբողջ աշխարհում։ Լայն տարածում են գտել և սովորական են դարձել այնպիսի մտքերը, ինչպիսիք են կարման, յոգան և բուսակերությունը։ Հինդուիզմի որոշ ասպեկտները և գործառույթներ քննադատության են ենթարկվել։ Ամենից շատ քննադատության են արժանացել այրիների ինքնահրկիզման ծեսը և խտրականությունը, որը հիմնված է կաստայական պատկանելության վրա։

Հինդուիզմում չկան ընդհանուր, կենտրոնական, բոլոր հինդուիստական ավանդույթների համար հեղինակավոր դոկրինաներ, իսկ շատ հինդուիստներ ընդհանրապես չեն համարում, որ պատկանում են որևէ կոնկրետ ավանդույթի: Գիտնականները, սակայն, ժամանակակից հինդուիզմում առանձնացնում են չորս հիմնական ուղղություններ:

  • Վայշնավիզմ
  • Շիվաիզմ
  • Շակտիզմ
  • Սմարտիզմ

Հինդուիզմի այս ուղղությունների հիմնական տարբերությունն այն է, թե Աստծու որ ձևակերպությանն են երկրպագում որպես Ամենաբարձրյալի, և ինչ ավանդույթներ կան կապված այդ երկրպագության հետ: Վայշնավիզմի մոնոթեիստական ավանդույթների հետևորդները երկրպագում են Վիշնուին ու նրա հիմնական ավատարներին, ինչպիսիք են Կրիշնան և Ռամը, որպես Աստծուն` իր տարբեր ձևակերպություններում: Գ.Մ. Բոնգարդ-Լևինը իր «Հինհնդկական քաղաքակրթություն» մենագրության մեջ պնդում է, որ «հինդուիզմի ուսումնասիրությունը որպես կրոն սովորաբար սկսում են հենց վայշնավիզմից, որը ծագել է շիվաիզմից առաջ և միշտ ունեցել է ավելի շատ համախոհներ>>։

Հուդայականություն հրեա ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է, որի հիմքն է Թորան։ Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից, որի անունով էլ անվանվել են Հուդայական կայսրությունը, իսկ հետագայում՝ սկսած Երուսաղեմի երկրորդ տաճարի շրջանից հետո (Ք.ա. 516-Ք.ա. 70 թվականներ) դա նաև հրեաների անվանումն է։ Հուդայականությունը երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Դասվում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի հուդայականությունից նաև քրիստոնեությունը և մուսուլմանությունը։

Հուդայականությունն ունի ավելի քան 3,000 տարվա պատմություն: Որպես կրոն՝ կազմավորվել է Միջին արևելքում, բրոնզե դարի ժամանակներում: Համարվում է միաստվածություն պաշտող ամենահին կրոններից մեկը: Եբրայեցիներն ու իսրայելցիները Թանախի հին գրքերում, ինչպես, օրինակ, «Եսթերի գրքում», արդեն անվանվում են հրեաներ կամ «Իսրայելի զավակներ»:

Հուդայականության տեքստերը, ավանդույթներն ու արժեքները մեծ ազդեցություն են գործել Աբրահամյան հետագա կրոնների՝ ներառյալ քրիստոնեության, իսլամի, Բահայի հավատքի վրա: Հուդայականության շատ տեսակետներ ուղղակիորեն կամ անուղղակի կերպով ազդել են նաև Արևմուտքի աշխարհիկ կյանքի, բարոյականության, քաղաքացիական օրենսդրության, իրավական համակարգի վրա: Եբրայականությունը նույնքան կարևոր գործոն է եղել արևմտյան քաղաքակրթության զարգացման գործում, որքան հելլենիզը, իսկ հուդայականությունը, որոշակիորեն հիմք հանդիսանալով քրիստոնեության համար, դեռ վաղ քրիստոնեության ժամանակներից ազդել է արևմտյան իդեալների ու բարոյականության ձևավորման վրա։

Հուդայականությունը տարանջատվում է զարգացման չորս շրջանների՝

  1. Տաճարական, որը կապված է Երուսաղեմի Տաճարի գոյության հետ՝ Ք․ա․ 10-6 դդ․
  2. Հելլենիստական, որն ընդգրկում է Ք․ա․ 6- Ք․հ․ 2-րդ դդ․
  3. Թալմուդյան կամ Ռաբինական, որը տարածում է ստացել 2-րդ դարից մինչև 18-րդ դար
  4. Օրթոդոքս հրեաների շարժումը, որը սկիզբ է առել 1970-ական թթ․ ու գոյություն ունի առ այսօր և ամենատարածվածներից է ժամանակակից Իսրայելում։

Ժամանակակից հուդայականությունում չկա ոչ մեկը կամ ոչինչ, ով ունի հավատքի իշխանության, քարոզի և նմանատիպ իրավունքներ։ Հուդայականները իրավունքի կամ հավատքի աղբյուր (Հալախա) են համարում Սուրբ գրքերը։ Սրբազան գրքերը երկուսն են՝ Թանախ (“Հրեական Աստվածաշունչ”, որն իրենից ներկայացնում է կանոնական Աստվածաշնչի Հին Կտակարանը), Թալմուդ (Բանավոր Թորա, որը “գրավոր” Թորայի՝ Աստվածաշնչի առաջին 5 գրքերի, մեկնաբանություններնի գիրքն է)։ Հալախան կազմակերպում է հուդայականների կյանքի գրեթե բոլոր մասերը, ներառյալ ընտանեկան, քրեական, քաղաքացիական և այլն։

Հուդայականները էթնիկ խումբ են, ովքեր կա՛մ ծնվել են հրեա, կա՛մ ընդունել են հուդայականություն։ Այժմ աշխարհում կան մոտ 14․5 միլիոն հուդայական, որը համապատասխանում է Երկրի բնակչության 0․2 %-ին։ Նրանց 42 %-ն ապրում է Իսրայելում, 42 %-ն էլ ԱՄՆ-ում և Կանադայում։ Մնացածները հիմնականում ապրում են Եվրոպայում։

Ջայնիզմ  — դհարմայական հին կրոն, որ ի հայտ է եկել Հնդկաստանում մեր թվականությունից առաջ մոտավորապես 9-6-րդ դարերում։ Ինչպես հենց ինքը՝ այդ ուսմունքն է պնդում, ջայնիզմը միշտ է գոյություն ունեցել։ Ուսմունքի հիմնադիրը, կամ՝ ըստ այլ տարբերակների՝ հնագույն ավանդույթների մասին ամենահայտնի պատմողը ) համարվում է քշաթրի Վարդհամանան կամ Ջինա Մահավիրան: Ջայնիզմի փիլիսոփայությունն ու գործնական կիրառումը առաջին հերթին հիմնված են հոգու ինքնակատարելագործման վրա, ինքնակատարելագործում՝ հանուն ամենատեսության, ամենազորության և հավիտենական երանության (նիրվանայի): Հին կյանքերից մնացած մարմնական թաղանթը հաղթահարած և նիրվանայի հասած յուրաքանչյուր հոգի կոչվում է ջիվա: Հնագույն տեքստերում ջայնիզմը հավասարեցված է ջայն դհարմային և շրաման դհարմային: Արդի աշխարհում ջայնիզմ դավանողները թեև ոչ մեծ, սակայն ազդեցիկ կրոնական համայնք են կազմում: Նրանց թիվը Հնդկաստանում հասնում է 5-6 միլիոնի։ Ջայնիզմ դավանող ներգաղթյալների շարունակաբար աճող ընկերակցություններ կան նաև Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում, Հեռավոր Արևելքում, Ավստրալիայում և աշխարհի այլ մասերում։

Ջայնիստների գրադարանները հնագույնն են Հնդկաստանում։

Ջաինիզմը պնդում է, որ յուրաքանչյուր էակ անհատ և հավերժական հոգի է։ Երբ հոգին դառնում է ամբողջովին զերծ սանսարայից, այն կարող է հասնել աստվածային գիտակցության։

Ջաինիզմի հետևորդները կոչվում են Ջաիներ։ Ջաինիզմում ամենաբարձր աստիճանն է Ջինան «հաղթող»։ Այս տիտղոսը շնորհվում է կրոնական ուսուցիչներին, որոնք հասել են Դհարմային և զերծ են սանսարայից։ Ջաիները հետևում են 24 հատուկ Ջինաների ուսմունքներին, որոնք հայտնի են որպես տիրտհանկարներ (հատման ստեղծողներ», «Նրանք, ովքեր հայտնաբերել և մատնանշել են ճանապարհը դեպի փրկություն »)։ Ավանդաբար ենթադրվում է, որ 24-րդ և վերջին տիրտհանկարն էր Շրի Մահավիրը («մեծ հերոս», ով համարվում է ժամանակակից Ջաինիզմի հիմնադիրը), ով ապրել է 599 մինչև 527 մ.թ.ա.։ Իսկ առաջինը՝ մեծ արքա Ռիշաբհան, ով ապրել է այն օրերում, երբ մարդիկ չգիտեին գրել ու հաշվել։

Ջաինիզմը խրախուսում է հոգևոր զարգացումը իմաստության ու ինքնակառավարման միջոցով։ Ջաինիզմի նպատակն է մարդկային հոգու իրական բացահայտումը։ Կատարյալ ընկալումը, կատարյալ գիտելիքը և կատարյալ վարքագիծը, որոնք հայտնի են որպես «Ջաինիզմի երեք գանձեր» ճանապարհն են դեպի մարդու հոգու ազատում սանսարայից։

Ջաինիզմը պնդում է, որ տիեզերքը և Դհարման անսահմանափակ են, առանց վերջի և սկզբի։ Սակայն, տիեզերքում տեղի են ունենում որոշ փոփոխություններ։ Սանսարինայի հոգին (աշխարհիկ մարդ), տարբեր ձևերով է հանդես գալիս կյանքի ընթացքում ժամանակի ճանապարհորդության մեջ։ Մարդը, «ոչ մարդը» (կենդանիներ, միջատներ, բույսերի և այլն), գերմարդը (աստվածները և կիսաստվածները) և Դժոխքի էակները — Սանսարինայի հոգու չորս մակրոտեսակներն են։

Ջաինիզմի ուսմունքի մեկ այլ կարևոր բնորոշ գծերից է հոգեկան վարքագծի նորմերը։ Գոյություն ունեն հինգ հիմնարար բարոյական սկզբունքներ որոնք պետք է կատարեն Ջաիները։ Սկզբունքների կատարման խստությունը, կախված է նրանից, թե ով է Ջաին — հոգևորական թե աշխարհիկ մարդ։ Դրանք են.

  1. Չվնասել կենդանի էակներին ԱՀԻՄՍԱ
  2. լինել անկեղծ և բարեսիրտ ՍԱՏՅԱ
  3. գողություն չանել ԱՍՏԵՅԱ
  4. չդավաճանել ԲՐԱՀՄԱՉԱՐՅԱ
  5. ժլատ չլինել ԱՊԱՐԻԳՐԱՀԱ

Ջիաները հավատում են, որ ճշմարիտ գիտելիքը (Դհարման), հանգեց և նորից հայտնվեց ողջ պատմության ընթացքում։ Նրանք, ովքեր նորից են բացում Դհարման կոչվում են տիրտհանկարներ։ Տիրտհանկար բառացիորեն նշանակում է «հատման ստեղծող»։ Ջիաները, ինչպես Բուդդիստները անձի զտման գործընթացը համեմատում են կատաղի գետը անցնելու հետ — որը պահանջում է համբերություն ու զգուշություն։ «Հատում ստեղծողները» արդեն անցել են գետը, և կարող են ուղղորդել ուրիշներին։ Նրանք նաև կոչվում են «հաղթողներ», քանի որ նրանք ձեռք են բերել ազատությունը սեփական ջանքերով։

Ինչպես բուդդայականության մեջ, այնպես էլ այստեղ Ջաինական Դհարմայի հիմնական նպատակն է ազատվել կարմայի բացասական ազդեցությունից մտավորը ու ֆիզիկականը մաքրելու միջոցով։ Այս գործընթացը, հանգեցնելով ազատությանը, ուղեկցվում է ներքին խաղաղության ձեռքբերմամբ։

Սինտոիզմ , ճապոնական հնագույն կրոն՝ արևապաշտություն։ Ի տարբերություն մյուս արևապաշտական կրոնների դիցարանը գլխավորում է արևի աստվածուհին՝ Ամաթերասուն, որից սկիզբ է առնում Ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը։ Սինտոիզմի դիցարանը բաղկացած է բազմաթիվ աստվածներից և հոգիներից։ 1868 թվականին սինտոիզմը ճանաչվել է Ճապոնիայի պետական կրոն։ 1947 թվականին սահմանադրությամբ այն հավասարվեց Ճապոնիայի մյուս պաշտամունքներին և այսպիսով դադարեց պետական կրոն լինելուց։

Ի տարբերություն համաշխարհային կրոնների, սինտոիզմը չունի որևէ հիմնադիր անձ, գլխավոր ուսուցիչ, օրենսդիր և հեղինակություն։ Սինտոիստները երկրպագում են բազմաթիվ աստվածությունների (կամիներ), որոնք ծնունդ են այն ժամանակների, երբ մարդիկ երկրպագում էին բնության կույր ուժերին, հավատում տանը և գետերում, սարերում ծառերի մեջ բնակվող այլ ոգիների գոյությանը։ Սինտոիզմը ուսուցանում է գլխավորապես նախնիների պաշտամունք և բնության երկրպագում։ Սինտոիզմը չունի այլ պատվիրաններ, բացի մաքրություն պահպանելու և իրերի բնական կարգին հետևելու առօրյա հանձնարարականներից։ Այն ունի բարոյականության մի ընդհանուր կանոն. «Վարվիր բնության օրենքների համաձայն, պահպանելով հանդերձ հասարակական օրենքները»[1]: Սինտոիստական պաշտանմունքի մեջ շատ բան է պահպանվել նախնադարյան շամանական կախարդական ծեսերից, որոնք Ճապոնիայի տարբեր շրջաններում տարբեր են եղել։ Գոյության հազարամյակների ընթացքում սինտոիզմը կրել է բուդդայականության, կոնֆուցիանականության և այլ դավանանքների ազդեցությունը։ Այդ պատճառով սինտոիզմում չկա ոչ մի միասնական դավանաբանական ուսմունք։ Թեև երկարամյա պատմության ընթացքում ձևավորվել են որոշակի հատկանշական գծեր, որոնցով այդ կրոնը տարբերվում է մյուսներից։

5-6-րդ դարերի սինտոյական եկեղեցու ղեկավար է դարձել կայսերական տունը, կայսրը հայտարարվել է (VII դ․) սինտոյականության գերագույն քուրմ։ Բուդդայականության մուտքը Ճապոնիա (VI դ․) հետզհետե վերացրել է սինտոյականության մենաշնորհը, 10-16-րդ դարերում գերակշռող դեր է ունեցել բուդդայականությունը, շատ ճապոնացիներ դավանել են երկու կրոն՝ սինտոյականություն և բուդդայականություն։ 17-18-րդ դարերում գործունեություն է ծավալել «պատմական դպրոցը» նպատակ ունենալով ամրապնդել սինտոյականությունը, վերածնել կայսեր պաշտամունքը և լիիշխանությունը։ Սինտոյականությունը բուդդա յականության հետ միասին վայելել է պետության հովանավորությունը, իսկ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել ազգայնամոլական և ռազմատենչ տրամադրություններ բորբոքելուն։ Պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո սինտոյականության ազդեցությունը թուլացել է, այն անջատվել է պետությունից, որոշ ծեսեր արգելվել են։ Սակայն 1950-ական թվականներից սկսած սինտոյականությունը վերելք է ապրում, հռչակվել է գերկրոն՝ պարտադիր բոլոր ճապոնացիների համար։ Ճապոնիայի դեմոկրատական ուժերը հակահարված են տալիս կառավարող շրջաններին, որոնք փորձում են սինտոյականությունը կրկին օգտագործել ազգայնամոլություն հրահրելու համար։

Ճապոնական ժամանակագրությունները հավաստում են, որ ի սկզբանե աշխարհում քաոս է տիրել, բայց հետո ամեն ինչ կարգավորվել է՝ երկինքը զատվել է երկրից, առանձնացել են արական և իգական տարրերը. առաջինն ի դեմս Իզանամի դիցուհու, երկրորդը նրա ամուսնու՝ Իզանագիի: Նրանցից ծնվել են արևի դիցուհի Ամաթերասուն, լուսնի աստված Ցուկույոմին և քամու ու ջրի աստված Սուսանոոն: Ամատերասուն և Սուսանոոն պայքարում են իրար դեմ։ Հաղթում և երկնքում է մնում Ամատերասուն, իսկ Սուսանոոն արտաքսվում է Իձումո երկիր՝ գետնի վրա։ Սուսանոոյի որդի Օկունինուշին դառնում է Իզումոյի տիրակալը։ Ամաթերասուն չի հաշտվել այդ բանի հետ և ստիպել է Օկունինուշիին կառավարումը հանձնել իր թոռանը՝ Նինիգիին: Նինիգին իջնում է երկնքից և անցնում Իզումո պետության կառավարմանը։ Ի նշան իշխանության, նրան հանձնել են երեք սուրբ առարկա՝ հայելի (աստվածայնության խորհրդանիշ), թուր (հզորության խորհրդանիշ) և հասպիսից զարդը (հպատակների հավատարմության խորհրդանիշ)։ Նինիգիից է սերվել Ջիմու-տենոն (տենո տիտղոսը նշանակում է «Գերագույն տիրակալ»)՝ Ճապոնիայի առասպելական առաջին տիրակալը, ումից սկզբնավորվել է ճապոնական կայսրերի՝ միկադոների դինաստիան։ Հայելին, թուրն ու հասպիսն այն վաղեմի ժամանակներից մնում են որպես ճապոնական կայսերական տան խորհրդանիշեր։

Սինտոյականությունը ճապոնացիների մեջ հատուկ հայացք է ձևավորել իրերի աշխարհի, բնության, փոխհարաբերությունների նկատմամբ։ Այդ հայացքը հիմնվում է հինգ կոնցեպցիաների վրա։

Առաջին կոնցեպցիան հավաստում է, որ ամենայն գոյ արդյունք է աշխարհի ինքնազարգացման. աշխարհը ստեղծվել է ինքնին, այն հրաշալի է ու կատարյալ։ Կեցության կարգավորիչ ուժը, սինտոյի ուսմունքի համաձայն, բխում է բուն աշխարհից, այլ ոչ թե ինչ-որ գերագույն էակից։

Երկրորդ կոնցեպցիան ընդգծում է կյանքի ուժը։ Դիցաբանության համաձայն, առաջին անգամ սեռական մերձեցումը եղել է աստվածների միջև։ Այդ պատճառով էլ սեռամոլությունն ու բարոյական մեղքը երբեք չեն շաղկապվել ճապոնացիների գիտակցության մեջ։

Երրորդ կոնցեպցիան հաստատում է բնության և պատմության միասնությունը։ Աշխարհի նկատմամբ սինտոյական հայացքում չկա բաժանում շնչավորի և անշունչի. սինտոյի հետևորդի համար շնչավոր է ամեն ինչ՝ և՛ կենդանիները, և՛ բույսերը, և՛ իրերը, ամենայն բնականի մեջ և հենց մարդու մեջ ապրում է կամին։ Ոմանք համարում են, որ կամի են հենց մարդիկ, կամ, ավելի ճիշտ, կամիները բնակվում են նրանց մեջ, կամ էլ, վերջին հաշվով, նրանք կարող են հետագայում կամի դառնալ և այլն։ Սինտոյի համաձայն, կամիների աշխարհը հանդերձյալ կացարան չէ, որը մարդկանց աշխարհից տարբեր է։ Կամիները միավորված են մարդկանց հետ, ուստի պետք չէ, որ մարդիկ փրկություն որոնեն մի այլ աշխարհում։ Ըստ սինտոյի, փրկությունն ապահովվում է ամենօրյա կամիներին միաձուլվելու միջոցով։

Չորրորդ կոնցեպցիան կապված է բազմաստվածության հետ։ Սինտոն ծնունդ է առել բնության տեղական պաշտամունքներից, տեղի, տոհմային ու ցեղային աստվածություններին երկրպագելուց։ Սինտոյի նախնադարյան շամանական ու հմայական ծեսերը որոշակիորեն միատեսակ դարձան միայն 5-6-րդ դարերից ի վեր, երբ արքունիքը սկսեց վերահսկել սինտոյական տաճարների գործունեությունը։ 8-րդ դարի սկզբին արքունիքում ստեղծվեց սինտոյի գործերի հատուկ դեպարտամենտ, իսկ 10-րդ դարում կազմվեց սինտոյի աստվածների ցուցակը (այն ժամանակ սինտոյի պանթեոնում կար 3132 աստված)։ Հետագայում նրանց թիվը զգալիորեն ավելացավ։

Հինգերորդ կոնցեպցիան կապված է ազգային հոգեբանական հիմքի հետ։ Համաձայն այդ կոնցեպցիայի, սինտոյի աստվածները, կամիները, ծնունդ են տվել ոչ թե առհասարակ մարդկանց, այլ միայն ճապոնացիներին։ Այդ պատճառով կյանքի առաջին իսկ տարիներից ճապոնացու գիտակցության մեջ արմատավորվում է այն գաղափարը, որ նա պատկանում է սինտոյին։ Այստեղից բխում էեն վարքի կարգավորման երկու կարևորագույն գործոն։ Նախ, այն պնդումը, որ կամիները ամենասերտ ձևով կապված են միայն ճապոնական ազգի հետ, երկրորդ, սինտոյական այն տեսակետը, թե ծիծաղելի է, երբ օտարերկրացին երկրպագում է կամիին և դավանում սինտո. ոչ ճապոնացու նմանօրինակ վարքը ընկալվում է իբրև անհեթեթություն։ Դրա հետ մեկտեղ, սինտոն ճապոնացիներին հետ չի պահում ցանկացած այլ կրոն դավանելուց։