Դաս 1`
Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր։
1. ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։
ՏԱՐՐԵՐ ԵՎ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կենդանի օրգանիզմները պարունակում են տարբեր բնույթի հազարավոր քիմիական նյութեր։

Կենդանի օրգանիզմներում հայտնաբերվում է Երկրի քիմիական տարրերի մեծ մասը։ Ի տարբերություն անկենդան մարմինների` կենդանի օրգանիզմներում հատկապես մեծ է թթվածնի (O), ածխածնի (C) , ազոտի (N) և ջրածնի (H) քանակությունը։ Այս չորս տարրերը միասին կազմում են օրգանիզմում տարրերի ամբողջ պարունակության գրեթե 98%-ը։ Դրանք կոչվում են մակրոտարրեր։ Շատ ավելի քիչ է հետևյալ ութ տարրերի՝ ծծմբի (S), ֆոսֆորի (P), քլորի (Cl), կալիումի (K), մագնեզիումի (Mg), նատրիումի (Na), կալցիումի (Ca) և երկաթի (Fe) պարունակությունը։ Դրանք էլ միասին կազմում են 1,9%։ Մյուս բոլոր տարրերը բջջում պարունակվում են չնչին քանակություններով (յուրաքանչյուրը` 0,1%-ից պակաս), թեպետ դրանցից որոշ տարրեր, մասնավորապես ցինկը (Zn), պղինձը (Cu), յոդը (I) և ֆտորը (F) շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար:

Դրանք մտնում են տարբեր օրգանական միացությունների՝ ֆերմենտների, վիտամինների, հորմոնների կազմի մեջ և պայմանավորում են դրանց կենսաբանական ակտիվությունը։ Յոդը, օրինակ, մտնում է վահանաձև գեղձի հիմնական հորմոնի՝ թիրօքսինի կազմի մեջ։
Այսպիսով, կենդանի օրգանիզմներում պարունակվող տարրերը բնորոշ են նաև անկենդան մարմիններին, ինչը վկայում է բնության միասնականության մասին։ Ըստ էության, ատոմային մակարդակներում կենդանի օրգանիզմների և անկենդան մարմինների քիմիական բաղադրությունների միջև տարբերություններ չկան։
Սակայն արդեն մոլեկուլային մակարդակում ի հայտ են գալիս զգալի տարբերություններ։ Կենդանի օրգանիզմներում պարունակվում են շատ օրգանական նյութեր, որոնք բնորոշ են միայն այդ օրգանիզմներին։
Բջջի անօրգանական միացությունները։ Բջջի կազմում ամենամեծաքանակ ու ամենատարածված անօրգանական նյութը ջուրն է (H2O)։ Դրա պարունակությունը օրգանիզմում տատանվում է լայն սահմաններում՝ 10%-ից (որոշ հյուսվածքների բջիջներում) ընդհուպ մինչև 90%-ը (զարգացող սաղմի բջիջներում)։ Միջին հաշվով այն կազմում է բջջի զանգվածի 75%-ը:
Ջրի դերը շատ կարևոր է։ Ջուրը որոշում է բջջի ինչպես ֆիզիկական հատկությունները (ծավալը, առաձգականությունը, ջերմահաղորդականությունը և այլն), այնպես էլ շատ դեպքերում դրա քիմիական ակտիվությունը։ Դա պայմանավորված է ջրի մոլեկուլի փոքր չափերով և նրա այլ հատկություններով։ Կարևոր է ջրի բևեռականությունը (այն պայմանավորված է մոլեկուլներում դրական և բացասական լիցքերի անհավասարաչափ բաշխմամբ), ինչպես նաև մոլեկուլների միջև ջրածնային կապեր առաջացնելու ընդունակությունը։ Ջրի մոլեկուլի մի ծայրը կարծես լիցքավորված է դրական, մյուս ծայրը՝ բացասական։ Այդպիսի համակարգերը կոչվում են երկբևեռներ (դիպոլներ)։
Դա հանգեցնում է հարևան մոլեկուլների միջև էլեկտրաստատիկ փոխազդեցության, և դրանք միանում են իրար․ ընդ որում այդ փոխազդեցությունները թույլ են և կոչվում են ջրածնային կապեր։ Այս կապերի շնորհիվ է, որ ջուրը մինչև 00C գտնվում է հեղուկ վիճակում։ Ջուրը լուծիչ է, որում լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ (հունարեն <<հիդրոս>> ջուր, <<ֆիլեո>> սիրել)։ Դրանցից են շատ անօրգանական աղեր, թթուները, հիմքերը, իսկ օրգանական նյութերից՝ որոշ ածխաջրեր կամ սպիտակուցներ և այլն․․․։
Սակայն կան նաև շատ նյութեր, որոնք վատ են լուծվում կամ բոլորովին չեն լուծվում ջրում․ դրանցից են, օրինակ, ճարպերը, թաղանթանյութը (ցելյուլոզը)։ Դրանք կոչվում են հիդրոֆոբ նյութեր (հունարեն <<ֆոբոս>> վախ)։
Բջջում քիմիական նյութերի փոխակերպման բազմաթիվ ռեակցիաներ (սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների և այլ միացությունների ճեղքավորման ռեակցիաները) ընթանում են H2O-ի անմիջական մասնակցությամբ։ Բջջի անօրգանական նյութերից են նաև զանազան աղերը, որոնք գտնվում են կամ լուծված ձևով, կա՛մ պինդ, անլուծելի վիճակում։ Լուծվող աղերի բաղադրության մեջ մտնող կատիոններից են K–ի, Na–ի, Ca-ի, Mg–ի իոնները, որոնք ապահովում են բջիջների, օրինակ, գրգռականությունը, իսկ շատերի համար նաև էներգիայի ձևափոխությունը կամ կծկողականությունը։ Ընդ որում, այդ կատիոնների բաշխումը բջջի ներսում և նրա շրջապատում բավականին տարբեր է։ Բջջում պարունակվող լուծելի աղերը կարևոր գործոն են նաև բջջի ներքին միջավայրի ռեակցիան պահպանելու խնդրում։ Կենսագործունեության ընթացքում անընդհատ առաջանում են թթուներ և հիմքեր, սակայն բջջի ռեակցիան մնում է կայուն․ այն հիմնականում թույլ հիմնային է, համարյա չեզոք։ Դա պայմանավորված է նրա մեջ պարունակվող թույլ թթուներով և դրանց անիոններով, ինչպես նաև թույլ հիմքերով, որոնք կազմում են բուֆերային համակարգեր և կարգավորում են H & OH իոնների պարունակությունը բջջում։ Դրանում որոշակի դեր ունի նաև բջջից դեպի շրջակա միջավայր, ինչպես և այդ միջավայրից դեպի բջիջ H & OH իոնների տեղափոխումը։
Բջջում պարունակվող անլուծելի աղերից են Ca-ի ֆոսֆատը և Ca-ի կարբոնատը։ Դրանք ապահովում են համապատասխանաբար՝ ոսկրային հյուսվածքի և փափկամարմինների խեցու դիմացկությունը և ամրությունը։
Անօրգանական և օրգանական նյութեր
Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:

Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում:
Օրգանական նյութեր են.
- — ճարպերը՝ կենդանական և բուսական,
- — ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են,
- — գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,
- — մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները,
- — բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը,
- — ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը,
- — էթիլ սպիրտը,
- — ացետոնը:
Բույսերի կողմից ֆոտոսինթեզի գործընթացը կարգավորող քլորոֆիլը, որն ունի շատ բարդ կառուցվածք.
-արյան մեջ պարունակվող հեմոգլոբինը, որը ևս ունի շատ բարդ կառուցվածք,
-հատիկավորներում պարունակվող օսլան,
-բույսերի հիմքը հանդիսացող բջջանյութը:
Դրանք են` պոլիէթիլենը (տոպրակները, թաղանթները), պոլիվինիլքլորիդը (խողովակներ), պոլիէսթերները (գործվածքներ), արհեստական մետաքսը:
Ներկանյութերի մեծ մասը ևս օրգանական նյութեր են: Օրգանական նյութեր են համարյա բոլոր դեղերը՝ ասպիրինը, պարացետամոլը, անալգինը:

Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:
Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:

Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում:
Օրինակ՝ խոշոր աղետ տեղի ունեցավ 2010 թ. ապրիլի 20-ին՝ Մեքսիկական ծոցում տեղակայված “British Petroleum” ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց 800 միլիոն լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց 28 հազար կմ²: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից):
Իմ պատրաստած տեսանյութը՝