Սևրի հաշտության պայմանագիրն ստորագրվել է 1920 թ-ի օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում: Պայմանագրով` Հայաստանը պետք է ստանար 90 հզ. կմ2, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161330 կմ2 տարածք՝ Սև ծով ելքով: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում են Հայաստանի։

Սևրի պայմանագիրը կնքվել է Թուրքիայի սուլթանական կառավարության և Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) հաղթանակած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հայաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորության, Հեջազի (արաբական թագավորություն) միջև: Հայաստանի առաջին հանրապետության կողմից պայմանագիրն ստորագրել է պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը: Վերջինս և արևմտահայության ներկայացուցիչ, Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից` ՀՀ-ն, որպես պայմանագրի մասնակից, ճանաչել են պայմանագիրն ստորագրած մյուս բոլոր պետությունները:
Սևրի պայմանագրի հիմքում դրվել են 1916 թ-ին Լոնդոնում ստորագրված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի (նախատեսում էր Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանումը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև) ու 1920 թ-ի Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովի որոշումները:
Պայմանագիրը բաղկացած է 13 մասից և 433 հոդվածից: Թուրքիան Հայաստանը ճանաչել է որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան և Հայաստանը համաձայնել են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի վիլայեթներում (նահանգներ) 2 պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի նախագահի որոշմանն ու ընդունել նրա որոշումը և Հայաստանին դեպի ծով ելք տալու ու հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ բոլոր առաջարկները: Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ տերություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակիցները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում: Սևրի պայմանագրով թույլատրվել է բնակչության կամավոր փոխանակում. 18-ից բարձր տարիք ունեցող անձիք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մեկ այլ երկրում՝ իրենց ազգային կամ կրոնական պատկանելիությանը համապատասխան, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Այդ մարդիկ պահպանում էին իրավունքն անշարժ գույքի նկատմամբ: Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ-ի օրենքը: Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունն օրենքի առաջ պետք է ապահովեր կառավարությունը:
Շարունակել կարդալ