Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ 2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2, մայրաքաղաքը՝ Երևան:

Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Հունիսի սկզբին հրապարակվել է հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:
Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը:
Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք:
Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը:
Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական «ավազակային զորաջոկատները»՝ նկատի ունենալով հատկապես Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող զինված ջոկատները:
1920 թ-ից սկսվել է Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշել են փաստացի (դե ֆակտո) ճանաչել Հայաստանի անկախությունը: 1920 թ-ի ապրիլի 24-ին ճանաչել է նաև ԱՄՆ-ը: Հայաստանում ներկայացուցչություններ են ստեղծել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, միջազգային տարբեր ընկերություններ: Դեռևս 1918 թ-ի վերջին Հայաստանի խորհրդարանը կազմել էր հատուկ պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, և ուղարկել Եվրոպա՝ 1919 թ-ի հունվարին Փարիզի Խաղաղության խորհրդաժողովում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Փարիզ է ժամանել նաև արևմտահայության շահերը ներկայացնող ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ. մշակվել է խորհրդաժողովին ներկայացվելիք միասնական ծրագիր:
ՀՀ-ում կյանքի կայունացման ընթացքը խանգարվել է 1920 թ-ի մայիսին բոլշևիկների կազմակերպած ապստամբությամբ: Մայիսի 5-ին կազմվել է նոր Կառավարություն՝ Համազասպ Օհանջանյանի գլխավորությամբ, ընդունվել է օրենք արտակարգ դրություն մտցնելու մասին: Մայիսի կեսերին կառավարական ուժերին հաջողվել է ճնշել ապստամբությունը, որը, սակայն, երկրի համար ծանր հետևանքներ է ունեցել:

Անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ա. Խատիսյանը, Հայաստանը հռչակել է Անկախ և Միացյալ Հանրապետություն: Փաստորեն ՀՀ Կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը: 1919 թ-ի հունիսին տեղի են ունեցել ընտրություններ (միակը ՀՀ-ում)՝ 366 հզ. ընտրողների և 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Օգոստոսի 1-ին գումարված նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը (դաշնակցական):
Թուրքիայի հետ հաշտության նախագծի մշակման համար 1920 թ-ի ապրիլին Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովում մեծ տերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են հրավիրել Հայկական հարցին՝ լուծումը համարելով Հայաստանի 2 հատվածների միավորումը: Այդ նպատակով անհրաժեշտ էր, որ որևէ մեծ տերություն ընդուներ Հայաստանի հովանավորությունը: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը համաձայնել է ստանձնել Հայաստանի մանդատը, սակայն 1920 թ-ի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը (52 դեմ, 23 կողմ) մերժել է:
1920 թ-ի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները և Թուրքիան ստորագրել են պայմանագիր, որը հայանպաստ էր: ՀՀ-ի կողմից պայմանագիրն ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Ցավոք, ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այս պայմանագիրը կյանքի չկոչվեց: Ավելին, շուտով Թուրքիայում իրավիճակի տեր դարձան քեմալականները, որոնք չճանաչեցին ո՜չ Սևրի պայմանագիրը, ո՜չ Հայաստանի Հանրապետությունը:
1920 թ-ի մայիսին Կարմիր բանակը մտել է Ղարաբաղ, հունիսին՝ Զանգեզուր, օգոստոսին՝ Նախիջևան՝ առանց հայկական զինված ուժերի դիմակայության: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների՝ իբրև հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը:
1920 թ-ի օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրվել է ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ: Ըստ էության՝ այդ համաձայնագիրը Հայաստանի դեմ էր:
1920 թ-ի սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է Հայաստանի վրա:
Հանրապետությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում էր, քայքայվել էր տնտեսությունը, չէին աշխատում պղնձի հանքերն ու գործարանները: 1918 թ-ի վերջին և 1919 թ-ի սկզբին սովյալների թիվն անցնում էր կես միլիոնը: Սովից ու համաճարակներից մահացել է 180 հզ. մարդ, հիմնականում՝ արևմտահայ գաղթականներ:
Դեկտեմբերի 2-ին Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրով Հայաստանը հռչակվել է խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը Երևան, հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Կառավարության պատվիրակությունն Ալեքսանդրապոլում կնքել է հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը, որով ավարտվել է հայ-թուրքական պատերազմը:
Իմ պատրաստած տեսանյութը ` Հղմամբ