Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։
Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ,— երգս ուրախ պիտի ասեմ։
Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։
Վերլուծություն՝
Եղիշե Չարենցը իր բանաստեղծական ոճով ցանկանում է ընթերցողին փոխանցել, որ կյանքի պետք է նայել «Սայաթ Նովայի աչքերով»։ Այսինքն, պետք է երգել, ուրախանալ ու «էս փուչ» կյանքը ապրել որպես «գյոզալ» պատմություն։ Չարենցը բանաստեղծության մեջ շատ անգամներ օգտագործել է Սայաթ Նովայի բառերը, որոնցով, իմ կարծիքով, ցանկացել է «նմանակել» Սայաթ Նովայի բանաստեղծական ոճին ու գրելու արվեստին։ Ընդհանրապես, Չարենցի ամեն բանաստեղծության մեջ ես զգում եմ «տողերը» և պետք է նշեմ, որ վերջինիս բանաստեղծությունները տարբերվում են մնացած գեղարվեստականներից նրանով, որ «գրվել են թեթև ձեռքով»։ Այսինքն, ազատ ու թեթև բառեր են օգտագործվել, և կարդալիս մարդ հասկանում է, որ այնքան շատ ջանք չի թափել գրողը, որպեսզի ամեն հանգ ու տառ միմյանց համապատասխանի։ Ես դա գնահատում եմ, քանի որ այնքան էլ չեմ սիրում պերճացված նախադասություններ, անհավատալի մտքեր, կոնտեքստներ։ Սիրում եմ, երբ բանաստեղծը գրում է այնպես, ինչպես խոսում է, այսինքն «մարդկային», այլ ոչ թե անհավանական ու զարդարված։ Իսկ բանաստեղծության հիմնական նպատակը Սայաթ Նովայի «կյանքի սովորեցնելն էր»։ Ամեն տող, կարծես, պատմում է մեծն աշուղի կյանքի, գործունեության մասին ու տրամադրությունից հասկացվում է, որ և՛ մարդը, և՛ բանաստեղծը պետք է ձգտի ապրել որպես անհատ, որպես «յուրահատուկ Սայաթ Նովա»։ Ինքս, իհարկե, շատ չեմ ուսումնասիրել, սակայն պատմողներից լսել եմ, որ Սայաթ Նովայի երգչական արվեստը շատ նուրբ ու ազատ է եղել, ինչպես Չարենց այս բանաստեղծությունը, և հետաքրքիր է, թե ինչպես է գրողը համատեղել այս երկու հանգամանքները։
Քանի որ «Տաղարան» ժողովածուն նվիրված է եղել իր կնոջը՝ Արփենիկին, դրանից կարող ենք ենթադրել, որ այս բանաստեղծությունը նույնպես նվիրված է նրան։ «Գյոզալ աղջիկ», «սիրուն աղջիկ» հաճոյախոսությունները նույնպես նվիրված են աղջկան՝ Արփենիկին։ Իսկապես, որ բանաստեղծական ոգով սեր խոստավանելը կամ սեր արտահայտելը, ինչպես որ դա արել էր Չարենցը, ստացված է լինում ու սիրվում է և՛ աղջկա, և՛ ընթերցողի կողմից։