Գյուղատնտեսությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի բնակչության հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը: Հայերը հնուց ի վեր վարել են նստակյաց կյանք, զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, կառուցել են ոռոգիչ ջրանցքներ։

ՀՀ գյուղատնտեսությունն իր զարգացման ընթացքում կտրուկ փոփոխություններ է կրել հաճախակի կրկնվող սոցիալ-տնտեսական ցնցումների պատճառով:

Մինչխորհրդային Հայաստանում ձևավորվել է տիպիկ ագրարային տնտեսություն, որին բաժին էր ընկնում զբաղված բնակչության շուրջ 85%-ը։ Հողի մեծ մասը պատկանում էր մանր սեփականատերերին: Ապրանքային բնույթ ուներ մի քանի մշակաբույսերի արտադրությունը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է։ Գյուղացիական մանր տնտեսությունների միավորման հիման վրա ձևավորվել են գյուղատնտեսական պետական (սովխոզ) և կոլեկտիվ տնտեսություններ (կոլխոզ): Գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ճյուղերի պես զարգանում էր սոցիալիստական ուղիով, և արդեն 1990 թ. հանրապետությունում կար սոցիալիստական տիպի 850 ձեռնարկություն՝ սովխոզներ, կոլտնտեսություններ և միջտնտեսային ձեռնարկություններ:

Գյուղացիական խոշոր տնտեսությունները մանր, փոշիացած տնտեսությունների համեմատությամբ շատ առավելություններ ունեն: Հեշտանում են ոռոգման միասնական համակարգի կառուցումն ու շահագործումը, գյուղատնտեսական արտադրության մեքենայացումը, քիմիացումը, գիտության նվաճումների կիրառումը: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն ավելի շատ արտադրանք տալ, այլև բարձրացնել բույսերի բերքատվությունն ու անասունների մթերատվությունը, նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը։ Սակայն խորհրդային ժամանակաշրջանում գյուղատնտեսական արտադրության կազմակերպման մեջ առկա էին որոշակի թերություններ: Արտադրողը, չլինելով իր արտադրանքի տերը, շահագրգռված չէր արտադրանքի ավելացման, ջրի , պարատանյութերի և գյուղատնտեսական տեխնիկայի արդյունավետ օգտագործման մեջ, սահմանափակ էր օգտվում գյուղատնտեսական արտադրության կազմակերպման վերոնշյալ առավելություններից։

Այդ ամենի պատճառով գյուղատնտեսական արտադրության զարգացման տեմպերը բավականին դանդաղ էին: Դրանք չէին համապատասխանում հանրապետության բնական ու տնտեսական հնարավորություններին:

1991 թ. ՀՀ անկախացումից հետո գյուղատնտեսության մեջ սոցիալ-տնտեսական նոր փոփոխություններ տեղի ունեցան: Հաստատվեց հողի և գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականություն։ Լուծարվեցին սովխոզները և կոլտնտեսությունները, և հողը բաժանվեց գյուղացիական մասնավոր տնտեսությունների միջև։ Դրանց թիվը այժմ շուրջ 340 հազ. է, իսկ գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսության տարբեր ոլորտներում զբաղվածների ընդհանուր թվի ավելի քան 40%-ը:

Սկզբնական շրջանում նվազեց գյուղմթերքների արտադրությունը, կտրուկ կրճատվեցին ցանքատարածությունները, ընկավ բերքատվությունը: Սակայն շուկայական տնտեսության ձևավորմանը զուգընթաց իրականացված պետական ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսության մասնագիտացման գլխավոր ճյուղերը ոչ միայն վերականգնեցին խորհրդային ժամանակների արտադրության ծավալները, այլև որոշ արտադրանքների գծով գերազանցեցին այն: Այժմ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմում է հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 18%-ը , իսկ սննդի արդյունաբերության հետ միասին՝ մոտ 25%-ը։ Ներկայումս ցածր մրցունակություն ունեցող մանր գյուղացիական տնտեսությունները գյուղատնտեսական ապրանքային արտադրության զարգացման հիմնական խոչընդոտներից են: Այն հաղթահարելու նպատակով, պետական աջակցությամբ, Արարատյան դաշտում, նախալեռնային հեռավոր սահմանաﬔրձ շրջաններում ստեղծվում են մանր սեփականատերերի ներհամայնքային և ﬕջհամայնքային գյուղացիական տնտեսությունների կամավոր ﬕավորուﬓեր՝ կոոպերատիﬖեր: Դրանց արտոնյալ պայմաններով տրվում են գյուղատնտեսական վարկեր, գյուղտեխնիկա, պարարտանյութեր և այլն:

ՀՀ-ը, չնայած հողային ռեսուրսների սահմանափակությանը, առանձնանում է բազմաճյուղ գյուղատնտեսությամբ։ Դա նախ և առաջ պայմանավորված է մեր հանրապետության բնակլիմայական պայմանների բազմազանությամբ: Այժմ գյուղատնտեսության մեջ հաշվվում է մոտ երեք տասնյակ ճյուղ, արտադրություն: ՀՀ-ի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս մշակել շուրջ 100 մշակաբույս (աշխարհում մշակաբույսերի թիվը մոտ 1600 է):

Անկախության տարիներին էական տեղաշարժեր են կատարվել ՀՀ-ն գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում: Գլխավոր տեղաշարժն այն է, որ փոխվել է գյուղատնտեսության հիմնական ուղղությունների՝ բուսաբուծության և անասնապահության հարաբերակցությունը: Ավելի մեծացել է բուսաբուծության բաժինը:

ՀՀ գյուղատնտեսության մեջ իրենց նշանակությամբ առանձնանում են՝

ա) ճյուղերը, որոնք ունեն արտահանման նշանակություն և որոշում են հանրապետության արտադրական մասնագիտացումը: Դրանք են խաղողագործությունը, պտղաբուծությունը, հարավային բանջարաբուծությունը և ծխախոտագործությունը.

բ) ճյուղերը , որոնք ունեն տեղական նշանակություն: Դրանք են հացահատիկի, կերաբույսերի և կարտոֆիլի մշակությունը , ինչպես նաև անասնապահությունը (չնայած այս ճյուղերի արտադրանքի որոշ տեսակներ սահմանափակ քանակությամբ արտահանվում են, օրինակ՝ թռչնի ﬕս, ձու, կարտոֆիլ):

Գյուղատնտեսության տեղաբաշխումը, ի տարբերություն վերամշակող արդյունաբերության ճյուղերի, ուղղակի կախման մեջ է բնական պայմաններից: Կետային տեղաբաշխում ունեցող արդյունաբերության և գծային տեղաբաշխում ունեցող տրանսպորտի համեմատ, գյուղատնտեսական արտադրությունն ունի գերազանցապես համատարած տեղաբաշխում և զբաղեցնում է ընդարձակ տարածքներ (ցանքատարածություններ, արոտներ, խոտհարքեր, այգիներ)։ Գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցի՝ հողի տեղաբաշխումը կանխորոշված է բնության կողմից, և ճիշտ օգտագործելու դեպքում այն ոչ միայն չի մաշվում ֆիզիկապես, այլ բարելավվում, դառնում է ավելի բերրի։

ՀՀ տարածքում առանձնացվում են դեռևս 20-րդ դարի առաջին կեսին ձևավորված գյուղատնտեսական մասնագիտացման երեք գոտիներ։

ա) ցածրադիր գոտի. որը մասնագիտացել է ջերմասեր բանջարեղենի մշակության, խաղողագործության, պտղաբուծության և կաթնամսատու անասնաբուծության ուղղությամբ.

բ) նախալեռնային գոտի. մասնագիտացելէ գլխավորապես հացահատիկի, ցրտադիմացկուն բանջարեղենի, ինչպես նաև ծխախոտի մշակությամբ.

գ) լեռնային գոտի. առանձնանում է հիմնականում խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ։