Նա մի մեծ թշնամանքի զոհ գնաց, որն իր անձի հանդեպ չէր, այլ իր ընկերների, իր Շարժման, իր ժողովրդի ազատ ապրելու կամքի դեմ։ Թշնամությունը կարող է գիտակցված լինել, կարող է՝ ոչ․ դրանից հետեւանքի ահավորությունը չի նվազում։ Ավելին՝ չգիտակցված թշնամությունը ատելությունը վերածում է անասնական մոլուցքի, որից փրկություն չունի լավը, ողջախոհը, բանականը։ Մտավոր տկարությունը, եթե անգամ մեղմացուցիչ դեպք է մասնավոր հանցանքի, եզակի հանցանքի համար, ապա խմբակային մտավոր տկարությունը նման արդարացում չունի, քանզի հարյուրապատիկ վտանգավոր է շրջապատի եւ կործանարար՝ ժողովրդի համար։

Նա համոզված էր, որ աններելի անվճռական ենք բոլորս եւ ուզում էր, որ մի հարվածով վերանա տխմարության ու հանցագործության այդ բույնը։ Հետ պահեցինք մեկ անգամ, հետ պահեցինք երկորդ անգամ, երրորդ անգամ չկարողացանք, որովհետեւ տղամարդ էր ու հանդուրժել չկարողացավ երեխա֊տղաների հեգնանքը՝ թե դա իր գործը չէ։

Գնաց խոսելու՝ իր մանկական բնույթին վայել միամտությամբ կարծելով, թե դեմը լսելու ընդունակ մարդ, այնուամենայնիվ, կա։ Բայց գնաց նաեւ չհասկացվելու պատրաստ։ Եվ իր կյանքով, իր ու Չաուշի կյանքով վճռվեց ամենքիս անելիքը։

Համոզում էր, պնդում էր, կոկորդ էր պատռում, որ դա՝ բանակ կոչվածը, սուտ է, փուչ է, չկա․․․ Ստիպված իր կյանքի գնով ցրեց 160 հազարի, նույնիսկ հազարի պատրանքը։ Երկու անզուգական կյանքի գնով ցրվեց քաղաքական բախտախնդիրների, ընդամենը հարյուրի չափ անհամբեր֊խաբված տղաների, հիմնականում հանցագործների ու կրկնահանցագործների այդ փոքրաթիվ խմբի միֆը, որ այնքան շահագրգիռ ուռճացնում էին՝ ՊԱԿ֊ը, ՀԿԿ֊ն, տեղիս մամուլը, դրսի հայալեզու, թշնամալեզու մամուլը, միֆ, փուչիկ, սուտ, որ ներսից մեր աչքն էր հանում, դրսից՝ ուրիշի, որ այնքան պետք էր մեր թշնամիներին, որի միակ ռազմական գործողությունը այս երեք տարվա մեջ Նոյեմբերյանի ավանտյուրան եղավ, որ ամենամեծ ծառայությունը եղավ Ադրբեջանին (հոգեկան հիվանդին վայել 160 հազարի այդ բարբաջանքի հետեւանքը եղավ այն, որ Ադրբեջանը փշալարերով, խրամատներով, ռուսական բանակով սահման դրեց Արցախի ու Հայաստանի միջեւ 5000 ավտոմատավոր ունեցավ՝ պաշտոնապես, Հայաստանի ու Արցախի՝ մի քանիսի դիմաց), եւ որի իսկական գինը լավ գիտենք ես ու իմ վաղամեռիկ ընկերը։

Գնում են, նոր ենք հասկանում (այս է մարդուս բնույթը)՝ ով ինչ գանձ էր։

Եթե փիլիսոփայորեն նայենք․․․ Եթե շատ վերանանք ու շատ բարձրանանք, այսպես հեռվից ու բարձրից, վերջին հաշվով նայենք, «իմաստաբար», պիտի ասենք, որ չնչին է անհատի ազդեցությունը պատմության ընթացքի վրա։ Բայց պատմության դեպքերի մասնակցիս փորձը անհաղորդ է վերացական մտահանգումների հետ։ Մտածում եմ՝ եթե չլիներ Այվազյան Վիկտորը, այդպես անհողդողդ կանգնած չլիներ նա դեռ Ազատության չդարձած, չազատագրված հրապարակի խոսափողի մատույցներում, եթե նրանից ու իր ընկերներից անցնեին այն սադրիչները, վարձկաններն ու թուլամորթները, ովքեր խռովահույզ, վտանգավոր ալեկոծվող ժողովրդի դեմ իրենց թիկունքին կազմակերպված պետություն ու բանակներ ունեին, եթե անցնեին ու հասնեին խոսափողին ճգնաժամային պահերին, ի՞նչ կլիներ ժողովրդի վիճակը, ի՞նչ կմնար Շարժումից։

Միտքս, բարեբախտաբար, թարմ շիրմի առաջ չի ծնվել ու սթափության քննություն բռնելու կարիք չունի ժամանակի մեջ։

Վերլուծություն՝

Ընթերցելով սկզբի հատվածները, ես գրեթե վստահ էի, որ խոսքը գնում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին, սակայն մի փոքր զարմացա՝ իմանալով, թե խոսքը իրականում գնում էր Վիկտոր Այվազյանի՝ ՀՀ ազգային հերոսի մասին։ Ավելացնելու էլ խոսք չունեմ, Վանոն ամեն ինչ ասաց և ցույց տվեց՝ հայի թշվառությունը, դավաճանությունը, ընկերոջ մեջքի հետևում նրա դեմ գործողություններ կատարելու կամքը, անարդարությունն ու դրա պատասխանատվությունից խուսափումը։ Այնքան ճշգրիտ բառեր են օգտագործվել այս հոդվածում, որ նույնիսկ փոփոխելու կամ ինչ-որ բան ավելացնելու կարիք չեմ տեսնում։

«Մտավոր տկարությունը, եթե անգամ մեղմացուցիչ դեպք է մասնավոր հանցանքի, եզակի հանցանքի համար, ապա խմբակային մտավոր տկարությունը նման արդարացում չունի, քանզի հարյուրապատիկ վտանգավոր է շրջապատի եւ կործանարար՝ ժողովրդի համար։»

Ցանկանում եմ կենտրոնանալ հետևյալ մտքի վրա։ Ինչքան էլ միտքը հանգեց Վիկտոր Այվազյանին, միևնույնն է այստեղ ես «ակնարկներ» տեսա։ Ինչու՞, որովհետև Վանոն ասում է՝ եթե մասնավոր կամ «անհատական» տկարության պատճառով այդպիսի դեպք տեղի ունենար, շատ մեծ առիթ չէր լինի քննարկելու, սակայն եթե այն խմբակային է, ուստի դա արդեն համազգային սկանդալ է։ Ինչ-որ դեպք չի հիշեցնու՞մ․ հոկտեմբերի 27, 1999 թվական։ Նույն միտքը, նույն դեպքերի հաջորդականությունը, ժողովրդի տրտմությունն ու պետությունը անմխիթար վիճակում գցելու մեծ հնարավորությունն ու ցանկությունը։ Իրոք, խոսքը մի կողմից էլ գնում էր հենց այս դժբախտ օրվա մասին, երբ խմբակային հարձակումից տուժեցին ՀՀ վարչապետը, ՀՀ Ազգային ժողովի նախագահը և ութ այլ անձիք, ինչպես նաև հայոց ազգն ու պետականությունը։ Ես չեմ ծավալվի երկար պատմության մեջ, ես պարզապես կվերլուծեմ հակիրճ Վանոյի կարևորագույն մտքերը, որոնք ես նկատեցի հոդվածում։

«Եթե փիլիսոփայորեն նայենք․․․ Եթե շատ վերանանք ու շատ բարձրանանք, այսպես հեռվից ու բարձրից, վերջին հաշվով նայենք, «իմաստաբար», պիտի ասենք, որ չնչին է անհատի ազդեցությունը պատմության ընթացքի վրա։ Բայց պատմության դեպքերի մասնակցիս փորձը անհաղորդ է վերացական մտահանգումների հետ։»

Այս միտքը նշանակալից է, քանզի համապատասխանում է մեր հերոսների կարգավիճակին և կյանքի գործունեությանը։ Վանոն ասում էր, եթե նայենք «փիլիսոփայորեն», ապա, ըստ խոսքի, անհատի գործունեությունը այնքան էլ ակնառու չէ կամ էլ, ընդհանրապես ուշադրության չի արժանանում, սակայն հետո ինքն իրեն «հակասելով», ասում է, թե այդպիսի մարդ «գտնվել է»։ Իհարկե, կրկնում եմ, որ խոսքը Վիտյա Այվազյանի մասին էր, սակայն նույն իրավիճակը կարող ենք դիտարկել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի համար։ Չէ՞, որ նա էլ էր անհատ, սովորական հայ քաղաքացի, ով ծնվել էր խորհրդային տարիներին և փոքրուց սիրում էր ֆուտբոլը։ Միթե՞, նա չէր կարող դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու պաշտպաներ մեր պատիվը ֆուտբոլային մրցույթներում՝ տարբեր հավաքականների հետ խաղերում։ Ո՛չ, նա դա չնախընտրեց, նա գերադասեց ու վեր դասեց հայրենիքը՝ որպես լրջագույն արժեք նրա համար։ Նա թողեց ֆուտբոլը, թողեց գրիչն ու բանաստեղծական ոգին ու գնաց «հոգու կանչի հետևից»։ Միավորելով ազգը, ոտքի կանգնեցնելով հանուն «ազգային-ազատագրական» շարժման համար, հանուն 70-75 տարի հետո պետություն ունենալու երազանքի, նա ղեկավարեց, գլխավորեց սկզբում Երասխավանի, հետո արդեն ամբողջ պատերազմը։ Այս դերը լրջագույնն է մեր պատմության մեջ, քանզի պատերազմող երկրի ղեկավարը պետք է լինի խելացի ու փորձի ամեն կերպ «դիվանագիտորեն» մոտենալ ամեն հարցին։ Բայց, հո՞ այդպիսի մարդը երկնքից չէր իջնելու։ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին կարելի է ժամերով խոսել, գովել նրա ռազմա-քաղաքական կարիերան, այն գագաթներն ու բարձունքները, որոնց հասել ենք նրա տարիներին, սակայն պետք է հասկանանք, որ ամեն ինչ վերջ ունի, ու ժողովրդի այն տարիների ուրախությունն ու համախմբվածությունը մի ակնթարթում վերածվեց «փոշու», քաոսի։ Այդ օրը երբեք չի մոռացվելու, մնալու է հավերժ, քանզի այդ օրվա կազմակերպիչները «կտրեցին» հայոց պետականության գլուխը, հանձինս՝ Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին սպանելով։ Այդ օրը ազգի միասնակությունը «փշրվեց», բաժանվեց կտոր-կտորի և այն մինչև օրս չի կարողանում լիարժեք վերականգնվել։ Այս դեպքերը հերթական անգամ ապացուցում են, թե ինչպիսի «դավաճան» կարող է լինեն հայը, հայի գենը։ Ինչպես նշում է Գարեգին Տեր-Հարությունյանը, նույն ինքը՝ Նժդեհը, «ամենամեծ թշնամին՝ հայն է»։ Եվ թերթելով պատմության գիրքը, հասկանալով անցած ճանապարհի վեհությունը, փառքը, պատիվը ու «ստվերում» կանգնած բազում ղեկավարների դավաճանական կյանքն ու գործունեությունը, ակամա հասկանում եմ, թե Նժդեհը ինչ ի նկատի ուներ․․․

«Գնաց խոսելու՝ իր մանկական բնույթին վայել միամտությամբ կարծելով, թե դեմը լսելու ընդունակ մարդ, այնուամենայնիվ, կա։ Բայց գնաց նաեւ չհասկացվելու պատրաստ։ Եվ իր կյանքով, իր ու Չաուշի կյանքով վճռվեց ամենքիս անելիքը։»

Այս միտքը նույնպես կարևոր եմ որակում։ Եթե դիտարկենք և՛ Վիկտորի, և՛ Վազգենի դեպքում, ապա նմանությունները ավելի շատ են, քան՝ տարբերությունները։ Սակայն ավելի շատ Վազգենի մասին է խոսքը, քանզի վերջինս լինելով Պաշտպանության նախարար, վարչապետ, մեկնել էր տարբեր պետություններ, հանդես էր եկել ժամանոց ելույթներով, որոնց հիմնական նպատակը միջազգային հանրության ուշադրության սևեռելն էր ստեծված իրավիճակի վրա։ Այսպիսի նվիրյալ Սպարապետին, հավարասակռված ու խելացի անձնավորությանը սպանեցին մի քանի արձակած գնդակի շնորհիվ։ Միթե՞ դավաճանություն չէ։ Այն ժամանակներում, երբ Թուրքիան կարող էր ամեն պահ հարձակվել, վեջնականապես կործանել Հայաստանն ու հայ ժողովուրդը, անել նոր «ցեղասպանություն», մենք միավորվեցինք, պայքարեցինք ու հաղթեցինք ադրբեջանցիներին՝ ցույց տալով, որ հայի հետ խաղը լինում է վտանգավոր։ Բայց, թուրքի գերագույն նպատակն ու երազանքը՝ Սպարապետին սպանելը, ի կատար ածեցին հայերը՝ իրենց դավաճանական ձեռքով։ Եվ հիմա էլ տեսնելով բազում վերլուծություններ, տեսանյութեր, շարունակում եմ մտածել, թե արդյո՞ք կգա մի օր, որ կհամախմբվենք, վերջապես մեր դիմացինի մեջ կտեսնենք լավը, իսկականը, այլ ոչ թե կքննադատենք նրան՝ իր իսկ աչքերի մեջ նայելով ու սուտ-սուտ փաստեր բերելով։

Այսքանը ընթերցելուց հետո, հերթական անգամ ինքս ինձ ապացուցում եմ, թե ինչպիսի դժվար ժամանակներ ենք անցել, ինչպիսի դժվար ճանապարհ ենք անցել այսպիսի, թեկուզ և փոքր ու անազդեցիկ պետություն ստեղծելու համար։ Ինչքան էլ, պետությունը փոքր է, անազդեցիկ, միևնույնն է այն բարձրագույն արժեք է ու բոլորիս պարտքն է նրա սահմանները անսասան պահելը։ Այն օրվա մեր դիմացկուն կամքը, «ձեռք-ձեռքի» տալը, «բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի» գործնականը, այսօրվա տխմարությունն է։ Այսօր մենք պարզապես քննադատում ենք, նույնիսկ չհասկանալով, թե ում և ինչի համար։ Այստեղից ու այնտեղից կարծիքներ լսելով, ինքներս մեզ փորձում ենք համոզել, որ ամեն ինչ ավարտված է, հողը հանձնված է, պետությունը քանդված է։ Բայց, չենք էլ մտածում, որ մենք կարող ենք այն «վերականգնել», ավերակների վրա կառուցել նոր, կայացված, հարուստ ու վստահելի պետություն, անպարտելի բանակ ու ժողովուրդ։ Բայց, ինչքան տեսնում եմ, դեռևս, ցավոք, հեռու ենք այդպիսի կամքից, երազանքից, սակայն վստահելի քայլերով կարող ենք առաջ գնալ, եթե համախմբվենք, եթե ամեն մեկս տեսնենք լավը, բացառենք որոշ հանգամանքներում վատը, ու միասին պայքարենք հանուն մեր իսկ ապագայի, խաղաղ ու դրախտային ապագայի․․․