Տիգրան Հայրապետյանի խոսքերը արդիական են առ այսօր, չնայած, որ հայտնի հրապարակախոսը մահացել էր դեռևս 1999 թվականի մարտին։ Տասնամյակներ են անցել, սակայն նրա հայտնիությունն ու վերլուծությունների և հոդվածների արդիականությունը շարունակում են իրենց պատվավոր տեղը զբաղեցնել հայ հասարակության մեջ։ Ինքս ընթերցելով նրա «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը՝ ակամա հասկանում եմ, թե ինչպիսի հեռանկարներ էին ձևավորվել ու ինչպիսիններն են դեռևս մնում անշարժ։ Կարդալով ու վերլուծելով որոշ մտքեր՝ Ձեր դատին եմ ներկայացնում Տիգրան Հայրապետյանի ամենահայտնի մտքերի ու կրճատ հոդվածների սեփական վերլուծությունս։ Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի ներկայի ու անցյալի միջև համեմատականներ ու զուգահեռներ տանելը։
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի աշխարհ-քաղաքական առանցքը
Միամտություն է կարծել, թե պատմական իրականության հստակ ուրվագծեր ստացող Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի սպառնալիքը չի անհանգստացնում հայ ժողովրդի հեռու և մոտ հարևան-բարեկամներին, որոնք սովոր էին նվազագույնը վերջին երկուհարյուրամյակներում գոնե փառահեղ ռեքվիեմի նոտաների տողակից խոսել հայության ապագայի մասին։
Հետաքրքիր է կարծել, որ հայ ժողովրդին, առավել ևս հեռու-մոտիկ հարևաններ-բարեկամներին անհանգստացրել է ազատ, անկախ, միացյալ Հայաստանի գաղափարը։ Շատերն են փորձել մեզ վռնդել մեր իսկ պատմական տարածաշրջանից, շատերն են ցանկացել մեր չգոյությունը, սակայն հայի համառ դիմակայության շնորհիվ, այսօր էլ մենք կանք և գոյություն ունենք։ Ուստի այս խոսքը գնահատում եմ տեղին և ոչ ժամանակավրեպ, քանզի իրավիճակը նույնն է, ցանկությունները՝ ևս։
Բավարա՞ր է համազգային խոհեմությունը՝ չհավատալ կործանվող ռուսական բաբելոնից շռայլվող խոստումներին, չենթարկվել միջազգային դրամակիր կավատ-կազմակերպությունների պահանջներին և գոնե ի պատիվ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հրաժարվել քաղաքական-հասարակական քրմավարությունից։ Եթե այո, ապա սերունդն այս անցած չի լինի, երբ իրականություն դարձած կլինի սերունդների երազը։ Սա է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև ամբողջ հայության կյանքի ու մահվան աշխարհքաղաքական առանցքը, հավատարմությունը, որին պարտք է և պարտավորություն։
Միանշանական համաձայն եմ, մենք կամաց-կամաց հեռվանում ենք քրիստոնեությունից։ Ցավալի է լսել և տեսնել, որ քրիստոնեությունն առաջինը հռչակած երկիրը և դրանով ամբողջ աշխարհին ներկայացողը, քիչ բան գիտի սեփական պատմությունից։ Որևէ կերպ չվիրավորելով այն մահմեդական երկրներին, որոնց սահմանադրությունները հիմնված են իսլամի օրենքների վրա, պետք է ասել, որ ոչ կրոնապետության կերտման ճանապարհին կարևոր է ներմարդկային շփումների բարելավվումը, քրիստոնեական արժեքների տարածումը, այն է՝ սերը, հավատքը, հարգանքը և այլն։ Հիշեցման կարգով՝ կրոնական պետությունները, քաղաքակիրթ աշխարհի որակմամբ, ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունեն՝ իրավունքների սահմանափակման գործում։ Ապրելով աշխարհաքաղաքական լուրջ ու զգալի փոփոխությունների «էպիկենտրոնում», մենք պետք է ընդունենք մերը, լինենք մեր նման, ինչպես որ եղել ենք դարերով։ Քրիստոնեությունը հայ ազգի համար կարևորագույն նշանակություններից է պատմության մեջ, քանզի աշխարհը Հայաստանին այդպես է «ճանաչում»։ Մենք պետք է ձգտենք պահպանել մեր դավանանքը, չէ որ նա է մեզ միավորում, համախմբում մի գաղափարի՝ միասնականության շուրջ։