Ըստ էության, հայ ազգային֊ազատագրական պայքարը ավարտվել էր անցած դարասկզբին՝ Առաջին Հանրապետության հիմնադրումով։ Հիմնվեց այն տարածքներում, որտեղ հայեր էին բնակվում։ Եւ մնաց այն սահմաններում, որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում։

Գիտակցո՞ւմ էին, թե՞ ոչ 88 թվականի շարժման ղեկավարները, նրանց գլխավոր խնդիրը Իմպերիայի քայքայման պահին Հայաստանի պետական անկախության վերահաստատելն էր եւ միջազգային ճանաչումն ապահովելը այն սահմաններում, ինչ սահմաններով Հայաստանը մտել էր ԽՍՀՄ կազմի մեջ։ 1990 թվականին, հարյուրամյակում միայն երրորդ անգամ հանրապետություն հռչակելուց հետո կարելի եղավ արձանագրել, որ եւս մեկ անգամ ավարտվեց դարասկզբին մեկ անգամ արդեն ավարտված ազգային֊ազատագրական շարժումը։ Ավելի ճիշտ, դարասկզբին վերջնականապես ավարտված լինելը հարկ եղավ արձանագրել նաեւ դարավերջին։

Ազգային֊ազատագրական պայքարը ավարտվում է անկախ պետական միավորման ստեղծումով։ Ոչ թե այն սահմաններում, որում երազում են, այլ այն սահմաններում, ինչ սահմաններում ճանաչվում է միջազգայնորեն։ Այլ տարածքային հավակնությունները լուծելի են դառնում, երբ ազատագրված պետությունը վերաճում է տերության, ինչպես Միացյալ Նահանգները Անգլիայից անկախանալուց եւ Ռուսաստանը՝ թաթար֊մոնղոլական լուծը թոթափելուց հետո։ Բայց տարածքներ նվաճելով դեռ չի լուծվում հարցը, ինչի մասին վկայում է Գերմանիայի եւ բազմաթիվ այլ տերությունների օրինակը։ Դրա համար անհրաժեշտ է նաեւ, որ այդ տերությունները վերաճեն աշխարհի կարգը սահմանող գերտերության։ Հիմա պիտի նայել քարտեզին ու մտածել – տարածաշրջանում ո՞ր պետությունը գերտերություն դառնալու հեռանկար ունի – Հայաստա՞նը, Թուրքիա՞ն, թե՞ Պարսկաստանը… Ինչպես տեսնում եք, Վրաստանն ու Ադրբեջանը չենք էլ դիտարկում, չնայած ծովերի վրա ելք ունեն, ի տարբերություն Հայաստանի։

Քարտեզի տեսքը մատուցում եմ, այո, չարախնդալու համար։ Բայց ոչ թե չարությունից, այլ հուսահատությունից, որովհետեւ ոչ մի հնար չկա հայ քաջասրունք քաղաքական միտքը (քաջասրունք, որովհետեւ մտածում է, միշտ, լավագույն դեպքում՝ ոտքով), այդ միտքը ոչ մի ձեւ չկա մոտեցնելու … ո´չ, ոչ թե սթափությանը, այլ գոնե սթափության հեռավո՜ր մատույցներին եւ հիշեցնելու, որ դա, ախր, արդեն եղել է։ Եղել վերջացել է։ Որ մեր հողերի ու մեր արյան գինը արդեն տվել են 1918 թվականին, վավերացրել 1920 եւ վերահաստատել 1990 թվականներին։ Իհարկե, քիչ է։ Բայց գինը մի բան է, որ չի որոշվում միակողմանի։ Եւ որքան էլ մեր ազգային արժանապատվության համար վիրավորական լինի, պիտի փաստել, որ անցած դարասկզբին ձեռք բերած պետականությունը ոչ թե արդյունք էր մտածված իրագործվող ազատագրական պայքարի, այլ ավելի շուտ, հատուցումն էր ձախողված ապստամբության հետեւանք Եղեռնի, ինչը բխեց նաեւ պատերազմող կողմերի շահերից։ Եւ համաշխարհային հանրությունը, այդ թվում եւ Թուրքիան, վճարեցին մեր արյան գինը՝ ճանաչելով Հայաստանի անկախության իրավունքը իր պատմական հայրենիքի մի մասում։ Ո՞րն է պահանջատիրության գաղափարախոսության ողջ սնանկությունը, որ այն, հակառակ պատմական օրինաչափության, հակառակ ազատագրական պայքարի տրամաբանության, փորձում է գոյությունը քարշ տալ ազատագրական պայքարի (լավ թե վատ) ավարտից հետո՝ պարազիտանալով անկախ պետության մարմնի վրա։ Իսկ ազգային֊ազատագրական պայքարի տրամաբանությունն այն է, որ այն շարունակական չի լինում։ Այն, ինչ երազում են տգետները, ոչ թե ազատագրական պայքարի շարունակություն է կոչվում (մի բան, որ չի լինում առհասարակ), այլ նվաճողական պատերազմ (կարելի է համարել վերանվաճողական), որը կարող է վարել Հայաստանը միայն գերհզոր պետություն դառնալու դեպքում։ Կլինի՞ Հայաստանը այդպիսի տերություն, այն ժամանակ էլ կորոշվի՝ խաղաղ գոյակցե՞լ հարեւանների հետ, թե՞ սկսել նվաճողական պատերազմ։ Այդ որոշման համար ոչ պատմական հիմնավորվածություն պետք կլինի, ոչ պահանջատիրական գաղափարախոսություն, ոչ Եղեռնի ճանաչում ու դատապարտում այլեւայլ կողմերից, այլ միայն բիրտ ուժ։

Իսկ մինչ այդ ընդամենը պետք է պահպանել ու հզորացնել եղած Հայաստանը։ Իսկ երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայ բանականությանը, եղածը պահպանելն է։ Եւ ուրեմն գոնե հայ պետական քաղաքականությունից պետք է դուրս շպրտվի ամենայն բան, ինչը խոչընդոտում է այդ խնդրի իրագործմանը։ Իսկ թե ինչն է խոչընդոտում, պարզ է ցերեկվա լույսի նման ― այն ամենը, ինչի պատճառով հայաթափվում է Հայաստանը։ Ամբողջ զավեշտը այն է, որ հայերը իրենց շփոթում են քրդերի հետ։ Քրդերի ազատագրական պայքարը ունի այն նպատակը, ինչ ամեն մի ժողովրդի ազատագրական պայքարը՝ Անկախ պետության ստեղծումը։ Քրդերի պայքարը շարունակվում է, որովհետեւ դեռ չի հասել նպատակին։ Մերը հասել է նպատակին։ 83 տարի առաջ։ Քիչ է թե շատ է,— դա այլեւս զգացմունքների ոլորտն է։ Լավագույն դեպքում՝ պատմաբանական վերլուծության նյութ, բայց ոչ երբեք՝ պրակտիկ քաղաքականության։ Եթե այդ անկախ պետության սահմանները համընկել են Նիկոլ Փաշինյանի ծննդավայրի սահմանների հետ, դա չի նշանակում, որ աշխարհը մեզ դեռ պարտք է մեկական Հայաստան էլ Ադրբեջանում՝ Ռոբի համար, Խոյում՝ պարսկաստանցի Հրանտի, Վասպուրականում՝ Վազգեն Մանուկյանի, Պոլսում թե որտեղ՝ մի հատ էլ Պարույր Հայրիկյանի համար։ Երկիրը հենց նրանով է կայանում, որ նրա սահմանները առաձգական չեն։ Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում։

Վերլուծություն՝

Նախ ցանկանում են մանրամասնորեն կենտրոնանալ հոդվածի վերջին նախադասության վրա՝ «Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում»։ Չե՞ք կարծում, որ համընկնում է մեր օրերի հետ։ Բոլորս ցանկանում ենք վերծանել Հայաստանի եղած-անցած հզորությունը, Սարդուրի Բ-ի կամ Տիգրան Բ Մեծի երբեմնի անկախ, ազդեցիկ պետությունը։ Սակայն, ով է մտածում, որ դա անհնար է՝ ինչ-որ հանգամանքներում։ Մեր հասարակությունը դրդված է հավատալ, որ պետք է տանել նվաճողական պատերազմ (ինչպես ասում է Վանո Սիրադեղյանը), կռվել, պատերազմել, զոհվել հանուն «Միացյալ Հայաստանի» համար։ Բայց, ով կմտածի, որ այդ նվաճողական պատերազմը կլինի վերջին նշույլը հայկական պատմության մեջ։ Այս բարդ աշխարհաքաղաքական փոփոխությունների էպիկենտրոնում գտնվելով, մենք ականատես ենք լինում, թե ինչպես ենք մեր կամքից անկախ փոխվում, ինչ-որ տեղ՝ փոխարինվում։ Հասարակության մեջ դաջվել է այն գաղափարը, որ պետք է վերամիավորել հայկական բոլոր հողերը, որոնց վրա հարյուր տարի առաջ ապրել են մեր պապերը։ Մարդկանց մեծ մասը հակված է դրան հավատալու, հակված է «պատերազմելուն», միայն մնացած մասն է, որ ռեալ ու դիվանագիտորեն է մոտենում հարցին դիտարկում է այլ «տեսանկյունից»։ Վանո Սիրադեղյանը նշում է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդավայրը, ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ եթե նա փաստում է, որ ծնվել է ՀՀ տարածքում, և աշխարհն էլ իր հերթին է փաստում, որ նա ծնվել է ՀՀ տարածքում, ապա դա իր հերթին անդրադառնում է միջազգային ճանաչման հիմունքներին, թե որտեղ պետք է ճանաչվի պետությունը, որտեղ պետք է ամրապնդվի պետությունը և ինչպիսի սահմաններում։

Վանո Սիրադեղյանը ճիշտ է նկատում, որ սկզբից պետք է պահենք մերը, հետո նորը պահանջենք։ Եթե մենք որևէ կերպ նպաստենք համահայկական շարժմանը և սադրենք հարևաններին նոր պատերազմի, դա անշուշտ ցավալի կլինի։ Որպես օրինակ, պետք է ասեմ, որ և՛ Օսմանյան կայսրությունը, և՛ Բրիտանական կայսրությունը, և՛ Մոնղոլական կայսրությունը, և՛ Ճապոնական կայսրությունը իրենց հերթին կործանվելով թողել են ահռելի մշակույթ այդ տարածքներում։ Նույնն էլ Հայաստանի դեպքում է։ Կարսում, Իզմիրում, Պոլսում՝ Ստամբուլում, Իգդիրում՝ Ըղդըրում, Սամսունում, Անթալյայում, Ադանայում այնքան մեծ մշակութային ու պատմական կոթողներ ու հուշեր կան, որ ակամա մտածում ես՝ ինչպե՞ս կարող էր ամեն ինչ այս կերպ զարգանալ։ Վանո Սիրադեղյանը օրինակ է բերում քրդերին, և ես այն ճիշտ եմ որակում։ Քրդերը, կարելի է ասել, հայերի հակառակ պատկերն են։ Հայաստանն իր 3-միլիոնանոց բնակչությամբ կարողացավ ստեղծել, կազմավորել բանակ, պետություն, սակայն քրդերը՝ իրենց 40-միլիոնանոց բնակչությամբ, դեռևս ազատագրական պայքար են մղում՝ պետություն ստեղծելու համար։ Հայաստանի դեպքում, սա պարզապես հրաշք է, որ այն դիմացել է, զարգացել է, ամրապնդվել է։

Եթե անկացնենք ազգային-ազատագրական պայքարների միջև համեմատականներ՝ այսօր և երեկ, ապա որպես եզրակացություն ու ամփոփում պետք է նշեմ նրանց տարբերությունը։ Քսաներորդ դարի ազգային-ազատագրական պայքարը Գարեգին Նժդեհի, Դրոյի, Զորավար Անդրանիկի, ՀՀ դիվանագիտական ու կառավարական ներկայացուցիչների շնորհիվ ընթանում էր բարդ պայմաններում, քանի որ սեղանին էր դրված մի կողմից պետություն ստեղծելու, մյուս կողմից պետությունը պահելու, և մյուս կողմից էլ հայության վերջնական կործանման կամ այլ ազգերում նրանց ինտեգրման հարցերը։ Սրանք բավականին լուրջ հարցեր էին։

Բոլորս պայքարել ու պայքարում ենք մեր պետության համար, ոմանք՝ գործով, ոմանք՝ ոգով, ոմանք՝ խոսքերով։ Մեզ միավորում է այն, որ մենք սիրում ենք մեր հայրենիքը, երկիրը, մշակույթը ու հարուստ ժառանգությունը, որը մեզ թողել են մեր պապերը՝ երբեմնի հզոր մարտիկներն ու զորավարները։ Բայց «գիշերը՝ ժամը 12-ին, հիմնը երգող մանկանից բացի» կան նաև մարդիկ, որոնք հատուկ ստեղծված են իրավիճակը լարելու, սադրելու, վերջնականապես «ավիրելու» համար։ Վերլուծելով քաղաքագետների վերլուծությունները՝ հասկանում եմ, թե ինչքան նման ենք մենք մեզ հիմա, և անցյալում, ինչքան դաս դեռ ունենք քաղելու։ 21-րդ դարը չպետք է լինի զենքի դար, պետք է լինի նորարարության, խելքի, մտքի ու ստեղծագործության դար։ Այսպիսի ոգին ոչ բոլոր ազգերի մոտ է պահպանվել, ոմանք նույնիսկ իրենց հայրենիքի համար պատրաստ չեն գնալ առաջնագիծ, պատրաստ են միայն փախչելու։

Այսօրվա հիմնախնդիրը հենց դա է, որ ամեն մարդ իր գործով զբաղվելու փոխարեն, անընդհատ խոսում է, քննադատում, նույնիսկ չհասկանալով, թե ինչ է խոսում։ Ասածս ի՞նչ է։ Հեշտ է մի բան ասելը, դժվար է անելը։ Հզոր պետություն ունենալու համար պետք է գործել որպես հզոր ղեկավար՝ պահպանել եղածը, հարցերը դիտարկել նպաստավոր ու շահավետ «տեսանկյուններից», չքննադատել, չվիրավորել անտեղի տեղն այն մարդուն, ով որ պետությունն է ներկայացնում միջազգային կարևորագույն հարթակներում։

Ինքս հարգում եմ Վանո Սիրադեղյանի ստեղծագործական ու վերլուծական միտքը։ Հարգում եմ այն, որ նա չի գրել այստեղից կամ այնտեղից, գրել է ճշմարտությունը, իրականությունը և առաջարկներ է արել դրանք ուղղելու համար, բայց ոչ բոլորն են ըմբռնել, հասկացել դրանք։ Ուստի և հիմա ժամանակն է փոխելու, քանի դեռ «գլխովի կորչելու վտանգը» չի հասել…