«Հայրենիքի սահմաններն առևտրի առարկա լինել չեն կարող․ Ազատը, Անկախն ու Միացյալը առասպել չէ, այլ առարկայական հնարավորություն, որը կյանքի կոչելու մեթոդաբանությանը մենք տիրապետում ենք։ Իրական հաղթանակի համար պետք է մեկընդմիշտ արձանագրել․ սիրում են Աստծուն։ Հայրենիքին ծառայում են։»

Իմաստալից, կարևոր ու խորհրդավոր էր։ Այսպես կարող եմ բնութագրել հետևյալ միտքը. ըստ էության՝ կարդալով որոշ ամենահայտնի վերլուծաբանների ու քաղաքագետների մտքերը հայրենիքի վերաբերյալ, ես հասկացել եմ, որ ամենալավ պատկերացումը հայրենիքի, նրա պաշտպանության, սահմանների անքակտելիության մասին ուներ հենց Տիգրան Հայրապետյանը՝ նորանկախ Հայաստանի հայտնի քաղաքագետը։ Իրոք, խորհուրդը պետք է ընդունել որպես սկզբունք ու առաջնորդվել դրանով, քանզի այլապես մենք չենք կարողանա պահել մեր պետականությունը, երկիրն էլ վստահորեն կգնա կործանման։ Երկու օրենք, երկու կարևորագույն սկզբունք՝ սիրել Աստծուն, ծառայել հայրենիքին, որը պարտավոր է կատարել յուրաքանչյուր քրիստոնյա հայ իր կյանքի ընթացքում։ Եթե ծառայել կարելի է բանակում և աշխատելով, ապա սիրել Աստծուն կարելի է ամեն տեղ և ամեն ժամ՝ անկախ իրավիճակից։ Աստծուն սիրելը հարաբերական է, քանզի ամեն մեկը յուրովի է դա ընկալում։ Ոմանք ընկալում են ամեն օր եկեղեցում մոմ վառելը, իսկ ոմանք՝ տանը աղոթելը։ Սակայն իրական սերը, որը մենք կարող ենք փոխանցել Աստծուն, դա մեր քրտնաջան աշխատանքն է, ընտանիքի ու ազգի հանդեպ մեր խնամքը, սերը, հարգանքը․․․

«Հայ ժողովուրդը չափազանց թանկ է վճարելու անօրինականության այս խրախճանքի համար։ Հազարավորները զոհ կդառնան ներքաղաքական տեռորին, տասնյակ հազարավորները՝ ռազմաճակատներում՝ անդառնալիորեն կորցնելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրն ու Սևանի ավազանին հարող տարածքների մի մասը։ Բայց սա գործընթացի վերջում, իսկ առայժմ, ժողովրդական լեզվով ասած՝ մենք աշխարհի նկատմամբ «գողական ենք գնում»։»

Ի՞նչ նկատի ուներ Տիգրանը, վիրավորա՞նք, պատի՞ժ, կորո՞ւստ, թե նոր պատերա՞զմ։ Իմ կարծիքով, նա հենց այս ամենն ի նկատի ուներ։ Ինչպես տեսնում ենք բոլորս, Տիգրան Հայրապետյանը իր հոդվածներում բազում անգամներ կանխատեսումներ է արել, որոնք իրականություն են դարձել ամիսներ, թեկուզ և տարիներ հետո։ Օրինակներից են հոկտեմբերի 27-ը, 44-օրյա պատերազմը և ներքաղաքական անկայուն իրավիճակը։ Այս բոլորին կարող էր հանգել քաղաքական-հասարակական գործիչը, ով այնքան լավ է տիրապետել իրավիճակին, ամենակարևորը՝ ճիշտ վերլուծություններ է արել, ընդհարումներ, նմանություններ ու տարբերություններ է գտել, ինչպես նաև զուգահեռներ է տարել այսօրվա և երեկվա միջև, որը մեր դարում արդյունավետ գործիք է։ Տիգրանը խոսքերը, որոնք ոմանք վերագրում են մարգարեական, հեռու չեն այդպիսին կաչվելուց, համենայն դեպս, որոշ իրադարձություններ իսկապես ի կատար ածվեցին։ Ես ցանկանում եմ մանրամասնորեն կենտրոնանալ առաջին մտքի վրա, որը ասում է, թե ժողովուրդը իր անօրինականության ու խրախճանքի համար թանկ է վճարելու։ Սեփական վերլուծություններում բազմիցս նշել եմ ժողովրդի դերը, նշանակությունն ու կարևորությունը ՀՀ ներքին իրավիճակում, թե ինչքան մեծ տեղ է զբաղեցնում նրանց քվեն, ձայնը, այն էլ՝ ժողովրդավար երկրում։

Սակայն, կարծում եմ՝ շատերը համաձայն կլինեն, որ ժողովուրդը պետք է միահամուռ պայքարի արտաքին թշնամու դեմ ու միաձայն որոշ իր երկրի ապագան, որովհետև մեր երկիրը յուրահատուկ է նրանով, որ ամեն մեկը՝ անկախ տարիքից, սեռից, այս կամ այն կերպ «ներթաթախված» է ներքին իրավիճակի մեջ։ Կարծում եմ, որ ճիշտ ու արդյունավետ կլինի ոչ թե դպրոցներում, այլ ուսումնական այլ հաստատություններում ևս Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընթերցումը, քանզի այս հոդվածներն այնքան մոտ են ճշմարտությանը, որ հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա։ Անօրինականությունը նախ և առաջ միմյանց հանդեպ է՝ անհարգանքը, ատելությունը, դիմացինին որպես թշնամի դիտարկելը. դա արդեն հետո է վերածվում համազգային ատելության։ Այդպիսի անօրինականությունը, թալանը, մարդկանց խաբելը միշտ էլ եղել է մեր երկրում, դա անփոխարինելի մաս է կազմում մեր իրականության մեջ՝ ինչպես պնդում էր Տիգրանը։ Եվ իրապես, հետագայում գալու էր մի պահ, երբ այս ամենի համար ժողովուրդը պիտի պատասխան տար, և դա էլ դարձավ դաժան պատերազմը, ներքաղաքական իրավիճակը։ Պատերազմը դեռևս ամենացավալի օրինակն, ինչով կարող է ավարտվել «անտարբերությունը»։ Ուստի և, կարող ենք եզրակացնել, որ ժողովրդի այն օրվա վայելքը, «հայրենիք» ու «անսասան սահմաններ» հասկացությունների հանդեպ ոչ այնքան բացասական, որքան «անտարբեր» վերաբերմունքը, այսօր վերածվել են լրջագույն հարցի։ Ու պետք է նշեմ, որ ժողովուրդը, ինչպես և ես, այսօրվա իրավիճակը տեսնելով ու նրա մեջ լինելով, հասկանում ենք ավելի ճիշտ ու ավելի լավ, թե ինչ են նշանակում այդ հասկացությունները։

«Որևէ անձի որևէ գործողություն, որը վտանգում է Ազատը, Անկախը և Միացյալը, դիտարկում եմ հայրենիքի դավաճանություն։ Եթե չգիտեն՝ թող հարցնեն, եթե չեն հասկանում՝ թող հեռանան ու չխանգարեն»։

Նախ պետք է արձանագրենք, որ «Ազատ, Անկախ ու Միացյալ» տերմինները, իմ կարծիքով, վերաբերում են ոչ միայն պետությանը, այլև ժողովրդին, որը նույնպես պետք է լինի ազատ, անկախ ու միացյալ՝ անկախ նրանից, թե երկրի որ ծայրում գտնվի։ Ինչպես քաղաքագետը, այնպես էլ ես, ուրիշը պետության հանդեպ ոտնձգությունը, դավաճանական կամ ստոր քայլը դիտարկում ենք որպես դավաճանություն։

«Երկու հարյուր տարի թաթալաբազություն ենք անում, դաժանորեն պատժվում և հետո կրկին վերադառնում նույն թաթալաբազությանը»։

Այո, ցավալի է, բայց ճիշտ է ասված։ Դարերով մեզ սպանում են, սակայն մենք այդպես էլ չենք սովորում տարբերել լավը վատից, ճիշտը սխալից։ Դժբախտաբար, այսօր էլ շատերս ապրում ենք երազներով ու անուրջներով։ «Թաթալաբազություն» ասելով, մենք կարող ենք հասկանալ թե՛ շողոքորթություն, թե՛ անտարբերություն։ Կարծում եմ՝ ներկա աշխարհակարգում ամենալավը սթափ ու ռեալ մտածողությունն է, բայց, չգիտես ինչու, շատերի մոտ ռեալիստներն ասոցացվում են դավաճանների կամ անհայրենասերների հետ։ Ցավոք։