Մարտի 23
Երկիր Նաիրի: Եղ. Չարենց (հատված)
Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին.- փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ. ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են -գավառական հետամնաց քաղաք: Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը -աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ.- գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ: Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող… Էյֆելյան աշտարակին: Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն — մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս -և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ: Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն՝ արևելյան գյուղում:
Եվ իզուր չէ, որ նաիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը. դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված Գեներալ Ալոշն է, ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում:
Տները, ինչպես ասացի, նաիրյան այդ քաղաքում ցածլիկ են, մեծ մասամբ միհարկանի, տափակ կտուրներով,- բայց տների ու խանութների այդ միօրինակ տափակության ծովում, քաղաքի ճիշտ կենտրոնում, որպես ուրիշ մի աշխարհից կամ երկնքից ընկած քարե մի հրաշք-կանգնած կա, երևակայո՞ւմ եք… հինգհարկանի մի հսկա, քարե մի թյուրիմացություն… Ծխական դպրոցի ծանոթ ուսուցիչ պ. Մարուքե Դրաստամատյանը, որ պակաս մի հրաշք չէ նաիրյան այդ քաղաքում, ամեն անգամ այդ շինության մոտից անցնելիս ասում է ինքնիրեն կամ, եթե խոսակիցներ է ունենում -նրանց. «Ուրի՛շ բան ենք մենք, ուրիշ -եվրոպացիք… Ա՛յ»: Եվ նա հիացած աչքերով նայում է հինգհարկանի շենքի տարօրինակ— փոքրիկ քառակուսի պատուհաններին: «Դեռ մենք շատ ենք հետամնաց», — ասում է նա: Այսպես է մտածում պ. Մարուքեն-և նա, իհարկե, ունի իրավունք.- պ. Մարուքեն ավարտել է տեղական քաղաքային յոթնամյա դպրոցը և, իրերի անհայտ բերումով, երկու-երեք ամսով եղել է Բեռլինում.- գոնե այսպես է հավատացնում ինքը, պ. Մարուքեն: Նա սիրում է միմիայն նորն ու կատարյալը -և չի կարող տանել ոչ մի հնություն: Այսպիսով նա, միանգամայն իրավացիորեն, եվրոպացու հռչակ է վայելում նաիրյան այդ քաղաքում և բոլորը, մեծ թե փոքր, բացի երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանից, հարգում են նրան:
Բայց քաղաքը, բացի այդ հինգհարկանի հրաշք-շինությունից, ուներ մի շարք տեղական հրաշալիքներ, որոնցով դժբախտաբար չէր հետաքրքրվում պ. Դրաստամատյանը: Սակայն ինչ ուզում է պ. Մարուքեն կարծե -առանց այդ հրաշալիքների նաիրյան այդ քաղաքը եթե ոչ իր ամբողջ հմայքը, գոնե իր հմայքի կեսից ավելին անպայման կկորցներ -հենց իրենց, այդ քաղաքի բնակիչների աչքում: Եվ ճիշտ որ. ինչո՞ւ համար կատարյալ հրաշալիքներ չեն կարող համարվել — թեկուզ հենց Բերդը կամ, ասենք,— Վարդանի կամուրջը կամ վերջապես -Առաքելոց եկեղեցին… Իսկ ձորի Սլլան քա՞րը, Ճգնավորի մատո՞ւռը,- ո՞րը թվեմ:- Բոլորն էլ հրաշք են, զարմանալի զարմանք, անկարելի հնճարք:
Առաջադրանքներ
Ա) Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.
- քաղաքը հին է,
Փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ։ Քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ. — գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ:
- քաղաքը եվրոպական չէ,
Խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ։ Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն՝ արևելյան գյուղում:
- գավառական հետամնաց քաղաք է
Ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են — գավառական հետամնաց քաղաք։
- քաղաքը նաև կարելի է նոր համարել,
Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն — մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս — և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ:
- քաղաքն ունի հրաշալիքներ։
Բայց քաղաքը, բացի այդ հինգհարկանի հրաշք-շինությունից, ուներ մի շարք տեղական հրաշալիքներ։ Ինչո՞ւ համար կատարյալ հրաշալիքներ չեն կարող համարվել — թեկուզ հենց Բերդը կամ, ասենք,— Վարդանի կամուրջը կամ վերջապես — Առաքելոց եկեղեցին… Իսկ ձորի Սլլան քա՞րը, Ճգնավորի մատո՞ւռը, — ո՞րը թվեմ: — Բոլորն էլ հրաշք են, զարմանալի զարմանք, անկարելի հնճարք:
Բ) Բնութագրե՛ք Մարուքե Դրաստամատյանին։ Ցո՛ւյց տվեք հեղինակի վերաբերմունքն այս հերոսի նկատմամբ։
Քաղաքը բացի բազմահարկ շենքերից ուներ նաև տեղական հրաշալիքներ, ինչպես եկեղեցիները, ամրոցները, վանքերը, սակայն այս բոլորը չէր հետաքրքրում պրն․ Դրաստամատյանին։ Հեղինակը պատմում է, թե հիացած աչքերով նայելով պատուհաններին, հին շենքերին, տներին ու խանութներին, ինչպես նաև դարի մշակութային կոթողներին, պրն․ Դրաստամատյանը, ով ավարտել էր քաղաքային յոթնամյա դպրոցը, կարծում էր, թե նրանք դեռ շատ են հետամնաց։ Հեղինակի վերաբերմունքը մի հատվածում արհամարհական է պրն․ Դրաստամատյանի նկատմամբ, որն, ըստ իս, արդարացված է։ Նրան, քանի որ եկեղեցիներն ու տեղի հրաշալիքները չէին հետաքրքրում, նա ձեռնպահ չէր մնում որևէ կերպ արտահայտվելուց նրանց հանդեպ, իսկ հեղինակը ասում էր, թե նրա խոսքը «այդքան էլ կարևոր չէ»։ Ինչու՞, որովհետև առանց այդ հրաշալիքների, Նաիրյան այդ փոքրիկ քաղաքը կկորցներ իր դարավոր հմայքի կեսից «ավելին»։