Պարսից գերիշխանության սաստկացումը՝
Պարսից արքա Հազկերտի հրամանով 447 թ. Արևելյան Հայաստան է գալիս պարսից պաշտոնյա Դենշապուհը։ Նա անցկացնում է հողերի և բնակչության հաշվառում աշխարհագիր։ Վահան Ամատունուն հեռացնում են հազարապետի պաշտոնից և նրա փոխարեն նշանակում մի պարսիկ պաշտոնյայի, իսկ երկրի դատավարությունը հանձնվում է մի մոգպետի։ Դենշապուհը բարձրացնում է հարկերը, հարկատու է դարձնում նաև հոգևորականությունը։ Շուտով Հազկերտը հատուկ հրովարտակով հայերից պահանջում է հրաժարվել քրիստոնեությունից։
Արտաշատի ժողովը՝
Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը 449 թ. Արտաշատում եկեղեցական ժողով է գումարում, որտեղ մերժվում է պարսիկների պահանջը։ Իմանալով այդ մասին՝ Հազկերտը Տիզբոն է կանչում մարզպան Վասակ Սյունուն, սպարապետ Վարդան Մամիկոնյանին և այլ անվանի նախարարների։ Հազկերտը նրանց պարտադրում է դավանափոխ լինել։ Նախարարները որոշում են առերես ընդունել Հազկերտի պահանջը։ Պարսից արքան մոգերի և զորքի հետ նրանց ուղարկում է Հայաստան, բայց պատանդ է պահում Վասակ Սյունու երկու որդիներին։ Հայ նախարարները հասնում են Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքը, որտեղ Ղևոնդ երեցի գլխավորությամբ հայերը ապստամբում են և քշում պարսիկ մոգերին։
Ապստամբության ծավալումը՝
Ապստամբության գլուխ է անցնում Վարդան Մամիկոնյանը։ Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել: Հայոց զորքը բաժանվում է երեք զորագնդի։ Առաջինը Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ պաշտպանելու էր Հայաստանի հարավը։ Երկրորդ գունդը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ գնալու էր Աղվանքին օգնության։ Երրորդ գունդը Վասակ Սյունու գլխավորությամբ մնալու էր երկրում։ 450 թ. Խաղխաղ քաղաքի մոտ Վարդան Մամիկոնյանի զորագունդը ճակատամարտում հաղթում է պարսիկներին և ազատագրում է Աղվանքը՝ անցնելով Կուր գետը։ Հայաստանից անսպասելի լուր է ստացվում, որ Վասակ Սյունին հրաժարվել է ապստամբությունից և հաշտվել պարսիկների հետ։ Սպարապետ Վարդանն արագ վերադառնում է Հայաստան։
Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը՝
Վարդան Մամիկոնյանի 66-հազարանոց հայոց զորքը շարժվում է Արտագ գավառ և բանակում Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ափին։ 451թ . մայիսի 26- ի լուսաբացին տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը։ Հայերը կռվում էին հերոսաբար, սակայն ուժերն անհավասար էին։ Պարսկական զորքը գրեթե 3 անգամ գերազանցում էր հայկականին։ Վարդանը հայտնվում է շրջափակման մեջ և արիաբար զոհվում, նահատակվում են նաև ութ նախարարներ։ Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից՝ 3544։ Հայ եկեղեցին Ավարայրի ճակատամարտում զոհվածներին դասել է սուրբ նահատակների շարքին և նշում է նրանց հիշատակի օրը Սուրբ Վարդանանց տոն անունով։ Եղիշեն Վարդանանց սխրանքը բնութագրել է հետևյալ խոսքերով՝ <<Մահ ոչ իմացեալ մահ, մահ իմացեալ՝ անմահութիւն>>։ Ավարայրի հերոսամարտը ոգեշնչման և հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու ոգեղեն գաղափարի աղբյուր դարձավ հետագա հայրենասեր սերունդների համար ։


