Ջաննի Ռոդարի
Ծեր մորաքույր Ադան
Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:
Առաջադրանքներ
1․Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:
Սրտաբաց,բարի,հոգատար,կենդանիներին շատ սիրող,կենդանասեր,հետաքրքասեր։
2․… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:
Մյուսներին չի կարելի թերագնահատել։Միգուցե այդ մարդը կարող է քեզնից շատ օգուտ տալ։Այդ տատիկները նախանձ էին,եսասեր,ու չէին ուզում,որ մյուսը լավ գործ անի։Նրանք երկուսն էլ չարամիտ էին ու բամբասող։
3․… Ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:
Ես համաձայն չեմ,որովհետև նա չէր խելագարվել։Նրա կարոտը կերել էր նրա սիրտը,և ուղղակի նրան կարոտն էր դրաձրել այդպես։
Ես համաձայն չեմ այս մտքի հետ, որովհետև բարություն անելը, դրանից ուրախանալը կամ հաճույք ստանալը որևէ կապ չունի խելագարության հետ: Ծեր կանայք չէին էլ կարող պատկերացնել, թե ինչու է մորաքույր Ադան այդ ամենը անում, նրանք չէին ցանկանում փնտրել այդ ամենի իմաստը, այլ ընդունում էին իրենց տեսածը այնպես, ինչպես իրենք են ցանկանում:
4․…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:
Ես ընդունում եմ մորաքույր Ադայի տեսակետը: Ծեր կանայք չէին փորձում նույնիսկ իրենց կյանքը և մտածելակերպը փոխել, նրանք սպասում էին զավակներին, այն զավակներին, ովքեր երևի չեն էլ վերադառնա: Միգուցե նրանք սպասում էին, որ նրանց զավակներից որևէ բան պետք է հետ ստանային։ Իսկ մորաքույր Ադան չէր էլ նեղվում այն փաստից, որ իր զավակները իր կողքին չեն, նա իր զավակներին արդեն թևեր էր տվել և շարունակում էր թևեր տալ ուրիշներին: Նա միշտ առաջ էր գնում, չէր սպասում, որ իր լավության դիմաց իրեն վճարեն:
