1. Հովհաննես Քաջազնունու կառավարության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Հանրապետության ներքին և արտաքին քաղաքական դրությունը
1918 թ․ ապրիլի 22-ին Անդրկովկասի Սեյմը հայտարարեց, որ Անդրկովկասն անջատվում է Ռուսաստանից և կազմում է անկախ պետություն։ Նրա մեջ մտան Անդրկովկասի երեք ժողովուրդները՝ հայերը, վրացիները և թաթարները /ադրբեջանցիները/։ Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը։ Այն ընդունեց Սեյմը լուծարելու վրաց մենշևիկյան խմբակցության առաջարկը։ Նույն օրը՝ երեկոյան, վրացական ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը։ Մայիսի 27-ին Թիֆլիսում Սեյմի մահմեդական պատգամավորների արտակարգ նիստը որոշեց ստանձնել Ադրբեջանի կառավարումը։ Հաջորդ օրը Ադրբեջանի ժամանակավոր ազգային խորհուրդը հռչակեց Ադրբեջանի անկախությունը։ Անդրկովկասյան թաթարների կառավարող մարմինը որպես ժամանակավոր մայրաքաղաք ընտրեց Գյանջան /Գանձակ/, քանի որ Բաքուն բոլշևիկների ձեռքում էր՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ։
Մայիսի 30-ին մամուլում հրապարակվեց Հայոց ազգային /կենտրոնական/ խորհրդի հայտարարությունը, որտեղ ազդարարվում է, որ խորհուրդը ստանձնում է հայկական գավառների միակ և գերագույն իշխանությունը /տեքստը կազմել էր Նիկոլ Աղբալյանը/։
Արևելյան Հայաստանում վերականգնվեց հայկական պետականությունը, ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը։ Այն ծնունդ առավ ներքին ու արտաքին չափազանց ծանր պայմաններում։ Նորաստեղծ հանրապետության առջև ծառացած ու անհապաղ լուծում պահանջող խնդիրները բազմաթիվ էին։ Դրանք վերաբերում էին երկրի թե՛ ներքին կյանքին, թե՛ արտաքին քաղաքականությանը։ Երկիրը անելանելի վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ էր քաղաքական կամք, վիթխարի ջանքեր ու հետևողական աշխատանք։
Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին 1918թ․ հունիսին կազմել էր մի ծրագիր-հայտագիր, որում ներկայացնում էի իր գլխավորած ժամանակավոր կառավարության քաղաքականության ուղղությունները։ 1918 թ․ օգոստոսի 1-ին Երևանում գումարվեց Հայաստանի խորհրդի /խորհրդարանի/ անդրանիկ նիստը։ Երկու օր անց խորհրդի նիստում վարչապետը ներկայացրեց ժամանակավոր կառավարության ծրագիրը։ Նա իր ելույթում նշեց․ “Բացառիկ պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը։ Նա կոչված է իրականացնելու գործադիր իշխանությունը մի պետության մեջ, որ դեռ նոր է ծնունդ առել և տակավին դուրս չէ եկել իր կազմակերպման առաջին շրջանից։ Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարության՝ շարունակելու արդեն իր ընթացքի մեջ դրված պետական աշխատանքը․ նա նույնիսկ չի ժառանգում կենտրոնական իշխանության՝ կարիքներին հարմարեցրած շարունակելու պատրաստի ապարատներ։ Նա հարկադրված է սկսել ամեն բան սկզբից․ անձև քաոսի և ավերակների կույտից նա պետք է ստեղծի կենսունակ և աշխատունակ մի մարմին”։
Հ․ Քաջազնունին հանրապետության առջև ծառացած խնդիրները բաժանում էր երկու խմբի՝ ներքին և արտաքին։ Վարչապետը բավական իրատեսորեն ներկայացնում է երկու ներքին ծայրահեղ ծանր կացությունը, որից էլ բխելու էր իր արտաքին քաղաքականությունը։
Հ․ Քաջազնունու հակիրճ բնութագրմամբ երկրում դրությունը հուսահատական էր։ Ազգաբնակչության կեսից ավելին կազմում էին փախստականներ և գաղթականներ՝ անտուն, մերկ ու քաղցած։
Գյուղերը քանդված ու ավերված էին, գյուղատնտեսական աշխատանքները՝ կազմալուծված։ Հացի բացակայության կենսամթերքների խիստ սակավության պատճառով գյուղացիները կերել էին իրենց սերմացուն, և հերթը հասել էր լծկան անասուններին։ Տիրում էր սով բառի բուն իմաստով, որի հետևանքով մեծ տարածում էին ստացել տարափոխիկ հիվանդությունները, մասնավորապես՝ բծավոր տիֆը, իսկ դեղորայք չկար, և դեղատները դատարկ էին։
Արտաքին աշխարհի հետ կապը կտրված էր, որովհետև միակ երկաթուղային գծին տիրել էին թուրքական զորքերը, ապրանքների ներմուծումը դադարել էր, որովհետև կտրված էր կապը թե՛ Ռուսաստանի, թե՛ Պարսկաստանի ու Եվրոպայի հետ։ Այս պատճառով զգացվում էր ամենաանհրաժեշտ ապրանքների սուր պակաս։ Երկրում տիրում էր կատարյալ քաոս և անիշխանություն։ Պետք էր ամեն ինչ սկսել սկզբից, ավերակների վրա կառուցել նոր պետական շենք։ Նշենք, որ այդ ամենը հիմնական թուրքերի ասպատակությունների հետևանքն էր։
1918 թ․ դեկտեմբերի 7-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը Թուրքիայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Ֆ․ Թախթաջյանին ուղղած գաղտնի նամակ-հրահանգում գրում էր․ “Նրանք /թուրքերը/ տարել են բառիս բուն նշանակությամբ ամեն ինչ, լինի այդ ինչը պետական, հասարակական, թե մասնավոր։ Նրանք տարել են ամբողջ հացը, անասունները, պատրաստի վառելիքը, պահեստների և խանութների ապրանքները, երկաթուղու սիմաֆորները, լապտերները, հեռագրաթելերը, շատ տեղերում հեռագրասյուները և այլն, և այլն․ մի խոսքով տարել են այն ամենը, ինչ որ որևէ արժեք ներկայացնում է մեր ժողովրդի կամ պետության համար։
4. Գաղթականների վիճակը ուղղակի հուսահատական է․ նրանց մի մասը չի կարող վերադառնալ երկիր, որովհետև թուրքերը դեռ այնտեղ են, և նրանց սարսափը մեծ է․ այդ գաղթականներն են Տաճկահայաստանցիք, Ղարսեցիք և Էջմիածնի, Սուրմալուի, Շարուրի, Նախիջևանի և Ախալքալաքի որոշ մասերից եկած ժողովուրդը։ Գաղթականների մյուս մասը, որ կարողացել է վերադառնալ և վերադարձել է իր բնակավայրը, դատապարտված է սովամահ կամ ցրտահար լինելու, որովհետև ինչպես հիշատակել եմ վերևը, թուրքերը տարել են ապրուստի և վառելիքի բոլոր պաշարները և ավերել են նրանց բնակարանները։
5. Հաղորդակցության դժվարությունները Անդրկովկասի սահմաններում անօրինակ չափեր են ընդունել։ Բաքու գնալը մեզ համար սխրագործություն է համարվում․ Գանձակ գնալ նույնպես չենք կարող առանց մեր կյանքը ռիսկի ենթարկելու։ Ղարաբաղից կտրված ենք գրեթե մի տարուց ի վեր, Թիֆլիս գնալ-գալը կարելի է 5 — 6 ձևականություն կատարելու պայմանով, սակայն 3 — 4 շաբաթը հազիվ մի գնացք է գնում գալիս Թիֆլիս-Երևան։ Հաղորդակցության այս դժվարությունները ուղղակի անհնարին կացություն են ստեղծում մեզ համար ոչ միայն տնտեսական գործառությունների տեսակետից, այլև այն տեսակետից, որ գաղթականությունը և պատերազմական մեր գերիները չեն կարողանում օր առաջ իրենց տեղերը վերադառնալ։
6. Հայաստանի պարենավորման վիճակը սարսափելի է։ Հաց չեն կարողանում ստանալ ոչ Վրաստանից և ոչ Ադրբեջանից, ուր հացի հսկայական պաշարներ կան, որովհետև վրացիք և ադրբեջանցիք թույլ չեն տալիս գնումներ կատարել և արտահանել։ Հաց չենք կարողանում ստանալ և Հյուսիսային Կովկասից կամ Ուկրաինայից, ուր գնումներ կատարելու հնարավորություն կա, որովհետև նախ հաղորդակցությունն է խիստ դժվարին, երկրորդ ռուսական դրամներ դժվարությամբ ենք ճարում, իսկ մեր Անդրկովկասյան բոնաները այնտեղ չեն վերցնում և երրորդ վրացիք տրանզիտի մեծ դժվարություններ են հարուցանում։
Հանրապետության ներքաղաքական ու տնտեսական աղետալի վիճակը շարունակվեց մինչև տարվա վերջը․ “Հայաստանը ամեն կողմից շրջապատված է թշնամիներով, և մենք բոլորովին կտրված ենք արտաքին աշխարհից, — գրում է Սիմոն Վրացյանը։ — Սովն ու համաճարակը, հիվանդությունները շարունակում են իշխել մեր երկրում․ տկարները մեռնում են և ուժեղները տկարանում են մեռնելու համար։ Եթե այսպես վեց ամիս էլ շարունակվի, Հայաստանի ժողովրդի մեծ մասը կկոտորվի։ Աշխարհից կտրված, անօգնական և թշնամիներով շրջապատված Հայաստանը մի քանի ամսվա ընթացքում՝ մինչև հոկտեմբեր, սպառեց հացի իր աղքատիկ պաշարը։ “Կառավարության հավաքած ցորենը սպառվեց, — գրում է բժիշկ Արտաշես Բաբալյանը․ — և սովը իր անողոք ճանկերը խրեց հայ գյուղացու կրծքին։ Մեռան հազարներով, տասնյակ հազարներով։
1918 թվականից երկրի տարածքում մոլեգնում էր բծավոր տիֆի համաճարակը, որը մարդկային հազարավոր կյանքեր խլեց։ Երևանում և Էջմիածնում օրեր էին լինում, որ միայն մահացողների թիվը մի քանի հարյուրից անցնում էր։ Ծանր վիճակ էր տիրում նաև բանակում․ “Զինվորական հիվանդանոցները բերնե բերան լիքն էին, և հիվանդապահներն ավելի շատ դիակներ կրելով էին զբաղվում, քան հիվանդներին խնամելով։ Իսկ այն, ինչ կատարվում էր այդ ժամանակ Սարդարապատում, Ղամարլուում և Իգդիր շրջանում և գաղթականական բարակներում՝ վեր է ամեն երևակայությունից։ Հարյուրավոր դռներ այս շրջաններում ընդմիշտ փակ մնացին, որովհետև նրանց բոլոր բնակիչները մեռել էին։ Մեռելների թիվը այնքան շատ էր և նրանց տերերն այնքան ուժասպառ, որ թաղման գործողություններն էլ չէին կարողանում կատարել։ Սովահար շրջաններում կենդանի, շուն, կատու չմնաց, և մարդիկ ձեռնամերձ եղան անասունների լեշերին և մինչև իսկ մարդկային դիակներին”, — գրում է Արշակ Ջամալյանը։ Մինչև 1919թ․ ամառը, ըստ ներքին գործերի նախարարության տվյալների, Հայաստանի Հանրապետությունը բծավոր տիֆի համաճարակի և սովի պատճառով կորցրեց շուրջ 192 հազար մարդկային կյանք։
Հասկանալի է, թե այս ամենի հետևանքով ինչպիսի ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ էր տիրում երկրում։ Ներքին պառակտվածությունը որդի պես կրծում էր ազգի միասնական ոգին, թուլացնում դիմադրողականությունը, զրկում հանուն պետական ընդհանուր շահի դատելու կարողությունից։ Նման պայմաններում չափազանց դժվար էր պետականության կայացումը։
Դարեր շարունակ պետականությունից զրկված հայ ժողովուրդը հնարավորություն էր ստացել վերակերտելու իր անկախությունը, սակայն հանրապետության յուրաքանչյուր հատված ուներ զանազան տեղական խմբավորումներ, որոնք բոլոր խնդիրներին մոտենում էին հօգուտ իրենց և սեփական շահը շարունակ առաջին գիծ մղում։ “Այս բոլոր Երևանցիները, Վանեցիները, Սասունցիները, Ղարաբաղցիները, Շատախցիները, Նուխեցիները, Արեշցիները և այլն, և այլն․ մի այնպիսի սումբուր էին առաջացնում մեր պետական-հասարակական գործերում, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, — գրում է Արշակ Ջամալյանը։ — Երևանցիք դժգոհ էին Հայաստանի ղեկավարներից, որոնք բոլորն էլ դրսեցիներ լինելով՝ գործեր են կատարում իրենց քաղաքում՝ առանց տեղացիների պատշաճ մասնակցության։ Այդ պատճառով էլ նրանք խռոված երեխաների պես կողմնակի դիտողի դեր էին կատարում Հայաստանի իրադարձությունների մեջ։ Վանեցիք կարծում էին, թե կառավարությունը բոլոր խնդիրներից վեր պիտի դասի “Վանա քաղաքի” և շրջանի վերագրավումը, որպեսզի գաղթական ժողովուրդը ազատվի իր զրկալից կյանքից։ Ղարաբաղցիք ընդհակառակը պնդում էին, որ առաջին հերթին Ղարաբաղի ազատագրությունը պիտի լինի կառավարության հոգածության խնդիրը, որովհետև Ղարաբաղը Հայաստանի ողնաշարն է հանդիսանում։
Երկրորդ գլուխ
Սասունցիները մի ուրույն աշիրեթի պես ապրում էին իրենց համար, չէին թույլ տալիս, որ որևէ մեկը իրենց ներքին գործերին միջամտի, ինչպես որ իրենք էլ չէին միջամտում ուրիշի գործերին, և կառավարական ոչ մի կարգադրություն իրենց համար պարտադիր չէին համարում, մինչև որ այդ կարգադրությունը չգար իրենց աչքում աշիրաթապետի հանգամանք առած “Ռուբեն Փաշայի” անունով։ Չէ՞ որ այդ թուրքերը կամ նրանց ազգակիցները ոչնչացրել են Արեշի և Նուխու 40 000 հայ ժողովուրդը։ Եվ այդ պատճառով էլ, այն, ինչ որ կառավարությունը չէր անում, նրանք իրենք էին ուզում անել ․․․
Այսպես և մնացած բոլոր տեղացիները։ Բոլորն էլ իրենց առանձին ակնկալություններն ունեին Հայաստանի կառավարությունից և շատ դեպքերում իրենց պահանջների բավարարումով էին պայմանավորում այդ կառավարությանը տալիք օգնությունը։
Էլ չեմ խոսում առանձին անհատների կամ փոքրիկ խմբակների մասին, որոնք Ռուսաստանից, Եվրոպայից, Ամերիկայից, Պոլսից, Թիֆլիսից, Բաքվից մեծ մասամբ հարկադրաբար գալով մեր երկիրը՝ բերել էին իրենց հետ բազմաթիվ ծրագիրներ, խորհուրդներ, քննադատություններ։ Սրանցից ամեն մեկը իր բաժին բազմազանությունն էր մտցնում մեր իրականության մեջ՝ ցանկանալով Հայաստանի գործերը ձևել և կարելի համաձայն իր տեսածի ու լսածի։ Չեմ խոսում նաև արտասահմանի հայության պես-պես վերաբերմունքների մասին դեպի Հանրապետությունն ու նրա գործերը, որոնք, ի, իհարկե, առանց ազդեցության չէին մնում մեր պետական շինարարության համար”։
Ահա թե որքան ճշմարիտ է ներկայացնում հանրապետությունում իշխող բարոյահոգեբանական մթնոլորտը Արշակ Ջամալյանը։
Դրությունն ավելի էր բարդանում այն առումով, որ հանրապետության ազգաբնակչության մոտ 30%-ը մահմեդական էր, որոնք մշտապես խոչընդոտներ էին հարուցում և սպառնալիք էին նորակազմ պետության գոյության համար։ Ինչպես վկայում է Հ․ Քաջազնունին․ “Հայաստանի մահմեդական ազգաբնակչությունը, խրախուսված Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, հակապետական ընթացք է բռնած եղել”։ Հայաստանի “․․․ մահմեդական ազգաբնակչության մեծամասնությունը և՛ դրսի թելադրանքների և՛ ներքին տրամադրությունների ազդեցությամբ բացարձակապես չէր ճանաչում մեր իշխանությունը և չէր ուզում որևէ գործ ունենալ պետության հետ, — գրում է Ա․ Ջամալյանը։ — Իսկ փոքրամասնությունը, որ տեղ տեղ, իր ուժի տկարության պատճառով չէր կարող բացարձակապես դեմ գնալ մեր իշխանությանը՝ թեև երևույթապես ճանաչում էր նրան, բայց որևէ ձևով աջակից և նեցուկ լինել չէր կամենում։ Ավելին, ոչ միայն չէին ճանաչում հայոց իշխանությունը, այլև զինված գործողությունների էին դիմում։
Հայաստանի Հանրապետությունում ռուսները թեև քանակով քիչ էին՝ մոտ տասը հազար, սակայն ազդեցիկ ուժ էին, թե՛ պետական մարմիններում և թե՛ բանակում։ Նրանք բաժանված էին երկու խմբի՝ գյուղացիներ, որոնք մշտական բնակություն էին հաստատել Հայաստանում ցարական կառավարության վերաբնակեցման քաղաքականության հետևանքով, և պետական պաշտոնյաներ ու ծառայողներ՝ գլխավորապես ռազմական, դատական ու հաղորդատվության բնագավառներում։
Սակավ բացառությամբ, թե՛ առաջինները և թե՛ երկրորդները, որոնք ռուսական տիրապետության ժամանակ արտոնյալ դիրք ունեին Հայաստանում․ “շատ վատ էին տրամադրված մեր պետականության հանդեպ։ Անկախ այն բանից, որ նրանք հոգեբանորեն չէին կարող հաշտվել այն մտքի հետ, որ ռուսի երեկվա հպատակը այսօր տեր ու տիրակալ է դարձել իր երկրում՝ նրանց դուրը չէր գալիս մեր պետության ձգտումը՝ հավասարեցնել հայ գյուղացու և ռուս գյուղացու վիճակը հողաբաժանման խնդրում և հայոց լեզուն պետական լեզու դարձնել հանրային բոլոր գործերում։ Առաջինը դուր չէր գալիս ռուս գյուղացիներին, որովհետև խախտում էր նրանց առանձնաշնորհյալ դիրքը, իսկ երկրորդը դուր չէր գալիս մասնավորապես ռուս պաշտոնավարությունը Հայաստանում։ Այսպիսով՝ հանձին ռուս ազգաբնակչության՝ ընդհանուր առմամբ մենք ունեինք մեր պետականությանը առնվազն անբարյացակամ մի տարր”։ Կարծում ենք՝ հարկ չկա փաստեր բերելու, որ անկախացման առաջին ամիսներին երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը նույնպես իր քայքայիչ ու ծանր կնիքը դրեց նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարության թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական գործունեության վրա։
Երկրում ստեղծված ծանրագույն կացությունից դուրս բերելու վճռական հրամայականը նոր ձևավորվող պետական համակարգի արդյունավետ գործունեությունն էր, սակայն լարված էին հարաբերությունները․ դեռևս բացակայում էր պետական համակարգի տարբեր թևերի ներդաշնակ, փոխկապակցված աշխատանքը․ տարաձայնություններ կային օրենսդիր մարմնի՝ Հայաստանի խորհրդի, գործադիր մարմնի՝ կառավարության և գերակա քաղաքական ուժի՝ Հայաստանի հեղափոխական դաշնակցություն կուսակցության միջև։
Այդ կապակցությամբ Հանրապետության վարչապետ Հ․ Քաջազնունին հետագայում գրում է․ “Գործնականորեն՝ մեր կուսակցությունը ձգտում էր իրան ենթարկել, իր հսկողության տակ առնել թե՛ օրենսդիր մարմինը, թե՛ կառավարությունը։
Իշխանության անհանդուրժելի երկվություն էր առաջ եկել․ հրապարակում Խորհրդարանն ու իր կառավարությունը, ստվերի մեջ՝ կուսակցությունն ու իր օրգանները։
Հասկանալի է, որ այդ երկու կարգի իշխանությունները՝ պաշտոնականն ու անպաշտոնը, կարող էին միայն խանգարել ու կաշկանդել մեկը մյուսին․ ձևական պահանջները թույլ չէին տալիս, որ կուսակցությունը ազատ ու արագորեն շարժվի, իր կամքը լրիվ արտահայտի, իսկ կուսակցության միջամտինը թույլ չէր տալիս, որ կառավարությունը իր գիտցածն անի, իր գիծը տանի”։
Ըստ երևույթին նման վիճակն անխուսափելի էր․ ժողովրդավարական քաղաքական-պետական համակարգի ձևավորումը դյուրին խնդիր չէր։ Վարչապետը ճիշտ էի պատկերացնում դրա լուծումը․ իշխանության գլուխ անցած կուսակցությունը չպետք է մենիշխանություն հաստատի, այլ պետք է ասպարեզը թողնի խորհրդարանին և կառավարությանը։
Սակայն Հ․ Քաջազնունուն չհաջողվեց իրականացնել իր տեսակետը և հաղթահարել կուսակցության ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում։ Հետևանքը եղավ այն, որ նրան մեկուսացրին պետական կառավարման գործընթացից։ Այդ առիթով Ռուբեն Տեր Մինասյանը գրում է․ “Քաջազնունու ․․․բացակայությունը- ըստ էության հեռացումը — կնշանակեր դաշնակցության ազդեցության ուժեղացումը”։ Ավելին, նա հեռացվեց անգամ երկրից․ 1919 թ․ փետրվարի 4-ին Հայաստանի խորհուրդը ընդունեց օրենք՝ մինիստր-նախագահ Հ․ Քաջազնունուն Եվրոպա և Ամերիկա գործուղելու մասին՝ Հայաստանի Հանրապետությանը հաց, պարեն և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հայթհայթելու համար։ Սակայն անգլիական հրամանատարության կողմից մուտքի արտոնությունը միտումնավոր ձգձգվելու պատճառով Հ․ Քաջազնունին կարողացավ Ամերիկա մեկնել միայն 1919 թ․ մայիսի 29-ին։
Հանրապետությունում ստեղծված ներքին և արտաքին քաղաքական բարդ իրադրությունը ժողովրդի մեծամասնության շրջանում անվստահության մթնոլորտ էր ձևավորել անկախ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Արևելահայերի մեծ մասի համար անկախությունը անհասկանալի, արհամարհելի և անբովանդակ խոսք էր․ “Ռուսահայ գյուղացին և քաղքենի մանր բուրժուան, — գրում է Ա․ Ջամալյանը, — որոնք վերջին տարիների վերիվայրումներից շատ էին տուժել և տնտեսապես ծանր վիճակի մեջ էին գտնվում՝ երազում էին Ռուսաստանի վերադարձի մասին, որ իր հետ պիտի բերեր էժան հաց, շաքար, կերպասեղեն և կյանքը նորից դարձներ այնքան դյուրալի, ինչպես առաջ”։
Գրիգոր Չալխուշյանի հավաստմամբ՝ անկախացման առաջին ամիսներին Հայաստանում ոչ ոք չէր հավատում, որ անկախությունը մնայուն է։ Ժամանակի հարց էր թվում նրա գոյությունը, որովհետև պետությունը խարխուլ էր։ Արևելահայերը հավատացած էին, որ վերջիվերջո ռուսը պիտի գա և տիրի իրենց նահանգին, իսկ արևմտահայերի համար Հայաստանը Անատոլիան էր։ Հայաստանի խորհրդի առանձին անդամներ նույնիսկ չէին ընդունում անկախ Հայաստանի գոյությունը, պահանջում էին երկրի վերամիավորումը Ռուսաստանին։ Օրինակ՝ 1918 թ․ օգոստոսի 6-ին Հայաստանի խորհրդի չորրորդ նիստում պատգամավոր Ս․ Մամիկոնյանը, դիմելով խորհրդարանականներին, հարցնում է․ “Արդյո՞ք հենց Հայաստանի Հանրապետության գոյությունը ինքնին մի կատասրոֆա /աղետ/ չէ”։ Դեմ արտահայտվելով երկրի անկախությանը՝ Ս․ Մամիկոնյանը պահանջում է “վերականգնել միությունը Ռուսաստանի հետ”։
Կարծում ենք՝ պատահական չէր, որ Հայաստանի Հանրապետության գոյության առաջին շրջանում Հայաստանի խորհուրդը և կառավարությունը նպատակահարմար չհամարեցին պաշտոնապես ընդունել երկրի անկախության հռչակագիրը, իսկ դա, ըստ Ս․ Վրացյանի, նաև առիթ տվեց “մտածելու մեր կասկածոտ հարևաններին․ — և ոչ միայն հարևաններին /նկատի ուներ նաև Ռուսաստանին/, որ հայերը կողմնակից չեն անկախության”։ Բնականաբար, հանրապետության արտաքին անկայուն, անորոշ, բարդ վիճակն էլ իր բացասական ազդեցությունը ունեցավ երկրի ներքին կյանքի վրա՝ ավելի այն ծանրացնելով։
Ինչպես հայտնի է, ցանկացած պետության արտաքին քաղաքականություն նրա ներքին քաղաքականության շարունակությունն է, ներքին կացության արտացոլումը և կոչված է լուծելու իր առջև ծառացած խնդիրները, միջազգային նպաստավոր պայմանները օգտագործելու ի շահ իր երկրի։ Այս առիթով Հ․ Քաջազնունին նշում էր․ “․․․Ես կհետևեմ մի գերակա սկզբունքի՝ հաստատել բարիդրացիական հարաբերություններ հարևան պետությունների հետ, բոլոր հնարավոր միջոցներով խուսափելով նրանց հետ ընդհարումից։ Դա թելադրված է այն հանգամանքով, որ մեր ժողովրդին, մեր երկրին անհրաժեշտ է հանգիստ, անհրաժեշտ է խաղաղություն, թեկուզ և անկայուն։ Մենք հյուծված ենք, ուժասպառ և ի վերջո կազմալույծ։ Մենք ընդունակ չենք ուժերի հետագա լարման, մենք չենք դիմանա նոր փորձությունների։ Արտաքին իրավիճակի ցանկացած նոր բարդացում սպառնում է մեզ անխուսափելի և վերջնական կործանմամբ։ Մենք ջախջախված, պարտված կողմ ենք։ Մենք դա պետք է հստակ գիտակցենք, միշտ հիշենք և քաջություն ունենանք համապատասխան եզրակացություններ անելու։
Այս պահին մենք կարող ենք ունենալ մեկ նպատակ՝ փրկել հայ ժողովրդի բեկորները և հերոսական փորձ անել դեռևս մեր ձեռքին մնացած փոքր տարածքի վրա պետություն հիմնել։ Այս գիտակցությունը պետք է դառնա մեր ներկայիս արտաքին քաղաքականության անկյունաքարը”։