Մարսողական օրգանների հիվանդություններն են ՝

Ստամոքսաղիքային հիվանդություններ

Ստամոքսի աղիքային հիվանդությունները հաճախ առաջանում են հիվանդաբեր մանրէների ազդեցության հետևանքով: Այդպիսի մանրէներն օրգանիզմ կարող են թափանցել ջրի, ոչ լավ լվացված բանջարեղենի, մրգերի, ինչպես նաև կեղտոտ ամանեղենի և չլվացված ձեռքերի միջոցով: Աղիներում այդ մանրէները բազմանում, արտադրում են թունավոր նյութեր և պատճառ դառնում օրգանիզմի թունավորմանը:

Ամենից հաճախ հանդիպող ստամոքսաղիքային հիվանդություններից են դիզենթերիան, որովայնային տիֆը, խոլերան: Այդ հիվանդությունները դրսևորվում են, սովորաμար, ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ և այդպիսի դեպքերում պետք է շուտափույթ դիմել բժշկի օգնության:

Ստամոքսաղիքային հիվանդությունների փոխանցողները համարվում են ճանճերը և այն միջատները, որոնք սնվում են սննդի մնացորդներով: Միջատները բավականին արագ են բազմանում: Այդ պատճառով հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է սննդամթերքը պահել սառնարանում, խնամքով լվանալ:

Ստամոքսաղիքային հիվանդությունները հաճախ կոչվում են ոչ մաքուր, կեղտոտ ձեռքերի հիվանդություններ: Նրանց հարուցիչներն ընկնում են սննդամթերքների, որտեղից և ձեռքերի վրա և ապա բերանի խոռոչ:

Խոլերայի հարուցիչ

Խոլերայի հարուցիչի բակտերիան ունի ստորակետի ձև: Այն բավական կայուն է հատկապես ջրային միջավայրում, սակայն հեշտությամբ մահանում է քլորակրի ազդեցությունից: Այդ պատճառով խոլերայի համաճարակների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործվող ջուրը, կաթը եռացնել, ուտելուց առաջ ձեռքերը մշակել քլորակրի լուծույթով և ապա լավ լվանալ մաքուր ջրով: Խոլերան հաճախ դրսևորվում է վարակից 2- 3 օր հետո:

Խոլերայի հարուցիչներն ընկնելով բարակ աղի, արագորեն բազմանում են, արտազատում են թույն, որն առաջացնում է լուծ, երբեմն արյունախառն արտաթորանքով: Այդ ընթացքում օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր և հանքային աղեր: Հիվանդին կարելի է փրկել միայն հակաբիոտիկներ օգտագործելու միջոցով:

Աղեստամոքսային հիվանդություններ

Աղեստամոքսային հիվանդություններից հաճախ հանդիպում է դիզենթերիան, որով մարդը վարակվում է հիվանդության հարուցիչներով վարակված սննդանյութեր օգտագործելիս: Հարուցիչը ախտահարում է հաստ աղին, դրա փոխանցողները ճանճերն են: Վարակից 2- 3 օր հետո հիվանդի ջերմությունը բարձրանում է, մկաններում և հոդերում առաջանում են ցավեր, խանգարվում է աղիների ֆունկցիան:

Մարդու համար չափազանց վտանգավոր են բոտուլիզմի հարուցիչները, որոնք ապրում են խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ձիերի, կրծողների աղիներում, սակայն, նրանց մոտ որևէ հիվանդության ախտանիշ չի հայտնաբերվում: Հողի մեջ ընկնելիս, տարածվում են մրգերի, բանջարեղենի վրա և դրանցից օգտվող մարդուն վարակում բոտուլիզմով: Այդ հիվանդության մանրէները կարող են արագ բազմանալ: Դրանց սպորները չափազանց կայուն են, կարող են ոչնչանալ միայն մի քանի ժամ եռացնելուց հետո: Այդ է պատճառը, որ հիվանդությամբ ավելի հաճախ վարակվում են պահածոներ, սնկեր, ձկնեղեն օգտագործողները: Բոտուլիզմ հիվանդությունը սովորաբար զարգանում է վարակված սնունդ ընդունելուց 12- 24 ժամ հետո: Դիտվում է գլխացավ, սրտխառնոց, փսխում, ավելի ուշ 1- 2 օր հետո խանգարվում է նաև տեսողությունը:

Ճիճվային հիվանդություններ

Ճիճվային հիվանդությունների հարուցիչները հաճախ տեղակայվում են մարդու և կենդանիների աղիներում, իսկ երբեմն էլ այլ օրգաններում: Նրանք չափազանց բեղուն են, արտազատում են հսկայական քանակությամբ ձվեր, որոնք ընկնելով սննդամթերքների վրա, կարող են դառնալ վարակի աղբյուր:

Մակաբույծ որդերի հիվանդություններ

Մակաբույծ որդերով վարակված հիվանդների մոտ դիտվում է արագ հոգնածություն, հաճախակի գլխացավեր, սրտխառնոց, փսխումներ, կարող է զարգանալ սակավարյունություն ՝ անեմիա: Վարակը այդ որդերով տեղի է ունենում ոչ մաքուր ձեռքերի, ոչ լավ լվացված մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև ընտանի կենդանիների հետ շփման միջոցով: Որոշ մակաբույծ որդերով (երիզորդ) մարդը կարող է վարակվել վատ եփած մսամթերք, ձկնեղեն օգտագործելիս: Ամենից հաճախ մարդը վարակվում է սրատուտով, ասկարիդով, երիզորդով, որոնք չափազանց բեղուն են և արագ են բազմանում: