Հրամայական եղանակ
Հրամայական եղանակի երկրորդ դեմքի եզակի թիվն արտահայտվում է բայահիմքի միջոցով։
Օր․ git — գնա՛; oku — կարդա՛; yaz-գրի՛ր; konuş — խոսի՛ր․
Եզակի թվի երրորդ դեմքում բայահիմքին կցվում են — sın, sin, sun, sün — ածանցները։
Օր․ gitsin — թող գնա՛; okusun — թող կարդա՛; yazsın — թող գրի՛; konuşsun — թող խոսի՛․
Հրամայական եղանակի երկրորդ դեմքի հոգնակի թիվը կազմվում է բայահիմքին կցվող — ınız, iniz, unuz, ünüz — ածանցների միջոցով։ Եթե բայահիմքը վերջանում է ձայնավոր հնչյունով, ապա նրա և վերոհիշյալ ածանցների միջը առաջանում է — y — հնչյունը (yınız, yiniz, yunuz, yünüz)։ Խոսակցական լեզվում և գեղարվեստական գրականության մեջ հրամայական եղանակի երկրորդ դեմքի հոգնակի թվի ածանցը հաճախ կիրառվում է — ın, in, un, ün — (այսինքն կրճատ)։
Օր․ yazın(ız) — գրեցե՛ք ; gidin(iz) — գնացե՛ք; gülün(üz) — ծիծաղեցե՛ք ; başlayın(ız) — սկսե՛ք
Հրամայական եղանակի երրորդ դեմքի հոգնակի թիվը կազմվում է բայահիմքին կցվող — sınlar, sinler, sunlar, sünler — ածանցների միջոցով։
Օր․ yazsınlar — թող գրե՛ն; gitsinler — թող գնա՛ն; gülsünler — թող ծիծաղե՛ն; başlasınlar — թող սկսե՛ն․
Հրամայական եղանակի ժխտականը կազմվում է բայահիմքին — ma, me — ժխտման ածանցի կցմամբ։ Շեշտն ընկնում է ժխտման ածանցին նախորդող վանկի վրա։
Օր․ yazma — մի՛ գրիր; gitme — մի՛ գնա; bulmasın — թող չգտնի՛ ; gülmesin — թող չծիծաղի՛ ; yazmayın/ız/ — մի՛ գրեցեք; gitmeyin/iz/ — մի՛ գնացեք; bulmasınlar — թող չգտնե՛ն; gülmesinler — թող չծիծաղե՛ն
Բայի անորոշ ձևը
Թուրքերենում բայի անորոշ ձևը ( անգլերենում infinitive ) կազմվում է բայահիմքին — mak, mek — ածանցի կցմամբ։ Բայահիմքը արտահայտում է հրամայական խոնարհման երկրորդ դեմքի եզակի թիվը։
Օր․ al — վերցրու; almak — վերցնել; gel — արի; gelmek — գալ; oku — կարդա; okumak — կարդալ; bekle — սպասիր; beklemek — սպասել․
Բայի անորոշ ձևի ժխտականը կազմվում է — ma, me — ժխտման ածանցների միջոցով։ Ժխտական խոնարհման դեպքում շեշտն ընկնում է բայահիմքի վերջին, այսինքն ժխտման ածանցին նախորդող վանկի ձայնավորի վրա։
Օր․ almak — վերցնել; almamak — չվերցնել; okumak — կարդալ; okumamak — չկարդալ; gelmek — գալ; gelmemek — չգալ; konuşmak — խոսել; konuşmamak — չխոսել․